HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի իշխանությունները ընտրակեղծիքներին նոր տեսք են հաղորդել

Վաշինգթոն/Լոս Անջելես/Երևան: Ընթացիկ տարվա սկզբին, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության աճող ճնշման ներքո, 2012 թվականի խորհդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկեց ընտրակեղծիքները և աղավաղումները նվազեցնելու նպատակով: Այնուամենայնիվ, համաձայն ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպության հատուկ զեկույցի` իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին, պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և լավ թաքցված կեղծարարական միջոցների: 

«Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» զեկույցը խորքային վերլուծություն է պարունակում ընտրություններին նախորդած քաղաքատնտեսական և օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև ամփոփում է առանցքային շահառուների՝ ընդդիմադիր կուսակցությունների, միջազգային դիտորդների, տեղական քաղաքացիական հասարակության խմբերի արձագանքները նշված ընտրությունների արդյունքների առնչությամբ: 

Այս զեկույցը նման այլ զեկույցներից շահեկանորեն տարբերվում է վերլուծաբանների կողմից իրականացված վիճակագրական մի շարք թեսթերով, որոնք համահունչ են շահառուների արձագանքների հետ: Այս վիճակագրական արդյունքները վկայում են շարունակական և ռազմավարական բնույթ կրող ընտրակեղծիքների մասին և բացահայտում են այս արատավոր գործնեության հիմնական շահառուին, որն է իշխող կուսակցությունը: 

Մեկնաբանելով զեկույցի արդյունքները՝ Լոնդոնում գործող Արտաքին քաղաքականության կենտրոնի (Foreign Policy Centre) քաղաքականության գծով տնօրեն Ադամ Հագը նշում է. «Այս կարևոր և մանրամասն զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի ընտրությունները ազատ և արդար որակելու համար: Մասնավորապես վիճակագրական վերլուծության արդյունքները կարծես թե ցույց են տալիս, որ ընտրությունների կազմակերպիչները հաջողությամբ կարողացել են հարմարվել օրենսդրական փոփոխություններին և արտաքին ճնշմանը (Հայաստանից արտագաղթած քաղաքացիների տվյալների ապօրինի օգտագործման և ձայների հաշվարկի ընթացքում իրականացված խախտումների միջոցով), ինչը խորապես մտահոգիչ է: Հայաստանը պետք է բարելավի ընտրական գործընթացները ապագա ընտրական արդյունքների նկատմամբ միջազգային հանրության և, որ ամենակարևորն է, Հայաստանի հասարակության վստահությունը ձեռք բերելու համար»:   

PFA-ի ավագ փորձագետ Արմինե Իշխանյանը՝ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցից (London School of Economics), շարունակում է, նշելով. «Հմտորեն թաքցվող ընտրակեղծիքների միջոցների և լծակների շարունակական կատարելագործումը արտաքին դիտորդների համար դժվարեցնում են կեղծիքների կոնկրետ դրսևորման բացահայտումն ու արձանագրումը: Սա ընտրակեղծիք 2.0 է (նոր սերնդի ընտրակեղծիք): Զեկույցի հեղինակները կիրառել են հետազոտության և վերլուծության առկա բոլոր գործիքները այս ընտրակեղծիքների վրա լույս սփռելու և հանրությանը Հայաստանում ընտրակեղծարարության կենդանի  և  բարվոք լինելու մասին վիճակագրական հիմնավորումներ տրամադրելու համար: Կարևոր հարցը հետևյալն է. ինչպիսի՞ն են գալիք նախագահական ընտրությունների հեռանկարները»: 

PFA-ի խորհրդի անդամ, լոսանջելեսաբնակ փաստաբան Էդգար Մարտիրոսյանը նշում է, որ ազատ և արդար ընտրությունները ինքնանպատակ չեն: «Ավելի լավ ընտրությունները հավանական է, որ կապահովեն ավելի լավ կառավարում և ավելի ամուր հասարակական համախմբվածություն», - պնդում է նա: «Եվ միջազգայնորեն ընդունված եզրակացություն է, որ լավ կառավարումը տնտեսական զարգացման և առաջընթացի հիմնական շարժիչ ուժն է զարգացող երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter