Անվճար իրավաբանական օգնություն նաև քաղաքացիական ու վարչական գործերով
Հանրային պաշտպանների թվաքանակը 2013թ.-ին կավելանա եւս 18-ով, նրանք կբաշխվեն հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում: Հանրային պաշտպանների հաստիքների ավելացումը պայմանավորված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում 2011թ.-ին կատարված փոփոխություններով, համաձայն որի` հանրային պաշտպանի գրասենյակն այսուհետ անվճար իրավական օգնություն կտրամադրի նաեւ քաղաքացիական եւ վարչական գործերով: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքն առաջին անգամ սահմանել է նաեւ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը:
Ըստ այդմ` 2013թ.-ից Հանրային պաշտպանի (ՀՊ) գրասենյակը նշված գործերով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի քրեական գործերով` կասկածյալին կամ մեղադրյալին: Քաղաքացիական եւ վարչական գործերով անվճար իրավաբանական օգնությունը կտրամադրվի հետեւյալ սոցիալական խմբերին. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին, դատապարտյալներին, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին, Հայրենական մեծ պատերազմի եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին, գործազուրկներին, միայնակ բնակվող կենսաթոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, փախստականներին, ՀՀ-ում ժամանակավոր ապաստան ստացածներին, անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում:
Հիշեցնենք, որ անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, ով չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաեւ բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը նշեց, որ վերը թվարկված սոցիալական խմբերում ընդգրկված անձինք քաղաքացիական եւ վարչական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար պետք է դիմեն հանրային պաշտպանի գրասենյակ: Մարզերում, հատկապես հեռավոր մարզերում, հանրային պաշտպաններն անմիջականորեն, բայց նույն սկզբունքներով են ապահովում անվճար իրավաբանական օգնությունը` 24 ժամվա ընթացքում հաղորդում տալով ՀՊ գրասենյակին:
Նշենք, որ անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`
1) խորհրդատվություն, հայցադիմումների, դիմումների, բողոքների եւ այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում,
2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը դատարանում` քրեական, քաղաքացիական, վարչական եւ սահմանադրական գործերով:
Անվճար իրավաբանական օգնություն չի կարող տրվել `
1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով),
2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջի գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ,
3) եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:
Մեկնաբանություններ (20)
Մեկնաբանել