HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ո՞վ է ձեզ իրավունք տվել ԲՀԿ-ին ինչ-որ մի տեղ ճխտել, ինչ-որ մի տեղ կոխել»

«Էթիկայի հանձնաժողովը չպիտի լինի քաղաքական մարմին եւ չպետք է քաղաքականացված լինի, ինչպես նաեւ պետք է արտացոլի խորհրդարանի ողջ գունապնակը եւ հավասար հնարավորություններից ընձեռվեն իշխանական եւ ընդդիմադիր պատգաավորներին, ովքեր ընդգրկված են հանձնաժողովում»,-Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր' Դավիթ Հարությունյանը, հանդես են եկել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն եւ լրացում անելու նախաձեռնությամբ, որը վերաբերում է խորհրդարանի էթիկայի հանձնաժողովին:

Նախաձեռնությամբ նախատեսվում է էթիկայի հանձնաժողովում հավասարեցնել իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների թիվը եւ պահել հավասարակշռություն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է դրդապատճառը, որ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին մասնակից չլինելով' նա հանդես է եկել նման նախաձեռնությամբ:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, թե ինքը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եւ լինելով պատգամավոր, մասնագիտությամբ էլ իրավաբան' փորձել է առաջացած խնդիրները տեսնել իրավական հարթության մեջ եւ դրանց լուծում տալ' օգտվելով օրենսդրական նախաեռնությամբ հանդես գալու իր իրավունքից:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախաձեռնությունը չի քննարկվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ օրակարգ է մտել արտահերթ ընթացակարգով:

Արփինե Հովհաննիսյանը արձագանքեց, թե արտահերթ նստաշրջանում ամենեւին էլ պարտադիր չէ հանձնաժողովային քննարկում եւ հարցը պետք է դիտել ժամանակի սղության կոնտեքստում:
ՀՅԴ-ական մեկ այլ պատգամավոր' Արմեն Ռուստամյանն էլ դժգոհեց, որ հապճեպ եւ արտահերթ կարգով նախագիծը քննարկելու կարիք չկա, այն էլ կառավարության նախաձեռնած նստաշրջանի ընթացքում: Պատգամավորը նաեւ նշեց, որ այդ հարցը կառավարության օրակարգ ընդգրկելու համար կառավարությանը պետք է դիմեր ԱԺ ղեկավարությունը, ԱԺ-ն ընդհանրապես, այլ ոչ 2 «արտոնյալ» պատգամավորները:

Արմեն Ռուստամյանի հարցը բարկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, եւ նա լեզվակռիվ սկսեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ, ասելով, թե հարցը քննարկվել է ՀՀԿ խմբակցությունում եւ պատգամավորների խնդիրը չէ, թե ով կներկայացնի նախագիծը եւ ով կդիմի կառավարությանը: Մոտ 5 րոպե լեզվակռիվ անելուց հետո' Հ. Աբրահամյանը նշեց. «Ձեզ կհրավիրեմ մի լավ տեղ, որ հանգստանաք»:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ խորհրդարանում կա իշխանություն, ընդդիմություն եւ քաղաքական ուժ' ԲՀԿ-ն, ով ոչ իշխանություն է, ոչ էլ ընդդիմություն:
«Ո՞վ է ձեզ իրավունք տվել ԲՀԿ-ին ինչ-որ մի տեղ ճխտել, ինչ-որ մի տեղ կոխել»,-դժգոհեց Աղվան Վարդանյանը: «Կոռեկտ բառեր օգտագործեք, կոչ եմ անում չմեծամտանալ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Աղվան Վարդանյանն էլ դժգոհեց, թե ուր է նախաձեռնության համահեղինակ Դավիթ Հարությունյանը: Այս հարցը նույնպես հունից հանեց Հովիկ Աբրահամյանին. «Տո ձեզ ինչ, թե ուր է Դավիթ Հարությունյանը, այ քեզ բան…»:

Թեժ քննարկումները շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter