HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղորդում հանցագործության մասին` Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ

2010 թվականի հուլիսի 10-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը դիմել է միջազգային հեղինակավոր «Environmental Resource Management» ERM կազմակերպությանը, որպեսզի վերջինս իրականացնի Թեղուտի հանքավայրի շահագործման համար կազմված նախագծային փաստաթղթերի վերագնահատում: Նախագծային փաստաթղթերի վերագնահատում իրականացնելիս ERM-ը հիմնվել է ՀՀ օրենսդրությամբ, Համաշխարհային բանկի ստանդարտներով ամրագրված դրույթների և ստանդարտների վրա: 

ERM-ը ամերիկյան մասնագիտացված կազմակերպություն է, որն իրականացնում է շրջակա միջավայրի հարցերին վերաբերող տնտեսական նախագծերի բնապահպանական, առողջապահական, անվտանգության հարցերով գնահատում և տրամադրում է խորհրդատվություն: Կազմակերպությունը գործում է 1971 թվականից սկսած, և աշխարհի 40 երկրներում ունի շուրջ 4000 աշխատակիցներ: 

ERM-ի իրականացրած վերագնահատման արդյունքներով բացահայտվել են ոչ միայն 2006 թվականին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից հաստատված ՇՄԱԳ-ի փորձաքննական դրական եզրակացության մութ կողմերը, այլև պարզ է դարձել, որ ներկայումս հանքավայրը շահագործվում է միանգամայն նոր՝ 2010 թվականին կազմված նախագծով, որը մշակվել է միջազգային «Ստարտկոնա», «Միկրոմայն» և «Կավոշգարեն» խորհրդատվական կազմակերպությունների օգնությամբ: 2010թ. նախագիծը չի անցել օրենքով սահմանված ընթացակարգերը և չի ենթարկվել բնապահպանական փորձաքննության: Այլ կերպ ասած՝ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է առանց փորձաքննության ենթարկվելու: 

Հաջորդիվ կներկայացվի առավել մանրամասն տեղեկատվություն ERM-ի կողմից վեր հանված փաստերի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք մեր ունեցած մի քանի կետեր, որոնք վկայում են Թեղուտի հանքավայրի շահագործման անօրինականության մասին: 

ü  2010 թվականի նախագծով փոփոխության են ենթարկվել բացահանքի տրամագծերը և խորությունը: Մասնավորապես, 2006 թվականի նախագծով բացահանքի խորությունը նախատեսված էր 432 մետր, մինչդեռ նոր՝ 2010 թվականի նախագծով բացահանքի խորությունը կազմելու է 890 մետր: ERM-ի գնահատման համաձայն, 890 մետր խորությունը ծովի մակարդակից ցածր է (հիմք է ընդունվել Բալթիկ ծովի մակարդակը): Այնուհանդերձ, հանքավայրի շահագործման նախագծում բացակայում են Բալթիկ ծովի մակարդակից ավելի խորը հորատում իրականացնելու համար անհրաժեշտ մեթոդների, ինչպես նաև հանքավայրի ընդլայնման համար պահանջվող լրացուցիչ հողային ռեսուրսների վերաբերյալ բավարար տվյալները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: 

ü  2006 թվականի նախագծի համաձայն մակաբացման աշխատանքների ընթացքում արտադրվելու էր 100,000,000-120,000,000 տոննա մակաբացման ապարներ, որը հավասար է 86,000,000 խորանարդ մետրի: Մակաբացման ապարների քանակի ավելացման վերաբերյալ նոր նախագծում բավարար չափով տեղեկատվություն ներկայացված չէ: 

ü  Մակաբացման ապարները տեղադրելու համար  նախատեսված տարածքը կազմում էր 107.4 հեկտար: Նոր նախագծով՝ այդ տարածքը պետք է կազմի 162 հեկտար տարածք: Մակաբացման ապարները տեղադրելու համար նախատեսվում է ևս 30 հեկտար տարածք ձեռք բրել: Այսպիսով, նոր նախագծով բացահանքի ընդլայնման արդյունքում մակաբացման ապարների քանակն ավելանալու է, որոնց տեղադրման համար 2010 թվականի նախագծի համաձայն պահանջվելու են նոր տարածքներ: 

ü  2006 թվականի նախագծով հանքարդյունաբերական թափոնները տեղադրելու համար նախատեսված էր 214 հեկտար տարածք, որտեղ պետք է լցվեին 173,00,000 խորանարդ մետր պոչանք (թունավոր թափոններ): Սակայն 2010 թվականի նախագծով պոչանքի համար անհրաժեշտ տարածքը պետք է կազմի 250-280 հեկտար, քանի որ ավելացվելու են շահագործման ծավալները: 

ü  Նոր նախագծով փոփոխվել են հանքավայրի շահագործման բոլոր չափորոշիչները՝ հանքաքարի ծավալների մասին տվյալները, շահագործման տեխնիկական ցուցանիշները, լցակույտերի, հարստացման ֆաբրիկայի տեղադիրքերը, անտառահատումների ծավալները և այլն: 

ü  Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանի կողմից ստացված գրության համաձայն՝ «Թեղուտի հանքավայրի շահագործման համար 2010 թ. փոփոխված նախագիծը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»: Նույն գրությամբ տեղեկացվել է նաև, որ Թեղուտի հանքավայրում ՀՀ բնապահպանության նախարարության  աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից տեսչական ստուգումներ չեն իրականացվել: 

Այսպիսով, ERM կազմակերպության կողմից իրականացված վերագնահատման արդյունքում պարզվել է, որ 2010 թվականին կազմված՝ Թեղուտի բացահանքի շահագործման հետևանքով՝ 

  1. ավելանալու է բացահանքի շահագործման խորությունը՝ 432 մետրից հասնելով 890 մետրի, որը շահագործման տարածքի հաշվառմամբ կազմում է Բալթիկ ծովի մակարդակից ցածր (որպես ծովի մակարդակի չափման հիմք է ընդունվում Բալթիկ ծովի մակարդակը).
  2. ընդլայնվելու է բացահանքի տարածքը.
  3. Առաջանալու է թափոնների ավելի մեծ քանակություն, քան նախատեսված էր 2006 թվականին կազմված և փորձաքննության ներկայացված նախագծով.
  4. Թափոնները տեղադրելու համար պահանջվելու են ավելի ընդարձակ տարածքներ, քան նախատեսված էր 2006 թվականին կազմված և փորձաքննության ներկայացված ՇՄԱԳ-ով.
  5. Փոփոխվել են հանքավայրի շահագործման այն չափորոշիչները, որոնք ներկայացված էին 2006 թվականին փորձաքննության ներկայացված ՇՄԱԳ-ում: 

Օրենքի խախտումների հիմնավորումը.

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (հետայսու՝ ՇՄԱՓ օրենք) համաձայն, արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում առանց դրական փորձաքննական եզրակացության: 

ՇՄԱՓ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն լիազորված մարմինը (բնապահպանության նախարարությունը) կարող է վերանայել կամ չեղյալ համարել փորձաքննական եզրակացությունը, եթե փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ: Տվյալ դեպքում, 2006 թվականին ներկայացված և հաստատված նախագծի համեմատ ամբողջությամբ փոփոխվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության ստիճանը, ընդլայնվել են շահագործման ծավալները: 

Նույն հոդվածով սահմանված է նաև, որ նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննական եզրակացության պայմանները խախտելու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է մասամբ կամ ամբողջովին փակել, կասեցնել կամ արգելել նախատեսվող գործունեության իրականացումը մինչև փորձաքննական եզրակացության համար համապատասխան պայմանների ապահովումը: Չնայած օրենքի հստակ պահանջին՝ բնապահպանական տեսչությունը որևէ քայլ չի ձեռնարկել օրենքի պահաջը կատարելու համար: 

Պետական պաշտոնյաներին և շահագործող ընկերության ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու պահանջի հիմնավորումը.

Այսպիսով, ավելի քան 2 տարի է Թեղուտի հանքավայրը շահագործվում է առանց թույլտվության՝ Հայաստանի Հանրապետությանը, Թեղուտ և Շնող համայնքներին և համայնքի բնակիչներին պատճառելով առանձնապես խոշոր ծավալների նյութական վնասներ: Գտնում ենք, որ պետական պատասխանատու մարմինների և հանքավայրը շահագործող ընկերության ղեկավարության գործողություններում առկա են քրեական հանցագործության հատկանիշներ: 

ա/ Մասնավորապես, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնապահպանական պետական տեսչության պարտավորություններն են՝

- արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իր իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք.

- բնապահպանական օրենսդրության խախտում հայտնաբերելիս օրենքով սահմանված դեպքերում և կարգով անցկացնել քննություն.

- հանցագործության հատկանիշներով բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի մասին իրազեկել իրավապահ մարմիններին: 

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանից ստացված գրությունից հետևում է, որ բնապահպանական պետական տեսչությունը չի կատարել իր վրա դրված պարտականությունները: Մեր գնահատմամբ, պետական պատասխանատու պաշտոնյաների արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով (պաշտոնեական անփութությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներ: Պաշտոնատար անձանց կողմից բացարձակ անտարբերությունը զուգորդվում է նաև բարձր կոռուպցիոն ռիսկերով, ինչը ևս պետք է լինի իրավապահ մարմինների քննության առարկա: 

բ/ ՇՄԱՓ օրենքի 19-րդ հոդվածի իմաստով, հանքավայրը շահագործող ընկերությունը պատասխանատու է՝

- փորձաքննության ներկայացվող նյութերի ամբողջականության, ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ նյութերի և փաստաթղթերի ներկայացման,

- փորձաքննական եզրակացության պահանջների կատարման,

- նախատեսվող գործունեությունը կամ հայեցակարգը հասարակայնությանը ներկայացնելու համար: 

Մեր գնահատմամբ, Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերության պատասխանատու անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (ապօրինի ձեռնարկատիրություն) հատկանիշներ, քանի որ 2010 թվականից սկսած Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է առանց օրենքով սահմանված կարգով հաստատված լիցենզիայի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով (աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը), քանի որ աշխատանքները տարվում են 2006 թվականին հաստատված փորձաքննական եզրակացությամբ նախատեսված՝ շրջակա միջավայրի պահպանության կանոնների էական խախտմամբ: 

Սույն փաստաթուղթը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, որին պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ընթացք տրվի: Բոլոր կից փաստաթղթերը և հիմնավորումները կներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը: 

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter