Սյունիքի բոլոր կանայք կարող են աշխատանք ունենալ
«Տանը վեց հոգի ենք: Սկեսուրս, սկեսրայրս, ամուսնուս տատիկն ու պապիկը: Բոլորը մեծեր են: Ամուսնացել եմ, չգիտեմ` օրս ինչպես անցկացնեմ»,- ծիծաղելով պատմում է Սաթենիկ Սաթունցը: Նա Գորիսի «Կանանց ռեսուրս կենտրոնում» հելունով և թելերով խաղալիք օձ էր գործում: Այս տարվա խորհրդանիշն է՝ ասաց ու շարունակեց արագ աշխատեցնել հելունը:
Կենտրոնը մարզի կանանց աշխատանքով ապահովելու իր ծրագիրն ունի` «Ձեռքի աշխատանքների ակումբը», որն արդեն երրորդ տարին է գործում: Այն, ինչ գյուղերում կանայք անում են ձեռքի հետ և ազատ ժամերին, հկ-ն փորձել է դարձնել պարբերական աշխատանք և փող աշխատելու միջոց: Օրինակ` գործել ոչ թե գուլպա, այլ հուշանվեր խաղալիք` նախատեսված վաճառքի համար: «Ինչո՞վ են զբաղվում գյուղի կանայք այս սեզոնին երեկոները: Սովորաբար ինչ-որ բան գործում են` բլուզ, գուլպա… Բայց երբ պետք է գործել ապրանք ինչ-որ տեղ վաճառքի հանելու համար և իրացման խնդիրն էլ լուծված է, հավեսով նստում, անում են, գումարն էլ վաստակում են»,- ասում է Նունե Աղաթելյանը` «Ձեռքի աշխատանքների ակումբի» համակարգողը:
Գուլպայի փոխարեն խաղալիք գործելը հանում է կանանց գործազուրկի կարգավիճակից, բայց դարձնում է ավելի պատասխանատու: Պետք է խաղալիքը ժամանակին գործել. պատվիրատուները հիմնականում արտասահմանից են և պահանջում են չուշացնել պատվերը:
«Ձեռքի աշխատանքների ակումբի» կայացման գործում կենտրոնին աջակցել է «Վորլդ վիժն» հկ-ն և Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթը:
Իրացման հարցերով զբաղվում է հենց Թիմ Սթրեյթը: «Նա շատ լավ մարքեթոլոգ է և գիտի, թե ինչի կարիք կա: Ձեռքի աշխատանքներով շատերն են զբաղվում, բայց թե ինչով կարելի է զարմացնել գնորդներին, սա գիտի Թիմ Սթրեյթը»,- ասում է Նունե Աղաթելյանը: Հյուպատոսն իր կապերի, ծանոթությունների շրջանակն օգտագործելում է պատվիրատուներ գտնելու համար, բայց դրանից առաջ կենտրոնի աշխատակիցներին խորհուրդ է տվել ձեռքի աշխատանքների ոլորտում վերցնել կոնկրետ ուղղություն՝ հուշանվեր խաղալիքներ, և դրանք գործել միանման, որպեսզի առևտուրը լինի մեծածախ: «Թիմ Սթրեյթը Հայաստանի ամբողջ տարածքից մոտ 500 գործազուրկ կանանց է ներգրավվել իր նախաձեռնած ծրագրերում»,- ասում է Նունեն:
«Ճիշտն ասած հելունով մինչև էս ոչ մի բան չէի գործել: Հարսս սովորեցրեց: Սկսնակ էի, հետո պատվերներ ստացանք, եկամուտ ունեցանք… Եթե ինձ չծանրաբեռնեմ, օրական երկու կենդանի կգործեմ: Երեք-չորս կենդանի գործելու համար, պետք է անքուն գիշերներ անցկացնեմ»,- ասում է գորիսեցի Արևիկ Աղաջանյանը և ավելացնում, որ գիշերներն էլ է գործում:
Ծրագրին մասնակցող կանանցից մի քանիսը Հալիձոր և Շինուհայր գյուղերից են, համապատասխանաբար ութ և յոթ հոգի: Նրանք կենտրոն չեն այցելում, պատվիրված խաղալիքները գործում են տանը և ուղարկում : «Երբեմն նաև խորհրդտավություն ստանալու համար գալիս են, ճանապարհածախսը մենք ենք հոգում»,- ասում է Նունեն:
Մեկ խաղալիքի ինքնարժեքը մոտ 1020 դրամ է: Ենթադրվում է, որ այն գործելու աշխատաժամանակը 2-2,5 ժամ է, մեկժամյա աշխատանքը 440 դրամ է գնահատվում: Աշխատաժամանակին՝ մոտ 900 դրամ, գումարվում է թելերի գումարը և ստացվում է խաղալիքի ինքնարժեքը՝ մոտ 1000 դրամ: Կենտրոնը, սակայն, պատվիրատուներին ապրանքը վաճառում է 1500 դրամով, որպեսզի հոգա անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը. խաղալիքը տեղ հասցնելու ճանապարհածախս, փաթեթավորման, նաև թելերի շրջանառու ֆոնդի գումար և այլն: Նունե Աղաթելյանն ասում է, որ ռեսուրս կենտրոնը այս բիզնեսից եկամուտ չունի, նպատակը կանանց աշխատանքով ապահովելն է:
Կանայք մեկ խաղալիքց ստանում են մոտ 1000 դրամ: Օրական 2,5-3 խաղալիք գործելով՝ ամսական ստանում են մոտ 60 հազար դրամ աշխատավարձ՝ ներառյալ թելերի գումարը: Նունեն նշում է, որ կենտրոնը թելեր չունի, կանայք իրենք են գնում մի կնոջից, ով համեմատաբար էժան գնով է բերում Թուրքիայից: Ինչ վերաբերում է սկսնակ գործողներին, նրանց թելեր տրամադրում է կենտրոնը իր շրջանառու ֆոնդից, մինչև կանայք սկսեն եկամուտ ունենալ և կարողնանան իրենք իրենց ապահովել թելերով:
Խաղալիք կենդանիները մեկը մյուսից չեն տարբերվում, կարծես ոչ թե ձեռքի աշխատանք լինեն, այլ գործարանի արտադրանք. ապրանքը հիմանականում գնում են վերավաճառողները, իսկ առևտուրը մեծածախ է: «Պատվիրատուն պահանջում է միանման աշխատանքներ, որովհետև հանձնում են խանութներին: Ինտերնետային կայքերում խաղալիքները դրված են որպես ապրանք, պետք է պահանջները բավարարել, որպեսզի պատվիրատուն տեսնի այն ապրանքը, որ պատվիրել է ինտերնետով»,- ասում է Նունե Աղաթելյանը:
Նայում ենք պատվիրատուների անունների ու նրանց պատվերների քանակի ցուցակը. Նորվեգիայից՝ 465 խաղալիք, Երևանի խանութներից՝ 445, Սան Ֆրանցիսկոյից՝ 48: Եթե կանայք ուզենան, կարող են բոլորն էլ աշխատանք ունենալ՝ ասում է Նունեն: Որովհետև, նրա խոսքով, մեկ հոգին, որքան էլ ուզենա, օրական երեք խաղալիքից ավել չի կարող գործել: Իրացման հարցում որևէ խոչընդոտ չկա, Թիմ Սթրեյթն օգնում է, որ պատվերներն օրեցօր շատանան՝ ասում է Նունեն: Ստացվում է, որ Սյունքի բոլոր կանայք կարող են աշխատանք ունենալ, եթե ուզեն:
Ավելացնում է, որ եկող տարում աշխատողները հավանաբար կաշխատեն ոչ թե ծառայողական, այլ աշխատանքային պայմանագրով: Առայժմ կենտրոնն ունի 45 կին աշխատող, որոնցից 23-ի աշխատանքները դեռ շուկայական չեն:
Կենտրոն այցելության օրը կանանց տրված պատվերների վերջնաժամկետն էր: Նելլի Աղաջանյանն ասաց, որ մատները ցավում են` այնքան է գործել նախորդ օրը: Երևում էր, որ կանանց քունը տանում է և միայն աշխատանքի հնարավորությունն է աշխուժացնում հոգնած ձեռքերը, որ սեղանին հերթով շարեն անհրաժեշտ քանակով, միանման խաղալիքները:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել