Ջավախքի «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը` Թբիլիսիում
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը դեկտեմբերի 15-16-ին հյուրախաղերով հանդես եկավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում: Երկու օր շարունակ կենտրոնի նախակրթարանի և կիրակնօրյա դպրոցների սաները, հայկական հանրակրթական դպրոցների աշակերտները, քաղաքի հայ երեխաները հնարավորություն ունեցան դիտելու պուրպիկցիների կատարողական բարձր արվեստը:
Թատրոնը գործում է 2004 թվականից, ստեղծվել է դերասան Լիանա Խլոյանի և Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի նախաձեռնությամբ: Դեռևս 2001 թվականին ժամանելով Ախալքալաք և տեսնելով տեղի հայության անմխիթար վիճակը` երևանաբնակ երիտասարդ դերասանուհին հաստատ որոշում է տեղափոխվել Ջավախք և նվիրվել տեղում տիկնիկային թատրոնի ստեղծմանը, նպատակ ունենալով թատրոնի ներկայացումներով օգնել Հայ առաքելական եկեղեցու ծավալած քարոզչական աշխատանքներին, հայ երեխային փոքրուց մերձեցնել քրիստոնյա հավատքին և մայր եկեղեցուն:
«Պուրպիկ» տիկնիկային թատրոնի դերասանական կազմը ստեղծվել է Ախալքալաքի հայկական դպրոցների սաներից: Իսկ պրեմիերան կայացել է Ախալքալաքի «Սուրբ խաչ» եկեղեցում` «Պոչատ աղվեսը« բեմադրությամբ:
Ներկայումս թատրոնում գործում է դերասանական երկրորդ սերունդը: Այժմ թատրոնն իր խաղացանկում ունի չորս ներկայացում՝ «Պոչատ աղվեսը», «Ագահ փայտահատը», «Հիսուսի ծնունդը« և «Մհերի տունը»:
«Պուրպիկ» տիկնիկային մանկապատանեկան թատրոնն իր խաղացանկով շրջագայել է Ախալքալաքի բոլոր հայկական գյուղերում և հյուրախաղերով հանդես եկել Արցախում:
Որոշելով իրենց արվեստը ներկայացնել նաև թբիլիսահայ մանուկներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում անվճար ներկայացրեց «Պոչատ աղվեսը« և «Ագահ փայտահատը» բեմադրությունները: Բոլոր երեք ներկայացումներն ընթացան «Հայարտուն» կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում, երեխաների ուրախ ծիծաղի, աշխույժ միջամտությունների և բուռն ծափահարությունների ուղեկցությամբ:
«Պուրպիկ» մանկապատանեկան թատրոնը Թբիլիսիում ներկայացում ցուցադրեց նաև “RHA” վերականգնողական կենտրոնում, նախագահ Էլիսո Ռեխվիաշվիլու հրավերով, ում հետ թատրոնը վաղուց համագործակցում է:
Ողջունելով «Հայարտան» գործունեությամբ և թբիլիսահայության շրջանում հայապահպանության նպատակով ծավալված աշխատանքները` «Պուրպիկ» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Լիանա Խլոյանը թբիլիսյան հյուրախաղերն ավարտեց «Մենք գնում ենք նորից գալու ակնկալիքով» խոսքերով:
Վիրահայոց թեմի մամլո դիվան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել