
Ծառուկյանի հայտարարությունը այս պահի համար արված հայտարարություն էր. Պարույր Հայրիկյան
Համազգային ուժը, եթե քաղաքական գործընթացին չի մասնակցում, վնասում է իրեն, բայց երկու ամիսը բավականին երկար ժամանակ է, որպեսզի «Բարգավաճ Հայաստան»-ը, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, իր դիրքորոշումը փոխի. իմ դիտարկմամբ Ծառուկյանի արված հայտարարությունն այս պահի համար արված հայտարարություն էր,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և հավելեց,- չեմ բացառում, որ եվրոպական վերջին այցերի ժամանակ Գագիկ Ծառուկյանը տեսավ, որ այնտեղ գործարարները քաղաքականությամբ չեն զբաղվում և որոշեց էլ չզբաղվել քաղաքականությամբ»:
Հայրիկյանի դիտարկմամբ՝ Ծառուկյանի չառաջադրվելու դեպքում ԲՀԿ-ի ընտրազանգվածի այն մասը, որը նյութական շահերից ելնելով է ընտրել այդ կուսակցությանը, այս անգամ ևս կառաջնորդվի նյութական շահով, իսկ մյուս մասը ձայնը կտա իրեն:
Խոսելով միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու մասին, Հայրիկյանն ասաց, որ մյուս ընդդիմադիր ուժերը ամոթ կզգան, եթե ինքը հայտարարի, որ միանում է նրանց, քանի որ ինքն ավելի մեծ փորձ ունի քաղաքականության մեջ, իսկ ահա ընդդիմադիրներին Հայաստանում զանազանելը դժվար է, քանի որ առնվազն երեք տարի պետք է ընդդիմություն լինել, որպեսզի այս անառողջ կացության մեջ հանրությունը քեզ չմեղադրի. ԲՀԿ-ն ընդամենը մեկ տարի է հանդես գալիս ընդդիմադիր դիրքերից, ՀՅԴ-ն մի փոքր ավելի վաղ:
ԱԻՄ առաջնորդը ներկայացրեց նաև նախագահ դառնալու դեպքում իր անելիքները. նա պատրաստվում է նախագահել ընդամենը երկու տարի, որից հետո կվերացնի այդ պաշտոնը և կստեղծի վարչապետի պաշտոն, ում հետ կաշխատի փոխվարչապետը: Կհամոզի արձակել խորհրդարանը և նոր ընտրությունների արդյունքում 81 հոգանոց ԱԺ կստեղծի, քանի որ, միևնույն է, նիստերին 30 հոգի են գալիս:
Պարույր Հայրիկյանը հայտարարեց նաև, որ շուտով կսկսի իր աշխատանքները ԱԻՄ գրասենյակը, որը գտնվում է ՀՀ նախագահի նստավայրից 50 մետր հեռավորության վրա: «Դե, որպեսզի հետագայում տեղափոխվելն էլ հեշտ լինի»,- կատակով նշեց ԱԻՄ առաջնորդը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել