HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. «Բարոյականություն եւ ոճ»

Նախորդ գրության համար նորից կարդալով Թեոդոր Ադոռնոյի էսսեն (որի վերնագիրը կարելի թարգմանել «Սովահար») եւ նորից թերթելով գիրքը՝ որոշեցի մի քիչ ավելի մանրամասնորեն անդրադառնալ նրա մեկ ուրիշ էսսեի՝ «Բարոյականություն եւ ոճ»: Առհասարակ, բարոյականություն բառը “Minima Moralia” գրքում ամենից հաճախ հանդիպող բառերից մեկն է, ինչպես հուշում է գրքի վերնագիրը: Գիրքը կազմված է փոքրիկ, երբեմն մեկ էջից էլ պակաս ծավալ ունեցող էսսեներից, որ Ադոռնոն սկսել է գրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ շարունակել ետպատերազմյան երկու տարիների ընթացքում (1944-1947թթ.): Գիրք, որը դարձավ «քննադատական տեսության» հիմնարար տեքստերից մեկը (գրքի մասին կարելի կարդալ Wikipedia-ում, իսկ գրքի նոր անգլերեն թարգմանությունը մատչելի է այստեղ):

Էսսեն սկսվում է խնդրի ընդհանուր ձեւակերպմամբ. «Հեղինակները համոզվում են, որ ինչքան ավելի ճշգրիտ, ջանադրաբար, ռեալիստորեն ու պատշաճորեն են արտահայտվում, այնքան ավելի դժվար հասկանալի է համարվում գրական արդյունքը, բայց հենց որ դարձվածքները ձեւակերպեն անփույթ, անպատասխանատու ձեւով՝ կարժանանան որոշակի ըմբռնողության»:

Լեզվական խստությունն ու մաքրությունը հեռացնում, անմատչելի են դարձնում իմաստը, մինչդեռ հավակնոտ ճոռոմախոսությունը, որ անբաժան է լեզվի ծանոթ հոսքերից, ընդունվում է որպես պատկանելության եւ հաղորդակցության նշան. «Դու գիտես, թե ինչ ես ուզում, քանի որ գիտես, թե ուրիշն ինչ է ուզում»:

Ադոռնոն հակադրում է նյութը (առարկան) եւ հաղորդակցությունը. երկու հիմնական նպատակներ հեղինակի համար: Ուշադրության սեւեռումը ավելի շատ նյութի, առարկայի, քան հաղորդակցության վրա, ըստ նրա, ընդունվում է կասկածանքով, քանի որ ամեն մի առանձնահատուկ բան, որ վերցված չէ արդեն գոյություն ունեցող նմուշներից, կարող է թվալ էքսցենտրիկ կամ նույնիսկ խառնաշփոթ մի բան: Մինչդեռ աղոտ եւ անորոշ արտահայտությունը թույլ է տալիս քիչ թե շատ պատկերացնել այն, ինչ ընկալողը ցանկանում է կամ նկատի ունի:

Մարդիկ գիտակցաբար ետ են վարժվել այն մտավոր ջանքից, որ պահանջում է գրության, խոսքի կառուցվածքի ճշգրտորեն իրականացված աներկդիմությունը: Այն ենթադրում է գերակշռող, տիրապետող դատողության առկախումը նախքան բովանդակությանը հասնելը: Իսկ սա իր հերթին նշանակում է սեփական անձի առանձնացում, մեկուսացում այն ամենից, ինչ ենթադրում է պատկանելությունը, այդ պատկանելությունը մարմնավորող եւ անմիջապես հասանելի լեզվական տիրույթը, արտահայտության եղանակներ: Մի բան, որին, Ադոռնոյի խոսքերով ասած, «մարդիկ հակազդում են բրտորեն»: Նա շարունակում է. «Միայն այն է համարվում հասկանալի, ինչ կարիք չկա հասկանալ»:

Թեեւ այս էսսեների խորքային ազդակը անձնական է եւ գալիս է ֆաշիստական Գերմանիայից շատերի հետ արտաքսված մտավորականի փորձառությունից (գրքի ենթավերնագիրն է՝ «Մտորումներ վնասված կյանքի մասին»), Ադոռնոյի եզրակացությունները վերաբերում են քսաներորդ դարի կեսի սպառողական հասարակության մեջ առկա միտումներին, առաջին հերթին՝ այդ հասարակության ապամարդկայնացմանը: Այդուհանդերձ, ինչպես պարզ է դառնում գրության վերջին տողերից, հիմնական ուղերձի հասցեատերը մտավորականն է, ինտելեկտուալը. «Շատ քիչ բան կա, որ այդքան նպաստում է մտավորականների բարոյազրկմանը: Յուրաքանչյուր ոք, ով ուզում է խուսափել սրանից, պետք է ընդունի ամեն մի խորհուրդ՝ ուշադրությունը կենտրոնացնել հաղորդակցության վրա, որպես դավաճանությունը այն բանի, ինչ հաղորդվում է»:

Հասկանալի է, որ ես փորձել եմ որքան հնարավոր է հեռու մնալ այն բանից, ինչ քննադատում է Ադոռնոն, այն է՝ ամեն գնով հասկանալի դարձնել նրա միտքը, եւ սա վերաբերում է թե որոշ հատվածների իմ թարգմանությանը, թե ուրիշների վերաշարադրմանը, թե հավելվող պարզաբանումներին: Ի վերջո, կարծում եմ, որ Ադոռնոյի քննադատությունը կարող է տարածվել նաեւ թարգմանության վրա, եւ այս իմաստով օտար լեզվով ստեղծագործությունների «հայացումը», վերածումը այնպիստ տեքստի, որն «ասես գրված լինի հայերեն» եւ լիովին հասկանալի հայ ընթեցողին (եւ այս թեմայով մնացած ողջ ծանոթ հռետորությունը) եւ որտեղ լիովին կորչում է բնագրի, ինչպես նաեւ բնագրի լեզվի տարբերությունը եւ անտեսվում թարգմանչի՝ այդ տարբերության հետ լրջորեն գործ ունենալու հանձնառությունը, բնավ էլ անվիճահարույց մոտեցում չէ:

Սպառողական հասարակության ավելի ուշ շրջանի քննադատներն ու մեկնաբանները, այդ թվում՝ Ժան Բոդրիյարը, թվում է, որոշ դեպքերում շարունակում են Ադոռնոյի միտքը, երբ արձանագրում են, որ քսաներորդ դարի վերջին հաղորդակցության բոլոր ձեւերն արդեն այս կամ այն չափով ունեն գովազդային բնույթ, իսկ գովազդի նպատակը միայն մարդկանց իրեր վաճառելը չէ, այլ կենսակերպեր քարոզելը եւ իմաստի կառուցվածքներ ստեղծելը: Մի առաքելություն, որ նախկինում առավելապես վերաբերում էր կրոնի եւ արվեստի տիրույթներին. «Առաջարկելով գնել ինչ¬որ բան՝ գովազդը միաժամանակ մեզ հրավիրում է մասնակցել ինքներս մեզ եւ աշխարհը տեսնելու գաղափարաբանական ձեւերին»:

Գովազդը հաղորդակցության այն ձեւն է, որ ձգտում է առավելագույն չափով լինել հասկանալի՝ հիմնվելով նախապես գոյություն ունեցող, քաջածանոթ իմաստների ու հաղորդակցական կոդերի վրա, եթե նույնիսկ սպառողին հրավիրում է գլխի ընկնել ինչ¬որ բան, լուծել փոքրիկ գլուխկոտրուկներ:

Տարինար շարունակ տարբեր կողմերից լսում ենք այն մասին, թե մենք այնքան էլ լավ չենք կարողանում աշխարհին հասկանալի ձեւով ներկայացնել «մեր մշակույթը»: Նկատենք, որ այստեղ նույնպես խոսքը մի մշակույթից մեկ ուրիշ մշակույթ կատարվող լավ կամ վատ թարգմանության մասին է: Բայց մեծ հաշվով այդ կարողությունն ուրիշ բան չէ, քան աշխարհին մատչելի ձեւով ապրանքայնացնել այդ մշակույթը եւ կարողանալ վաճառել: Հայաստանում դեռ մնացել են չվաճառված բաներ:

Թվում է, թե այս էսսեի նախազգուշացումն այսօր էլ ուղղված է հեղինակների՝ հասարակության, լսարանի կողմից «հասկացված լինելու» (որ, իհարկե, նշանակում է նաեւ ճանաչած, սիրված լինելու) «բնական» ցանկությանը կամ այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ գայթակղությանը:

Լուսանկարում՝ Ադոռնոն՝ աջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter