HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարալիկն սկսել է քաղաքի նմանվել

Շիրակի մարզի բնակչության թվաքանակով 3-րդ քաղաքը Մարալիկն է: Անիի նախկին շրջկենտրոնը քաղաքի կարգավիճակ ստացել է 1996թ.-ին: Թե' խորհրդային տարիներին, թե' ներկայումս համայնքի բնակչությունը տատանվում է 6-7 հազարի սահմաններում: Երկրաշարժից հետո այստեղ բավական տխուր պատկեր էր գրանցվել`համատարած գործազրկություն, ներդրումների եւ զարգացման ծրագրերի բացակայություն, արտագաղթ: Վերջին երկու տարիներին, մարալիկցիների համոզմամբ` Մարալիկը սկսել է քիչ-քիչ քաղաքի նմանվել:

«Քաղաքային պուրակ ունենք արդեն, ուր ամառները հաճույքով էնտեղ նստում ենք: Իրիկունները փողոցները լուսավորվում են: Հարեւան-բարեկամի տուն էրթալուց էլ ստիպված չենք բատառեյկով ման գալ, սկսել են փողոցները մաքրել, էդ էլ շատ դրական քայլ է մեր քաղաքի համար: Էս վերջերս էլ խմելու ջրի հարցը կարգավորվեց: Թե չէ առաջ ի՞նչ էր վիճակներս, օրումեջ ջուր կուտային, էն էլ 3 ժամով»,- թվարկում է Մարալիկի բնակիչ Կարապետ Մելքոնյանը:

Վերջինս նաեւ նշում է, որ ամեն ինչ չէ քաղաքում կարգավորվել, կանգառներ չկան քաղաքում: «Կկանգնին մարդիկ փողոցի վրա, տրանսպորտի կսպասեն քամուն ու անձրեւին, արեւից չեն կրնա պաշտպանվի, գոնե մի 3-4 հատ կանգառ էղներ էս գլխավոր փողոցի վրա: Ես դաժե գյուղերում եմ տեսել, օր կանգառներ են դրել, բա մեր քաղաքը չունենա՞»,- ավելացնում է զրուցակիցս:

Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը չի ժխտում, որ սպասարանների բացակայությունը քաղաքում բնակիչների համար անհարմարություններ է ստեղծում միջհամայնքային տրանսպորտին սպասելիս: Մարալիկում քաղաքային տրանսպորտ չի աշխատում, բնակավայրը փոքր է, մարդիկ տեղաշարժվում են ոտքով կամ սեփական մեքենաներով: Մի քանի սպասարաններ տեղադրելու անհրաժեշտություն կա քաղաքի միջով ձգվող միջհամայնքային ճանապարհի երկարությամբ: Մարալիկցիները հատկապես Գյումրի-Մարալիկ-Սառնաղբյուր ուղերթին սպասելիս սովորաբար կանգնում են փողոցում`խուսափելով ծայրամասից հասնել քաղաքի կենտրոնում գտնվող ավտոկայան:

Համայնքի ղեկավարը մեկ-երկու տարի առաջ սպասարանների հետ կապված որոշակի հաշվարկ մասնագետների հետ արել է: Ասում է` թանկ հաճույք է: Որոշ գյուղական համայնքներում, եթե սեփական եկամուտների հաշվին 400-500 հազար դրամ արժեցող մեկ-երկու սպասարաններ կարողանում են տեղադրել, ապա Մարալիկ քաղաքի համար անհրաժեշտ 10 սպասարանն արդեն իսկ 5 մլն դրամի ներդրում է ենթադրում:

«Մեր բյուջեն 108 մլն դրամ է, որից 37 մլն դրամն է սեփական եկամուտները,- ասում է քաղաքապետ Արտակ Գեւորգյանը,- պետությունը դոտացիան տալիս է գույքահարկի բազայի եւ ըստ բնակչության թվի, ու այս առումով մենք կարող ենք զիջել գյուղական բնակավայր համարվող Ախուրյանին, որտեղ 10 հազար մարդ է ապրում: Համեմատությունը եթե տանենք մեր տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի հետ, ապա 70 մլն դրամ բյուջե ունեցող այս համայնքն ավելի շատ գործ կարող է անել, քան մենք»: Մարալիկի քաղաքապետն այս հանգամանքը բացատրում է քաղաքային համայնքների համեմատությամբ գյուղական ենթակայության կառույցների սակավաթիվ լինելով:

«Բնականաբար, Սառնաղբյուրի բյուջեից այդքան գումար չի տրամադրվում աշխատավարձերին, կառույցների պահպանությանը, որքան մեր կողմից, դրա համար էլ նրանք սեփական եկամուտների հաշվին ավելի շատ գործ կարող են անել, քան մենք»,- պարզաբանում է Արտակ Գեւորգյանը:

Մշակույթի տուն, գրադարան, արվեստի եւ երաժշտական դպրոցներ, սպորտ դպրոց, մանկապարտեզ, կոմունալ ծառայություն, աշխատակազմ եւ այլն, կառույցներ, որոնք սնվում են համայնքի բյուջեից` կլանելով ընդհանուր գումարի մոտ 60%-ը: Մարալիկի բնակչուհի  57-ամյա Զոյա Սարգսյանին այս հաշվարկները, բնականաբար, անծանոթ են: Նա, որպես համայնքի բնակիչ, ցանկանում է տեսնել դրական տեղաշարժեր` համարելով, որ կառավարության երկարամյա լռությունից ու անտարբերությունից հետո մարալիկցիներն արժանի են ուշադրության:

«Երկրաշարժից առաջ աշխատանքի հետ կապված ըստեղի ապրողներն ընդհանրապես պրոբլեմ չունեին. լամպերի գործարանը, մանվածքայինը կաշխատեին, պանրի գործարան ունեինք, խանութներ կային: Հիմի Մարալիկն անգամ քաղաքային շուկա չունի: Խանութների տեղը բուտկեք են դրած: Մի հատ սուպերմարկետ ունինք: Սպասարկման ոլորտը գյուղականից հեչ չի տարբերվի, ինչխոր հեչ քաղաք չապրինք»,- ասում է Զոյա Սարգսյանը: Նա նշում է, որ քաղաքը մի մանկապարտեզ ունի, ուր նաեւ իր թոռնիկն է հաճախում, բայց վարձը իրենց նման «նպաստառու, թոշակառու, չաշխատող մարդու» համար թանկ է`ամիսը 6 հազար դրամ: Եթե մի երկու մանկապարտեզ ավել ունենային, ընտրելու հնարավորություն կունենային:

Քաղաքի միակ մանկապարտեզ հաճախում են 120 մանկահասակ երեխա: Քաղաքապետարանը տարեկան 5 մլն դրամ գումար է տրամադրում կառույցին գործառույթներն իրականացնելու համար: Արտակ Գեւորգյանի հավաստմամբ` մանկապարտեզի ղեկավարությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար զեղջեր է կիրառում: Երկրորդ մանկապարտեզ ունենալու անհրաժեշտություն, եթե վաղ անցյալում կար, ապա հիմա հրաժարվել են այդ մտքից` դպրոցներին կից բացվող նախակրթարանները լուծելու են այդ խնդիրը:

Համայնքային նշանակության որեւէ կառույցի հետ կապված ծրագիր իրականացնելիս թե' գյուղական, թե' քաղաքային համայնքի ղեկավարները բախվում են նույն խնդրին: Արտակ Գեւորգյանն ասում է, որ քաղաք ղեկավարել, դեռ չի նշանակում ավելի շատ ներդրումային ծրագրեր բերել համայնք: «Մենք, եթե ցանկանում ենք որեւէ ծրագիր իրականացնել համայնքային ենթակայության տակ գտնվող կառույցների համար ու դրա համար Կառավարությանն ենք դիմում, մեզ պատասխանում են, որ դրանք պետք է համայնքի բյուջեով կատարվեն, իսկ դա, հիմնականում, անհնար է: Բոլորս էլ դոնոր կազմակերպություն գտնելու եւ համաֆինանսավորմամբ ինչ որ մի բան անելու խնդիր ունենք»,- բացատրում է Արտակ Գեւորգյանը:

2010թ.-ին «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հետ կնքած 4-ամյա համագործակցության հուշագիրը Մարալիկ համայնքի ղեկավարի համար վերջին տարիների կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է: Մեկ տարվա ընթացքում կազմակերպության տրամադրած գումարներով եւ համայնքային ներդրմամբ հնարավոր է եղել մանկապարտեզի եւ երաժշտական դպրոցի ջեռուցման խնդիրը լուծել: Վերանորոգվել են արվեստի դպրոցի դահլիճն ու դասասենյակները, երկրաշարժից հետո կառուցված թաղամասում կարողացել են հին հենասյուները փոխարինել նորով եւ 28 կետ գիշերային լուսավորության ցանց անցկացնել:

Արտակ Գեւորգյանի հավաստմամբ` Մարալիկը գիշերային լուսավորության ցանցի խտությամբ առաջատարներից է հանրապետությունում: Քաղաքում 500 կետ ունեն եւ նորմալ սպասարկում են իրականացնում: Դժվարանում են ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել, սակայն ձգտում են փոսային նորոգումներով խնդիրը մի փոքր մեղմել: 

Վերջերս Մարալիկը զրկվեց քաղաքային հիվանդանոցից, որը զայրացրեց բնակիչներին, բայց քանի որ այն համայնքային ենթակայության կառույց չէր, ճարահատյալ համակերպվեցին Առողջապահության նախարարության որոշման հետ:

«Աստված չանի հիվանդանանք, պիտի անպայման հասնենք Գյումրի կամ Արթիկ,-դժգոհում է Ասյա Կարապետյանը,- մարալիկցիներիս համար էդպես էլ հարցական մնաց, թե հիվանդանոցի ստացիոնար մասն ինչի՞ փակեցին, մեզ թողեցին պոլիկլինիկայի հույսին: Քաղաքապետն էլ չկարողացավ որեւէ բան անել, նախարարությունն էր որոշողը»: Ասյա Կարապետյանը խոսելով քաղաքում առկա խնդիրներից, նշեց երիտասարդության համար ժամանցի վայրերի պակասի եւ երեխաների համար նախատեսված մանկական հրապարակների բացակայության մասին: «Թոռնիկներիս, որ դուրս եմ հանում, չգիտեմ ուր տանեմ,- շեշտում է տիկին Ասյան,- քաղաքային շուկա էլ չունենք, փողոցներից ենք միրգն ու բանջարեղենն առնում: Մեկ էլ լավ կլիներ, եթե աշխատատեղեր բացվեր Մարալիկում, մարդիկ ստիպված չլինեին արտերկիր գնալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter