HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատողը չաշխատողից լավ պիտի ապրի

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղը, որն Ադրբեջանի հետ տասներկու կիլոմետր սահման ունի, առաջին հայացքից շեն ու հարուստ բնակավայրի տպավորություն է թողնում։ Համայնքն ունի 922 հեկտար վարելահող, 103 հեկտար խաղողի այգի։ Վարելահողերի մոտ 10 տոկոսն է ոռոգովի, խաղողի այգիների՝ կեսը։ Հողատարածքների ընդհանուր մակերեսի մոտ մեկ երրորդն անմիջապես սահմանի մոտ է եւ ականապատված լինելու պատճառով չի օգտագործվում։

Այգեհովտում 3570 մարդ է գրանցված, մշտապես բնակվում է 3390-ը։ Մոտ երկու հարյուր մարդ դրսում է՝ մի մասն ընտանիքներով, մյուսները՝ արտագնա աշխատանքի։ Հինգ-վեց ամիս աշխատում են, աշնանը վերադառնում գյուղ։ 

«Ամենակարեւորն էն ա, որ գյուղում տուն չի ծախվում։ Թեկուզ գնացել ա, բայց տունը պահպանում ա,- ասում է գյուղապետ Լեւոն Գրիգորյանն ու ավելացնում,- արտագաղթ կա, բայց հակառակն էլ կա։ Մարդիկ ուզում են վերադառնան։ Մի երկու ընտանիք արդեն եկել են»։

Գնացողների գնալը բացատրվում է գյուղի սոցիալ-տնտեսական անբավարար վիճակով, վերադարձողներինը, սակայն, դեռեւս կապված չէ այդ վիճակի բարելավման հետ։ «Չգիտեմ` ինչու են ուզում գան,- ասում է գյուղապետը,- բայց հետաքրքրվողներ կան»։

Ի տարբերություն այլ գյուղերի ղեկավարների, Լեւոն Գրիգորյանն արտագաղթն աղետ չի համարում։ «Միշտ էլ գնացել են, եկել են, հիսնական թվականներին են շատ գնացել, 1977-ից հետո, երբ կառուցեցին «Բենտոնիտ» գործարանն ու Ազատամուտ քաղաքը, շատերը հեռացան գյուղից»։ Նրա կարծիքով աղետալի է աշխատուժի հարցը. «Գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվն է գնալով պակասում, որովհետեւ հիմնականում տարեց մարդիկ են զբաղվում, երիտասարդներին էդ գործը չի հետաքրքրում»։ 

Երիտասարդության մի մասը սովորում է, մի մասն էլ զինծառայությունն ավարտելուց հետո գնում է Ռուսաստան՝ ժամանակավոր աշխատանք անելու։ «Ով էլ տեղում ա, չի ուզում հողով զբաղվի կամ անասուն պահի»,- ասում է Լ. Գրիգորյանը։

Պատճառները բազմաթիվ են՝ մեկը մեկից կարեւոր, մեկը մյուսի հետ կապված։ «Անասնապահությունը զարգացնելու համար լավ սարամաս ունենք»,- ասում է համայնքի ղեկավարը, բայց անմիջապես ավելացնում, որ գյուղից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ սարամաս հասնելու համար պետք է գոնե կարգի բերել ճանապարհը։

«Ինչի՞ գյուղացին հացահատիկ չի ցանում»,- հարցնում է գյուղապետարանի հողաշինարար Ասլիբեկ Ահարոնյանն ու պատասխանի չսպասելով ասում, թե գյուղը կոմբայն չունի։ «Հացահատիկը խնձոր չի, որ ասես՝ լավ, մի տասը օրից հավաքեմ, հացահատիկը չհավաքեցիր, փչանում ա»։ Եւ ստացվում է, որ վառելիքի համար վճարել ես, վար ու ցանքսի համար վճարել ես, սերմացուի համար վճարել ես, բայց կոմբայն չգտնելու պատճառով ոչ միայն եկամուտ չես ստանում, այլեւ ծախսածդ ես կորցնում։ «Դրա համար էլ մարդ կա` ոչինչ չի ցանում, մարդ կա` հենց ընենց եգիպտացորեն ա դնում, շատերը խոտ են ցանում իրանց անասունին ապահովելու համար»,- ասում է հողաշինարար Ահարոնյանը։

Այգեհովիտի բնակիչներն անասնապահությամբ զբաղվում են բացառապես ընտանիքի կարիքների համար։ «Էնքան անասուն են պահում, որ իրանց տան կաթն ու մածունն ու պանիրը դուրս գա, շատ հազվադեպ տանում են Իջեւանի շուկա վաճառելու»,- ասում է գյուղապետը։

Հարեւան երկրի հետ փակ սահմանը նրանց զրկել է մատչելի շուկայից։ Երկուսն էլ հիշում են, որ մինչեւ սահմանի փակվելն անասունը սարից տուն էլ չէին բերում, ուղիղ քշում էին Ղազախի շուկա, վաճառում ու գալիս։ 

Շուկայի հեռավորությունը, առեւտրական շփումների բացակայությունը Այգեհովիտը դարձրել են փակ տնտեսություն։ Ասլիբեկ Ահարոնյանն ասում է, թե իրենց գյուղի անտառներից տարեկան 70-80 տոննա մոշ է դուրս գալիս։ «Ուրիշ բաների մասին չեմ խոսում՝ հոն ա, պոպոք ա, որ էլի շատ են։ Հասկացանք, մոտիկ շուկա չկա, գոնե մի արտադրամաս լիներ, մարդիկ հանձնեին, հետն էլ մի քանի աշխատատեղ կբացվեր»,- ասում է նա։

Այգեհովտի բնակիչները խորհրդային տարիներին հիմնականում ծխախոտ եւ խաղող են աճեցրել։ Հիմա շատերը նորից անցնում են խաղողագործության, բայց ծխախոտի մշակումը վերականգնել չի հաջողվում։ Ծխախոտի համար ջուր է հարկավոր, իսկ ջուր չկա։ «Էն ա պոմպակայանը շարքից դուրս եկած, ոռոգման ներքին ցանցը շարքից դուրս եկած, գյուղացին էլ` անձրեւի ու արեւի հույսին»,- ասում է գյուղապետն ու հավաստիացնում, որ ոռոգման ցանցի նորոգումը կարող է լուրջ էֆեկտ տալ։ «Ծխախոտագործությունը՝ չէ, որովհետեւ եկամուտ շատ չի բերում, բայց խաղողով բոլորն էլ կզբաղվեն»։

Խաղողը գյուղատնտեսական միակ արտադրանքն է, որ շուկա ունի։ Այգեհովտից մոտ հիսուն կիլոմետր հեռու` Բերդ քաղաքում, գործում է Երեւանի կոնյակի գործարանի ընդունման կետը։ 14-15 կիլոմետրի վրա Իջեւանի գինու գործարանն է։ Երկուսն էլ գյուղացուց խաղող են ընդունում։ Ճանապարհներն էլ լավն են։ 

Այս հնարավորությունը տեսնելով՝ մարդիկ ուզում են խաղողի այգիներ հիմնել։ Մեկ հեկտարի վրա խաղողի այգի դնելու համար, ըստ գյուղապետի, 7-8 հազար դոլարի ներդրում պիտի անես։ Այստեղ էլ առաջանում է նպատակային երկարաժամկետ վարկերի հարցը։ Գյուղացին նման վարկ ստանալու հնարավորություն չունի։ «Ոչ մեկը գյուղացուն վեց-յոթ տարով, ցածր տոկոսով վարկ չի տալիս, որ նա կարողանա հիմնական միջոց ստեղծի։ Խաղողի այգին հիմնական միջոց ա, չէ՞»,- ասում է հողաշինարարը, ում կարծիքով միայն խաղողի այգով գյուղացին էլի չի կարող լավ ապրել, բայց ինչ-ինչ խնդիրներ կլուծի։

Ենթակառուցվածքների ստեղծումն ու նորոգումը կարեւոր է, պակաս կարեւոր չեն նաեւ շուկայի եւ ներդրումների հարցերը, բայց, ըստ գյուղապետ Լեւոն Գրիգորյանի, ամենաառաջնահերթը գյուղացու մտածողությունը փոխելն է. «Մարդ կա հող ունի, բայց չի ուզում աշխատել։ Ջուր էլ տաս, տեխնիկա էլ տաս, վարկ էլ տաս, էլի չի մշակի»։ 

Հողի սեփականաշնորհումից անցել է տասնհինգ տարի։ Գյուղացիները շատ բան փորձել են, շատ բան հասկացել։ Հող-գյուղացի-պետություն հարաբերությունները լուրջ շտկումների կարիք ունեն։ Դա պիտի կատարվի սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ։ «Նախ` չաշխատողը պիտի տեսնի, որ աշխատողն ավելի լավ է ապրում, մնացածն ինքն իրեն տեղը կընկնի»,- ասում է Այգեհովիտ համայնքի ղեկավարն ու հուսադրում, որ գյուղում շատերն այս բանն արդեն հասկանում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter