«Պատասխանատվությունն Էջմիածնի քաղաքապետարանինն է»
Քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, հետևաբար այդ իրավունքի իրականացման համար քաղաքացիները պետք է ապահովված լինեն ինչպես միջքաղաքային, այնպես էլ ներքաղաքային երթուղիների փոխադրամիջոցներով: Այնինչ հանրապետության 4-րդ խոշոր քաղաքում՝ Էջմիածնում մենք չենք տեսնում ներքաղաքային երթուղիներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում այս մասին տեղյակ են: Տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ասում է. «Պատասխանատվությունն Էջմիածնի քաղաքապետարանինն է: Քաղաքի ներքին երթուղիների կազմակերպման հարցերով զբաղվում են քաղաքապետարանները»:
Էջմիածնում մինչ այժմ չձևավորված ներքաղաքային երթուղիների հանգամանքը կարող էր բացատրվել այն հնարավոր պատճառաբանությամբ, թե երթուղիների ստեղծումը տնտեսական առումով ձեռնտու չէ, այսինքն` այն ընկերությունները, որոնք իրենց վրա կվերցնեն ներքաղաքային երթուղիները տրանսպորտոյին միջոցներով ապահովելու և այդ տրանսպորտային միջոցներով քաղաքացիների տեղափոխությունը կատարելու գործը, ավելի շատ գումար կծախսեն, քան կաշխատեն: Սա հնարավոր պատճառաբանություններից մեկը կարող էր լինել, եթե հաշվի չառնեինք մի «բայց». ըստ կարգի՝ քաղաքի տրանսպորտի հարցերով առաջինը սկսում է զբաղվել քաղաքապետարանը. նախ՝ երթուղիներն է մշակում, ապա՝ հայտարարում մրցույթներ: Մրցույթում որոշվում են հաղթող ընկերություններն ու անցնում գործի: Վերջին անգամ ե՞րբ է Էջմիածնի քաղաքապետարանը երթուղիներ կազմել ու մրցույթ հայտարարել, որին մասնակցելու և շահելու ցանկություն չի ունեցել ոչ մի ընկերություն: Տրանսպորտի և կապի նախարորությունում ասում են` նման փորձեր ամենայն հավանականությամբ եղել են, իսկ ահա ե՞րբ` չեն հիշում:
Քաղաքը հանրային տրանպորտով ապահովելու գործում քաղաքապետարանի անգործությունն ավելի անհասկանալի է դառնում, երբ պարզվում է, որ քաղաքապաետարանին վերապահված աշխատանքները գրեթե ծախսեր չեն պահանջում: Դավիթ Մելքոնյանն ասում է. «Այստեղ միակ պահանջը հայտարարությունն է «Հայասատանի Հանրապետություն» օրաթերթում, սեփական ինտերնետային կայքէջում, ինչպես նաև կառավարության պաշտոնական հայտարարությունների կայքէջում: Ծախսը երևի թե միայն դրանով է պայմանավորված: Կառավարության պաշտոնական հայտարարությունների կայքէջում հայտարարություն տեղադրելը, ինչքան գիտեմ, անվճար է, իսկ «Հայսատանի Հանրապետությունում» որոշակի գումար պետք է վճարվի»:
Ներքաղաքային երթուղիների շահագործման ձեռնտու չլինելու պատճառաբանությունն անհիմն է դառնում ևս մի փաստարկով. մարզում Արմավիր քաղաքն արդեն ունի ներքաղաքային ցանցի ձևավորման հաջողված փորձ: Արմավիրը Էջմիածնից փոքր է գրեթե 4-5 անգամ, իսկ այնտեղ ամեն օր քաղաքացիներին սպասարկում են շուրջ 10 երթուղիներով: Ստացվում է 32000 բնակչությամբ Արմավիր քաղաքում ներքաղաքային երթուղիներն աշխատում են, իսկ 51000 բնակչությամբ Էջմիածնում չեն կարող աշխատել: Այս համեմատությունը թույլ է տալիս ենթադրել, որ Էջմիածնում կամ չեն ցանկանում ստեղծել ներքաղաքային երթուղիներ, կամ չեն կարողանում մշակել ճիշտ երթուղիներ: «Այստեղ մի քիչ աշխատանքի խնդիր կա` արդյունավետ երթուղային ցանցի ձևավորման խնդիր: Երթուղին պետք է տնտեսապես հիմնավորված լինի: Պետք է համապատսխան ուղևորահոսք լինի, որ ձևավորվի երթուղին, այսինքն` մի քիչ տարբեր տիպի շեղումների հետևանքով կարելի է ձևավորել երթուղի, որը կլինի տնտեսապես հիմնավորված և հետաքրքրություն կներկայացնի փոխադրումներ իրականացնող կազմակերպության կողմից ներգրավելու համապատասխան տրանսպորտային միջոցներ և մասնակցելու մրցույթին»,- ասում է Մելքոնյանը:
Էջմիածինն ունի 2 տասնյակ միջնակարգ դպրոցներ, երաժշտական, մարզական դպրոցներ, գրադարաններ, պոլիկլինիկա, 4 հիվանդանոց, կապի հանգույց, էլեկտրատեխնիկական սարքավորումների, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ և քաղաքացիներ, որոնք իրենց քաղաքում աշխատանքի, դասի գնալու համար ստիպված են լինում օգտվել տաքսիների ծառայությունից՝ ամեն անգամ վճարելով առնվածն 600 դրամ` միայն մեկ ուղղության համար: Եթե սրան գումարենք նաև վերադարձի արժեքը, ստացվում է` ամեն էջմիածնեցի իր քաղաքի մի կետից մյուսը տրանսպորտային միջոցով տեղափոխվելու, ապա վերադառնալու համար ծախսում է առնվազն 1200 դրամ: Թանկ չէ՞.... այն դեպքում, երբ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը կարելի է գնալ-գալ ընդամենը 200 դրամով: Գուցե ժամանա՞կն է հարցին վերաբերվել լրջորեն:
Անահիտ Դարբինյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել