HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու՞ է մեծանում արտագաղթը Ջավախքում

«Ջավախքում մնացող երիտասարդն ապագա չունի»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանման եւ երիտասարդության գործերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը:

Ջավախքի երիտասարդների միակ ցանկությունը Ջավախքից շուտ հեռանալն է: Իսկ այդ ցանկությունը գրեթե բոլորը միակերպ են հիմնավորում. չկան աշխատատեղեր, կրթական հիմնարկներ, ժամանցի վայրեր, մարզասրահներ, մշակույթի կենտրոններ, ակումբներ, առհասարակ ոչ մի հետաքրքրություն չկա: Եղածներն էլ արդեն փակվել են կամ չեն գործում: 

Վալերի Ստելմաշովն առաջին եւ ամենակարեւոր խնդիրը համարում է աշխատատեղերի պակասը, որն էլ արտագաղթի հիմնական պատճառ է դառնում: 

Աշխատանքի հարցը, մանավանդ վերջին տարիներին` կապված վրացերենի իմացության հետ, շատ է դժվարացել: Եթե նոր աշխատատեղ է բացվում, ապա պետական լեզվի չիմացության պատճառով շատ ջավախքցիներ չեն կարող զբաղեցնել այդ թափուր տեղը, փոխարենն այն զբաղեցնում է վրացի կամ վրացերեն իմացող որեւէ մեկը, եւ ջավախքցի երիտասարդներին մնում են երկրորդական, երրորդական աշխատանքները եւ տեխնիկական գործերը: Բայց վերջերս Ջավախքում շատ հիմնարկներ փակվում են:

«Վրացական իշխանությունները շատ են խոսում ինտեգրացիայի մասին, բայց նրանք խնդիր չունեն ինտեգրելու մեզ, նրանք խնդիր ունեն վրացականացնելու այս տարածքը: Վրացերենի չիմացությունը սոսկ միջոց է այդ նպատակին հասնելու համար: Եթե մենք մինչ օրս դիմակայել ենք բոլոր դժվարություններին, դա մեր` վրացերենի չիմացության շնորհիվ է: Եթե մենք վրացերեն իմանայինք մի քանի տասնամյակ առաջ, արդեն ձուլված կլինեինք եւ մեր տարածքն էլ` հայաթափ եղած»,-դժգոհում է «Ակունք» միության նախագահ եւ «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Մելս Թորոսյանը

Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (ՋԵՄՄ) նախագահ Վահագն Չախալյանն էլ է կարծում, որ Ջավախքում բոլոր գործընթացները քաղաքական ենթատեքստ ունեն. «Բացի ուժային կառույցներից, մասնավորապես` ոստիկանությունից, Ջավախքում ուրիշ տարբերակ չկա աշխատելու: Բայց դե, այնտեղ էլ տեղերը սահմանափակ են: Ոչ մի աշխատատեղ չի բացվում: Վրաց-հայկական սահմանին 1 մլն 500 հազար դոլար տալիս են մաքսակետ են կառուցում, բայց ոչ մի հայ այդ աշխատանքներում ընդգրկված չէ: Պետությունը հոգ չի տանում, որ մեր երիտասարդությունը տեղ գտնի աշխատելու»:

Պրն Ստելմաշովն առաջարկում է վրացերենին չտիրապետելու հարցին միակողմանի չմոտենալ, քանի որ, ըստ նրա, պետք է պետական լեզուն իմանալ: «Ես ինքս էլ զբաղեցնում եմ պետական պաշտոն, բայց ես էլ վրացերեն չգիտեմ ու զգում եմ այդ սխալը: Բայց պետությունն էլ պետք է հասկանա, որ դա մեր մեղքով չէ եւ ոչ էլ մեր քմահաճույքն է. դա Սովետական Միությունից եկած դրություն է, երբ պարտադիր էր ռուսերենի իմացությունը: Մենք այն ժամանակաշրջանի սերունդ ենք: Այդ հարցերը պետք է լուծել, բայց դրանք չի կարելի լուծել շատ կարճ ժամանակահատվածում»:

Ջավախքում ոչ մի պետական բուհ չկա: Թբիլիսիի պետական համալսարանի մասնաճյուղը փակվել է: Գործում են մի քանի ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, սակայն դրանք, ըստ երիտասարդների, ոչ այնքան բարձր որակ են ապահովում: Ջավախքցիներն ասում են, որ վրացական իշխանություները Ջավախքում չեն ստեղծում լիարժեք կրթություն ստանալու հնարավորություն` սկսած մանկապարտեզներից վերջացրած բուհերով: 

Այդ է պատճառը, որ երիտասարդների մեծ մասը կրթություն ստանալու համար մեկնում է այլ երկրներ, մասնավորապես Հայաստան, եւ քիչ մասը` Ռուսաստան: Հայաստանի պետական բուհերում նրանց համար ընդունելության պարզեցված տարբերակ կա: Իսկ Վրաստանում, ընդհակառակը, հայ շրջանավարտները պետք է լիարժեք տիրապետեն վրացերենին, որպեսզի կարողանան բուհ ընդունվել: Այս տարի Ախալքալաքի շրջանից Վրաստանի միասնական ազգային քննություններին մասնակցած 56 դիմորդներից ընդունվել է ընդամենը 8-ը, եւ նրանցից միայն երկուսն են սովորել շրջանի հայկական դպրոցներում: Մնացած 6-ը եղել են վրացական դպրոցների շրջանավարտներ: 

«Այսօր հայկական իշխանություններն աջակցում են վրացական իշխանություններին եւ նպաստում ջավախքահայերի արտագաղթին: Պարզեցված ընդունելության կարգի պատճառով մեր ուսանողների մեծ մասն ուսումն ավարտելուց հետո ետ չի վերադառնում: Դա է վկայում այն փաստը, որ այսօր մենք Երեւանում ունենք 300.000-անոց համայնք»,- հավաստում է ՋԵՄՄ նախագահՎ. Չախալյանը եւ առաջարկում մշակել մի մեխանիզմ, որը կապահովի Հայաստանում բուհն ավարտած ջավախքցի ուսանողի վերադարձը հայրենիք, որպեսզի գոնե առաջին 3 տարին նա պայմանագրով աշխատի Ջավախքում, որպեսզի տարածաշրջանում ուսուցիչների կամ այլ մասնագետների պակաս չզգացվի:

«Բոլորը գնում են եւ չեն վերադառնում: Ինչու՞ նման մեխանիզմ կիրառվում է արցախահայության համար, իսկ մեզ համար չի կիրառվում: Եթե չի ուզում վերադառնալ, թող առավելություններով չընդունվի, այլ ընդհանուր հիմունքներով քննություն տա: Եթե առավելություն են տալիս, թող պայման էլ դնեն: Ամբողջ աշխարհում է այդպես»,- ասում է Վ. Չախալյանը: 

«Շատ քիչ շրջանավարտներ են ընդունվում վրացական բուհեր, քանի որ լեզվի խնդիր կա: Եթե հայ ես, պարզ է, որ գնում ես հայերի մեջ, ինչու՞ գնալ վրացիների մոտ, եթե նույնիսկ լեզվին չես տիրապետում»,- բացատրում է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ջավախքցի ուսանող Մյասնիկ Խրիմյանը եւ միաժամանակ նշում, որ միեւնույն է, եթե լեզվին էլ տիրապետեր, Հայաստան կգար, քանի որ այստեղ իրեն մնացածներից տարբեր չի զգում, իսկ վրացիների մեջ տարբերվում է:

Երրորդ խնդիրը, որը խթանում է արտագաղթը, ժամանցի վայրերի եւ մշակութային կենտրոնների բացակայությունն է: 

Վ. Ստելմաշովն ասում է, որ եթե խորհրդային շրջանում երիտասարդներն ավելի շատ հնարավորություններ ունեին իրենց ազատ ժամանակը կազմակերպելու տարբեր խմբակներում` երգի, պարի եւ այլն, այժմ երիտասարդների հետաքրքրություններն այլ են` կազինոներ, սրճարաններ, ֆուտբոլի բուկմեյքերային կենտրոններ, ինտերնետ-ակումբներ: 

Ախալքալաքի շրջանում կա շրջանային մշակույթի տուն, որն ունի ժողովրդական գործիքների բաժին, երգի-պարի անսամբլ, տարբեր խմբակներ: Երիտասարդների չնչին տոկոսն է հաճախում այդ խմբակները: Գործում են նաեւ երաժշտական, նկարչական, սպորտի դպրոցներ, սպորտդահլիճ` տարբեր սեկցիաներով, բայց դրանք էլ հասանելի են միայն քաղաքում ապրող երիտասարդներին: 

Վ. Ստելմաշովը ցավով է նշում, որ գյուղացիները, ի տարբերություն քաղաքում ապրող երիտասարդների, ընդհանրապես կտրված են մշակութային կյանքից, եւ դա պետական համակարգի խնդիրն է: «Գյուղի երիտասարդության հարցը շատ լուրջ է: Այժմ ոչ մի գյուղում ոչ մի մշակութային կամ երիտասարդական ակումբ, խմբակ կամ որեւէ այլ կենտրոն չի գործում: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու են դա արել: Ես պետական չինովնիկ եմ, ինչ որ ասում են, այնպես անում եմ, բայց ես իմ անձնական կարծիքն ունեմ. գյուղացին քաղաքի բնակչի հետ հավասար պետք է ունենա մշակույթի կենտրոններ եւ ժամանցի վայրեր: Ամեն ինչ փակված է, չի գործում»,-դժգոհում է երիտասարդության գործերի ծառայության պետը:

Ներկայումս գործում են Ախալքալաքի շրջանային մշակույթի տունը եւ շրջանային գրադարանը: Կան գյուղեր, որոնք ունեն մշակույթի որոշ խմբակներ: Օրինակ` Լոմատուրցխ գյուղում կա թատերական խմբակ, սակայն, եթե փակվի գյուղի մշակույթի տունը, բնականաբար, կփակվի նաեւ թատրոնի խմբակը: Ժամանցի ասպարեզում այսօրվա երիտասարդին հետաքրքրող եւ մեծ պահանջարկ ունեցող դիսկո ակումբներ չեն գործում: 

Մյասնիկն էլ է հաստատում, որ գյուղում երիտասարդների համար ոչ մի հետաքրքրություն չի մնացել: «Օրինակ` գյուղերում սպորտկենտրոններ պիտի լինեն, տարբեր խմբակներ, ինտերնետ կապը զարգացած լիներ, նորմալ գրադարան, որ երիտասարդներն իրենց աշխարհից կտրված չզգային: Թե չէ` գյուղացի տղաները հավաքվում են գյուղամիջում, դատարկ խոսակցություններ են անում ու երազում Ռուսաստան գնալու մասին»,- պատմում է Մյասնիկը:

«Սովետական ժամանակաշրջանում հաճախ համերգներ էին լինում, մեծ խանդավառությամբ սպասում էինք այդ համերգներին, սպասում էինք, որ այսինչ օրը կինո են բերելու, թատրոններ էինք գնում` ներկայացում դիտելու: Մենք էլ գյուղում թատրոնի խմբակ ունեինք: Շատ հետաքրքիր էր անցնում: Հիմա թատրոններ կամ համերգներ շատ քիչ են կազմակերպվում, կինոներ բացարձակ չեն ցուցադրում: Երիտասարդները միայն հեռուստացույց են նայում»,- ասում է 50-ամյա Ստեփանը: 

«Կինոն, ինչպես ասում են, մեռած է, թաղած չէ: Կինոն միայն մեծ քաղաքներում է մնացել, մեր մոտ կինո չեն գնում, քանի որ կիսաջարդված աթոռներ են, չջեռուցվող դահլիճ, այդպիսի վիճակում կինո նայելու մարդ չի էլ ուզում գնալ»,- բողոքում է Վ. Ստելմաշովը:

«Դրսում ապրող մեր երիտասարդներին երբ հարցնում ենք, թե ինչու գոնե արձակուրդներին չեն գալիս Ջավախք, ասում են` գանք ի՞նչ անենք: Ոչ մի հետաքրքիր վայր չկա»,- պատմում է ՋԵՄՄ-ի նախագահը:

Այսօր Ախալքալաքի քաղաքային այգին երիտասարդների հավաքատեղին է: Երբեմն այստեղ բացօթյա դիսկոտեկներ են կազմակերպվում, հավաքվում են աղջիկներ, տղաներ, բայց նորից ցրվում երկար ժամանակով: «Մեկ էլ ե՞րբ է մի բան կազմակերպվելու, որ տանից դուրս գանք»,- վերջերս կայացած փոքրիկ համերգի ժամանակ դեմքը ծամածռելով ասաց Գայանեն: Իսկ ամեն օր այստեղ հավաքվող տղաները զրուցում են, իրենց խոսքերով` ժամանակ են սպանում եւ երազում Ջավախքից հեռանալու մասին:

Ախալքալաք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter