Արմեն Աշոտյան. յուրաքանչյուր երեխա պետք է ապահովվի իրեն համապատասխան կրթական ծառայություններով
Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի, ինչպես նաև Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր կազմակերպել էին խորհրդարանական լսումներ՝ «Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով:
««Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը կարծես նոր զարկ տվեց խոցելի խմբերի երեխաների կրթական իրավունքների պաշտպանությանն ուղղված քննարկումներին»,- ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ օրենքի նոր նախագիծը թույլ է տալիս Հայաստանում իրականացնել հեղափոխական և հավակնոտ ծրագիր: «Իրականում Հայաստանում երեխայի կրթության իրավունքի հարցում արձանագրվել են լուրջ փոփոխություններ. ներառական կրթության մոդելը ոչ միայն ներքին սպառման, կրթական ծրագրերի ներքին շուկայի համար է հետաքրքիր, այլև այն կարող է նաև արտահանվել, քանի որ հայաստանյան փորձը հետաքրքրել է ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նա հավելել է, որ օրենսդրական փաթեթը ենթադրում է նաև լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ և ֆինանսական մեծ հատկացումներ: «Մենք պետք է չունենանք ոչ մի բարոյական սահմանափակում, կաղապարներ՝ հաշմանդամ երեխաների կողքին առողջ երեխաներ տեսնելու հարցում: Ցավոք, հոգեբանական նման կարծրատիպեր դեռևս գոյություն ունեն»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նա նշել է, որ յուրաքանչյուր երեխա Հայաստանում պետք է ապահովվի իրեն համապատասխան կրթական ծառայություններով: Խոցելի խմբի երեխաներին ներառելու խնդիրը ոչ այնքան կրթական, որքան երեխաների ապագայի արժանապատվության խնդիր է:
«Հասարակությունից մերժված երեխան ամոթն է հայ հասարակության, բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են նրանց համար լավ պայմաններ ստեղծելու համար»,- ամփոփել է Արմեն Աշոտյանը:
ԱԺ խորհրդարանական լսումները կազմակերպվել են «Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի» նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել