
Աշխատավարձի ութապատիկ կրճատում. հղիությա՞ն պատճառով
Գոհար Ղարիբյանը 2010թ. հուլիսից «Արմենիա դայթաքոմ քամփնի» (Armenian Datacom Company) ՓԲԸ-ի ֆինանսական վերահսկողն է: Այս տարվա նոյեմբերի 12-ին երիտասարդ կինը հեռահաղորդակցության ծառայություններ տրամադրող այս խոշոր ընկերությանը հղի լինելու մասին տեղեկանք է ներկայացրել, ինչը նշանակում է, որ 6 ամիս անց նա լինելու է արձակուրդում:
Սակայն տեղեկանքը ստանալուց 2 օր հետո՝ նոյեմբերի 14-ին, «Արմենիա դայթաքոմ քամփնի»-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) Վարդան Կոպյանը ծանուցումով Գոհարին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 17-ին էականորեն փոխվելու են նրա աշխատանքի պայմանները, ըստ այդմ էլ՝ 8 անգամ կրճատվելու է ամսական աշխատավարձը:
Փոփոխությունների արդյունքում ՓԲԸ-ն իր ֆինանսական վերահսկողին առաջարկում է շաբաթական 5, օրական 1 ժամ աշխատաժամանակ՝ նախկին 8-ի փոխարեն: Կոպյանը սա պայմանավորել է ընկերության «արտադրության ծավալների, տնտեսական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ»:
Թե աշխատակցի հղիության մասին իմանալուց հետո ՓԲԸ-ում հանկարծ ի՞նչ պայմաններ փոխվեցին, պարզել չի ստացվում: Գոհարի գրավոր հարցումը տնօրինությունն անպատասխան է թողել, իսկ «Հետքին» 2 օր է՝ ընկերության աշխատակիցները վստահեցնում են, որ Վարդան Կոպյանը խորհրդակցության է: Հարցերին պատասխանելու լիազորված այլ անձ այդպես էլ չի գտնվում:
«Արմենիա դայթաքոմ քամփնի»-ի գլխավոր տնօրենի ժ/պ-ն Գոհար Ղարիբյանին միաժամանակ տեղեկացրել է, որ աշխատանքային նոր պայմաններին չհամաձայնվելու դեպքում նրա հետ անժամկետ կնքված աշխատանքային պայմանագիրը կհամարվի լուծված՝ աշխատանքի էական պայմանների փոփոխման հիմքով:
«ՀՀ աշխատանքային օրենսգիրքն արգելում է գործատուին սեփական նախաձեռնությամբ հղի կնոջ հետ կնքված պայմանագիրը լուծել: Բայց 105-րդ հոդվածը հնարավորություն է տալիս աշխատանքային պայմանների էական փոփոխություն կատարել, եւ եթե աշխատակիցը դրանք չի ընդունում, գործատուն կարող է պայմանագիրը լուծել: Հիմա, փաստորեն, նրանք ուզում են այսպես վարվել»,- ասում է Գոհար Ղարիբյանը:
«Դա իրավաշուստրիություն է, որն օրենքն արգելում է: Դու չես կարող քաղաքացիաիրավական բնույթի իրավունքներն օգտագործել ի վնաս քաղաքացու»,- «Հետքի» խնդրանքով, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, մեկնաբանում է փաստաբան Տիգրան Եգորյանը: Հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգքին՝ վերջինս շեշտում է, որ գործատուն որեւէ պատրվակով, թեկուզ աշխատանքային էական պայմանների փոփոխմամբ, չի կարող հղի կնոջ հետ կնքված պայմանագիրը լուծել:
«Հղիության մասին տեղեկանքը ներկայացնելու օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո 1 ամիսը լրանալը չի կարող գործատուն իր նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծել: Սա բացարձակ արգելք է՝ սահմանված մեր Աշխատանքային օրենսգրքով»,- շարունակում է փաստաբան Եգորյանը: Իսկ Գոհար Ղարիբյանը հավելում է, որ եթե ՀՀ օրենսդրությունը գործատուին նույնիսկ նման հրանավորություն ընձեռներ, Եվրոպական սոցիալական խարտիան հղի կնոջն ուղարկված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ ծանուցումն անգամ համարում է անօրինական:
«Բացի դրանից՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ժամկետներ է սահմանել աշխատանքային պայմանների էական փոփոխությունների համար: Տվյալ դեպքում՝ մեկից մինչեւ հինգ տարի աշխատողին գործատուն առաջարկվող փոփոխությունների մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել 35 օր առաջ, ոչ թե նրա հղի լինելու մասին տեղեկանալուց 2 օր հետո: Սա օրենքի խախտում է»,- նկատում է Տիգրան Եգորյանը:
«Արմենիա դայթաքոմ քամփնի» ՓԲԸ-ն իր ֆեյսբուքյան էջում այս պատմության կապակցությամբ նշել է. «Բոլոր դեպքերում, եթե անձը (Գոհար Ղարիբյանը - հեղ.) գտնում է, որ խախտվել են իր իրավունքները, ապա նա ազատ է դիմելու դատարան` իր խախտված իրավունքները պաշտպանելու համար»:
Ղարիբյանը հաստատակամ է՝ դիմելու է նաեւ դատարան: Որպես ֆինանսական վերահսկող՝ նա բարձ աշխատավարձ է ստանում, hետեւաբար բարձր են լինելու նաեւ գործատուի կողմից տրվող վճարները՝ հղիության եւ մանկահասակ երեխային խնամելու համար, եթե, իհարկե, «Արմենիա դայթաքոմ քամփնի»-ն Ղարիբյանի աշխատավարձը ութապատիկ չնվազեցնի:
«Թե հիմա աշխատանքի էական պայմաններն ինչի՞ց ելնելով են ուզում փոփոխել, եւ դրա համար ի՞նչ հիմնավորումներ կբերեն, բոլորը շինծու են, քանի որ փոփոխությունների մասին ծանուցումն ուղարկվել է հղիության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնելուց հետո: Ուղղակի գործատուն ցանկանում է իր համար ավելի բարենպաստ պայմաններ կորզել՝ ի հաշիվ աշխատողի»,- ասում է փաստաբան Տիգրան Եգորյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել