HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսագիտական համալսարանն առաջին անգամ կղեկավարի Տեմպուսի ծրագիրը. մեկնարկը տրվեց այսօր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ  Տեմպուս 4–ի «Համալսարան – Գործատու հայկական համակարգող գործակալություն» («Արարատ») ծրագրի մեկնարկը, որի առիթով ՀՊՏՀ  էին այցելել ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Գերմանիայի, Իսպանիայի,  Լատվիայի, Իտալիայի Սիցիլիայի և Պալերմոյի կրթական հաստատություններից, ինչպես նաև հայաստանյան բուհերից։

Տեղեկացնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի շահել է Տեմպուսի երեք ծրագիր, որոնցից մեկի՝ այս «Արարատ» ծրագրի դեպքում, դարձել է նաև ծրագրի համակարգողը։ «Արարատը» ազգային եռամյա ծրագիր է և նպատակաուղղված է  համալսարան–գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Ծրագրի մեկնարկի կապակցությամբ ներկաներին շնորհավորեց  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

«Համալսարանները վերակառուցվում են` ըստ նոր մարտահրավերների: Դառնում են ազատ ու ստեղծագործ մտքի բաց հարթակներ` հասարակությանը մատուցելով կրթական, գիտական և այլ ծառայություններ: Գիտելիքի էական զարգացման համար անհրաժեշտ է համալսարանների, մասնավորապես եվրոպական, տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացում կրթության առաջադիմության համար»,- կրթական համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում առանցքային համարելով համալսարանների դերը` ասաց ռեկտորը: Նրա խոսքով` կրթօջախները պետք է դառնան ոչ միայն բաց համակարգեր, այլ կամրջեն կրթությունն ու աշխատաշուկան` այս գործընթացում ընդգրկելով բոլոր շահակիցներին`ուսանողներին, գործատուներին, շրջանավարտներին, ծնողներին, պետական և հասարակական կազմակերպություններին: Ռեկտորի խոսքով՝ ծրագրի գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով՝  ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը և իրականացնել կրթական բարեփոխումներ` ելնելով աշխատաշուկայի պահանջներից:

ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ ԿԳ  նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում  Տեմպուսի ծրագրերին, քանի որ դրանց միջոցով ստեղծվում է մի դաշտ, որտեղ բուհերը կարողանում են համագործակցել: Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարմամբ անցկացվող «Արարատ» ծրագիրը կօգնի նաև կրթության և գիտության նախարարությանը՝ գտնելու բուհ–գործատու կապն ամրապնդող առավել լավ գործիքներ։

Գործընկեր երկրներին և մասնակիցներին ողջունեց Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ համոզմունք հայտնելով, որ լինելով Հայաստանում առաջին այսպիսի ծրագրի համակարգողը՝  ՀՊՏՀ-ն այն հաջողությամբ կհամակարգի և կիրականացնի:   Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի քաղաքականության մշակման և իրականացման վարչության պետ Սուսաննա Կարախանյանը  ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները:

 «Արարատ»  ծրագրի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը` դեկտեմբերի 14-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter