HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայքար հանուն արդարության. Մարիամ Գևորգյանը և նրա ահասարսուռ պատմությունը

2009թ., դեկտեմբեր. ամուսնական կյանքի թոքախտավոր սկիզբը

Մարիամ Գևորգյանը 20 տարեկան էր, երբ ամուսնացավ 26-ամյա Դավիթ Զիրոյանի հետ և Արարատի մարզի Տափերական գյուղից մեկնեց հեռավոր Սանկտ-Պետերբուրգ՝ հաշտ ու խաղաղ ընտանեկան կյանք վարելու:  Թվում էր՝ ամեն ինչ հրաշալի էր ինչպես հեքիաթում, սակայն շուտով…

- Եթե վարագույրը նորմալ կախած չլինեի, պատառաքաղով ծակծկում էր ամբողջ մաշկս: Եթե լվացքը 2 րոպեում չանեի, ծեծում էր: Գրտնակով հարվածում էր ամբողջ մարմնիս, ամեն մի մատիս 10 անգամ խփում էր, դրանից մատներս մինչև հիմա նորմալ չեն փակվում: Արդուկով այրում էր մեջքս, ձեռքերս, թղթով վառում կրծքերս, ստիպում էր լեզուս դուրս հանել ու կրակայրիչով վառում էր, հետո օճառ դնում բերանս, որ մռմռար: Երկաթե շերեփով քթիս էր հարվածում, խոհանոցի տախտակով՝ գլխիս: Աշնանը մերկ կանգնեցնում էր բաց պատուհանի մոտ, որ մրսեմ ու հիվանդանամ: Հոգեբանորեն անընդհատ ճնշում էր ու «անտեր» անվանում…

Ահա թե ինչի վերածվեց ամուսնու և սկեսուրի կողմից 10 ամիս շարունակ բռնության ենթարկված Մարիամի «հաշտ ու խաղաղ» թվացող ամուսնությունը: Մեծ դժվարությամբ՝ Մարիամը կարողացավ փախչել նրանցից և վերադարձավ Հայաստան:

2011թ., հոկտեմբեր. համաներում հանցագործին

Մարիամը Դավիթի երկրորդ կինն էր: Առաջին կնոջ հետ նույն կերպ էին վարվել, սակայն այդ մասին Մարիամն իմացավ միայն ամուսնանալուց որոշ ժամանակ հետո: Մարիամն ու Դավիթի առաջին կինը հոկտեմբերին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում տվեցին: Դավիթին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քր. օր.-ի «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, իսկ նրա մայրը հետապնդվեց նույն հանցանքը սակայն «առանձին դաժանությամբ» կատարելու համար: Քանի որ Դավիթ Զիրոյանի առաջադրված մեղադրանքը սահմանում էր ոչ ավել, քան 3 տարվա ազատազրկում, քննիչի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց համաներում, քրեական հետապնդումը դադարեցվեց, և Դավիթը մեկ օր անգամ անազատության մեջ չանցկացրեց:

2011թ., դեկտեմբեր. սահմռկեցուցիչ պատմության հանրայնացումը

Թվում էր՝ արդարություն վերականգնելն արդեն անհնարին էր: Միգուցե ոչ ոք այդպես էլ չէր լսի Մարիամի դաժան պատմությունը, եթե «Հետք» թերթը չհրապարակեր իր «Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է» հոդվածը, որտեղ մանրամասնորեն նկարագրվում էր, թե ինչ դաժանությունների է ենթարկվել Մարիամը ամուսնու և սկեսուրի կողմից:

«Անջնջելի են ոչ միան դեմքիս ու մարմնիս սպիերը, այլև հոգուս սպիերը ու հոգեկան վերքերը, որոնք անհնար կլինի մոռանալ»,- նշել է Մարիամ Գևորգյանը հարցազրույցներից մեկի ժամանակ:

Ընտանեկան բռնության ենթարկված և սկեսուրի կողմից պարբերաբար խոշտանգված երիտասարդ աղջկա պատմությունը  ցնցեց  բոլորին: Դեպքի հանրայնացմանն  անմիջապես հաջորդեց հասարակական բուռն արձագանքը՝ թե՛ մտահոգ քաղաքացիների, թե՛ հասարակական կազմակերպությունների  կողմից: Մարիամի գործով սկսեց զբաղվել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որն իրենից ներկայացնում է 7 հասարակական կազմակերպությունների միավորում: Անդամ կազմակերպություններից մեկն էլ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն էր, որը ևս չէր կարող անտարբեր մնալ կատարվածի հանդեպ:

Կոալիցիան սկսեց հնարավոր  և  անհնար  բոլոր  միջոցներով  պայքարել  բաց ու թափանցիկ դատավարության, ինչպես նաև արդարացի դատավճռի համար:

«Ես ցանկանում եմ, որ նրանք պատժվեն, բայց այսօրվա դրությամբ մեր օրենքը ոչինչ չի անում», -մտահոգվում էր Մարամը:

Դժբախտաբար, Մարիամի մտավախությունը բնավ անհիմն չէր: Ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայությունը էապես խոցելի է դարձնում  ընտանեկան բռնության ենթարկվածների իրավունքների պաշպանության գործընթացը:

22 դատական նիստ, 22 բողոքի ակցիա հանուն արդարության

«Ընդդեմ  կանանց  նկատմամբ  բռնության» կոալիցիան   դեռևս  մինչև մեղադրյալ Հայկանուշ Միքայելյանին Հայաստան տեղափոխելը կազմակերպել էր բողոքի ակցիա դատախազության դիմաց՝ պահանջելով արդար ու թափանցիկ  դատավարություն: Հետագայում, երբ Հայկանուշն արդեն բերման էր ենթարկվել Հայաստան, կոալիցիան մասնակցեց բոլոր դատական նիստներին՝ ամեն անգամ բողոքի հսկա ալիք բարձրացնելով:

«Ար-դա-րու-թյու՛ն»

«Բա՛ց դատ, բա՛ց դատ»

Բողոքի հիմնական պատճառներից մեկն այն էր, որ դատավարությունը անհիմն կերպով անցկացվում էր դռնփակ: Դատարանի  նման  որոշումը  խոչընդոտում էր դատավարության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը: Դատական նիստերը մշտապես ուղեկցվում էին հանրության ակտիվ ներկայացուցիչերի մասնակցությամբ, ովքեր, հնարավորություն չունենալով մասնակցել դռնփակ նիստերին, նիստի ողջ ընթացքում ցուցապաստառներով կանգնում էին դատարանի շենքի մոտ` սատարելու Մարիամին արդարության համար նրա պայքարում:

Սկեսուրի բարեկամները ևս գալիս էին դատավարության նիստերին և շենքի դիմաց կանգնեցնում էին մի շարք ցուցապաստառներ «Ազատություն անմեղ կնոջը», «Զրպարտիչ-շանտաժիստներ» կարգախոսերով:

 «Մարիամը մաշկային հիվանդություն ունի, նայեք նկարները, ո՞վ կապրեր նման աղջկա հետ, հը՞: Ով կառնե՞ր: Թող մոտենա մի տղամարդ, ով կամուսնանար իր հետ: Այս ինչ է, մարմին է՞», – ասում էին բարեկամները՝ ցույց տալով Մարիամի նկարը:

«2009թ.-ին ինձ ամուսնացրին իր հետ: Բայց ինձ մի բերան չէին ասել, որ մաշկային հիվանդ է: Նրա վրայից այնպիսի հոտ էր գալիս, որ էլ ասելու չի», – վրդովված խոսում էր Դավիթը՝ Մարիամի նախկին ամուսինը, Մարիամի մաշկային հիվանդությունով փորձելով արդարացնել իր և մոր կողմից կատարված դաժանությունները:

Դատավճռի հայտարարմանը նախորդող մի քանի նիստերից առաջ Ընդդեմ կանանց նկատմամբ բռության կոալիցիան  հանդես եկավ նաև մամլո ասուլիսով, որը նպատակ ուներ ներկայացնել Մարիամ Գևորգյանի դեպքի վերաբերյալ կարևոր մանրամասներ, որոնք չէին ներկայացվել հանրությանը՝ փակ դատավարության կանոններից ելնելով:

- Հանցագործը պիտի նստի: (Կոալիցիայի անդամ)

- Դե կտենանք, կնստի, թե չի նստի: (Հայկանուշի բարեկամ)

- Ինչու՞ եք այդպես վստահ: (Կոալիցիայի անդամ))

- Զանգինք վերև, ասին: (Հայկանուշի բարեկամ)

Սկեսուրի և ամուսնու կողմի շարունակական վստահությունը մտահոգվելու տեղիք էր տալիս: Դատարանի կողմից արված յուրաքանչյուր քայլ վկայում էր կողմնակալ վերաբերմունքի առկայության մասին: Արդարության հասնելու հույսը երբեմն մարում էի մի երկրում, որտեղ փողն ու իշխանությունն են ամեն ինչ որոշում:

«Ցույց անելով ոչ մի բանի չեք հասնելու», – ասում էին Հայկանուշի բարեկամները՝ շարունակաբար անպատվելով ու ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերելով ցուցարարների հանդեպ:

«Ոտքի՛, դատարանն է գալիս». դատարանի մեղմ որոշումը և նախագահի համաներումը

Նոյեբերի 30-ին Արարատի և Վայոց ձորի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության  դատարանում հնչեց Մարիամի գործով դատավճիռը, որի արդյունքում Մարիամին խոշտանգած սկեսուրը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Սակայն, հաշվի առնելով բանտախցում արդեն իսկ անցկացրած ամիսները և այն փաստը, որ սկեսուրի հանդեպ դատարանը որոշեց կիրառել համաներում ազատազրկման մեջ անցկացվելիք ժամանակահատվածի 1/3-ի չափով, ընդհանուր հաշվարկով հարսին 10 ամիս խոշտանգումների ենթարկած Հայկանուշ Միքայելյանը անազատության մեջ կանցկացնի ընդամենը 1 տարի 2 ամիս:  

Նման մեղմ դատավճիռը չէր կարող բավարարել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիային: Դատավճիռը բողոքի ալիք բարձրացրեց նաև կոալիցիայի անդամ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի շրջանակներում, որը գենդերային հիմքով բռնության դեմ ակտիվության 16-օրյակի շրջանակներում իրականացրած հանրային միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ անդրադարձավ Մարիամի դեպքին՝ հանրությանը ներկայացնելով Մարամի ահասարսուռ պատմությունը և դատապարտելով դատարանի որոշումը:

«Հասարակությունը չի ների նրան, ում համաներեց դատարանը», – ասում էին «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ներկայացուցիչները:

Ընտանեկան բռնությունը դադարեցնելու առաջին քայլը բարձրաձայնելն է. Մարիամը ուժ գտավ իր մեջ և խոսեց

Մարիամ Գևորգյանի դեպքը կարելի է եզակի համարել այն առումով, որ վերջինս ժամանակին գիտակցել էր պայքարելու անհրաժեշտությունը  և համապատասխան քայլեր էր ձեռնարկել այդ ուղղությամբ: Մարիամի  դեպքը  կարելի է  որպես  նախադեպ  դիտարկել  հայ իրականության մեջ,  քանի որ  թերևս  դժվար է հիշել նմանատիպ մեկ այլ օրինակ, երբ կինը բարձրաձայնում է ընտանիքում տիրող բռնության մասին, չի վախենում շրջապատի կարծիքներից, պայքարում է սեփական կյանքի իրավունքի համար և հասնում հաջողության:

Մարիամ  Գևորգյանը  պայքարի   իր  օրինակով ցույց տվեց, որ ընտանեկան բռնությունը, ինչի մասին Հայաստանում նախընտրում են լռել, հետապնդվում է օրենքով և քրեորեն պատժելի է: Բնականաբար,  պակաս կարևոր չէր  նաև հասարակության բարոյական աջակցությունը և Մարիամին աջակցության ձեռք մեկնած  մարդկանց ու կազմակերպությունների համատեղ համակարգված գործողությունները: Մամուլը մշտապես լուսաբանում էր խնդիրը, հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչների պահանջատիրությունն  արդարության  կայացման  գործում  ևս  հաջողության  գրավականներից  էր: Իհարկե, Հայկանուշի հանդեպ կիրառված պատիճը չափազանց մեղմ էր, սակայն այն ամեն դեպքում հաղթանակ էր՝ հանցագործը ճանաչվեց մեղավոր և ենթարկվեց ազատազրկման:

Մարիամ Գևորգյանի հաղթանակը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի 2-րդ խոշոր հաղթանակն է: Ինչպես ընտանեկան բռնության 20-ամյա զոհ Զարուհի Պետրոսյանի

դեպքը, այնպես էլ Մարիամի պատմությունը ցույց տվեց, որ՝

  • ընտանեկան բռնությունը լուրջ հիմնախնդիր է Հայաստանում,
  • ընտանեկան բռնության դեպքերը այլևս չեն մնալու քողարկված և անպատիժ,
  • ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը անհրաժեշտություն է :

Ընտանեկան բռնությունը արդարացիորեն պատժելու առաջին քայլը ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումն է

Ընտանեկան բռնության նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու և դրանց թիվը  կրճատելու, բռնարարներին արժանի պատժի ենթարկելու և բռնության զոհերին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար կարևոր է Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը: Այն  խնդիրը կդնի իրավական այլ հարթության վրա՝ տրամադրելով խնդրի  լուծման համար անհրաժեշտ համապատասխան լծակներ ու կարգավորումներ:

Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը կնշանակի ընտանեկան բռնության հիմնախնդրի ընդունում և գիտակցում, ինչին կհետևի խնդրի դեմ լայնածավալ պայքարն ու խնդիրը կարգավորող համապատասխան համակարգերի ստեղծումը:

Այդուհանդերձ, մի հարց դեռ մնում է անհստակ՝ ընտանեկան բռնության էլ քանի՞ դեպքեր են պետք ընտանեկան բռնության դեմ համապետական պայքար մղելու անհրաժեշտությունը գիտակցելու համար: Դեռ քանի՞ Մարիամներ պետք է տանջվեն, քանի՞ Դավիթներ մնան անպատիժ և վայելեն ազատությունը, և դեռ քանի՞ Հայկանուշներ պետք է արժանանան մեղմ պատիժների իրենց կատարած ծանր հանցագործությունների դիմաց:

Անուշ Խաչատրյան

Աննա Նիկողոսյան

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

Մեկնաբանություններ (9)

Դարդ-անելի
Հայաստանի օրենքներն օժտված չեն ՙՙՕրենքի ուժ՚՚-ով։ Ժողովուրդն իրեն կործանելով և ոչնչացնելով հաստացնում է ՙՙազգասեր և ժողովրդավար՚՚ հանցագործների վիզները. -Ելիր ում կյանքն է անիծյալ Ճիշտն այն կլիներ, որ երկրի Նախագահը խորհրդակցություններում ոչ թե հանձնարարականներ տար հանցանք գործելու ճանապարհով հանցանքները պարտակողներին, այլ իջեցներ հրաման օրենքի տառով երկիրը կառավարելու, օրենքը խախտելու և շրջանցելու համար պատժամիջոցներ անպայման կիրառելու մասին։ Այդ դեպքում նրա հետ կլինի ժողովուրդը, ոչ թե ճամբարափոխ պաշտոնյաները։
Լուսվա
Եթե առկա է փողի ուժը, ավելորդ չէ խոսել օրենքի ուժի մասին։ Դրանից վեր էլ բռնության ուժն է։
loreci
Shnorhakalutjun, Hetq.
Mikojan
Please check what you post on your website;.. this article is full of typing errors... What a pity for such a interesting topic !
nan
Mariam@ moranum e mi ban , vor poxov karox en gnel orenq bayc voch pativ,jamacuyc bayc voch jam, amenakarevor@ chen karox gnel Astco patij ,moraci dranc
Աննա
Այդ ամենից հետո ընդամենը 1 տարի 2 ամիս՞, ուղղակի հիմարություն է, դա պատժաչափ չէ այդ բարբարոսի համար, սա ընդամենը մխիթարանք է, որ գոնե ազատության մեջ չմնաց այդ հոգեկան հիվանդը:
Hetq
Thanks Mikojan...this one slipped under the radar. Will correct.
Vahe
Էս ի՞նչա կատարվում, էս ի՞նչ ենք անում, էս ինչի՞ ականատեսն ենք..
Zohrab
Shame to her husband who I would call an animal and as for the mother in law big shame that ur a mother how would you feel if someone you married your daughter to does the same as you had done again big shame mother nd son god will punish u I am with Mariam all the way

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter