HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ցուցահանդեսը՝ քաղաքապետարանի ճեմասրահում

Երևանի քաղաքապետարանի 2012 թ. հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում հանդիսավորությամբ բացվել է  «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Միջոցառման մասնակիցներին ներկայացնելով տարեկան ծրագրով իրականացված աշխատանքները, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ ծրագրերը լինելու են շարունակական և այսօր արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար մայրաքաղաքն առավել մատչելի ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ: 

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության ու հոգածության համար, հույս է հայտնել, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում շատ շուտով Երևանն առավել մատչելի կդառնա նաև հաշմանդամություն ունեցող բնակիչների համար:  

Ցուցահանդեսի բացմանը հաջորդել է նաև համերգային ծրագիր: Իրենց կատարումներով ներկաներին ողջունել են հաշմանդամություն ունեցող անձանց «Փարոս» երգչախումբը և անհատ կատարողներ:

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ ընթացիկ տարում միջազգային և քաղաքային մրցույթներում մարզական հաջողություններ գրանցած հաշմանդամները, ինչպես նաև  ցուցահանդեսի ու համերգային ծրագրի մասնակիցները պարգևատրվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է միջոցառման մասնակիցների հետ, շրջել սրահում և ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter