HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անթեմ» Ջավախքը և Գարեգին Բ-ի ձախողման իրական պատճառները

Արդեն մեկուկես տարի է անցել այն օրերից, երբ կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելեց Վրաստան, եղավ Հայրենի Ջավախքում: Այցը շատերը համարեցին պատմական` ելնելով այն հանգամանքից, որ տասնամյակներ շարունակ Հայոց կաթողիկոսներից և ոչ մեկը չէր այցելել Ջավախք: Այդուհանդերձ, երբ հարցը քննում ենք ձեռքբերումների տեսանկյունից, դժվար է այն պատմական որակելը, քանի որ, բացի որոշ կամ անորոշ խոստումներից, ուրիշ ոչ մի շոշափելի ձեռքբերում չգրանցվեց վրացական կողմի հետ վիճելի կամ ներհայկական եկեղեցական խնդիրներում:

Այցից հետո Վրաստանում տեղի ունեցան որոշ տեղաշարժեր տարբեր կրոնական կազմակերպություններին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ տալու հարցի շուրջ: Շատերն այն համարեցին պատմական ձեռքբերում, քայլ դեպի ժողովրդավարություն, վիրահայոց տասնամյակներ ձգվող խնդիրների լուծում և այլն: Սակայն իրադարձության խորքային քննումը ցույց տվեց, որ այն իրականում խաբկանք էր: Նախ`փորձ արվեց խնդիրը լուծել ոչ թե խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի մշակմամբ և ընդունմամբ, այլ ընդամենը փոփոխություն մտցվեց «Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի» մեջ` ավելացնելով 1509-րդ հոդվածում «զ» ենթակետը (տես` «Քաղաքացիական օրենսգրքի մեջ փոփոխություն կատարելու մասին Վրաստանի օրենքը», 05.07.2011, №5034-ՌՍ, թարգմ. վրաց.): Հաջորդը և ամենակարևորը` սույն օրենսդրական խմբագրումը չի կարգավորում գրանցված կրոնական միավորումների սեփականության իրավունքը:

Այս կետն էր ամենակարևորը և բաղձալին հայկական կողմի համար, քանի որ վերջինս պահանջներ ունի բազմաթիվ վանական կալվածքների և եկեղեցիների մասով, իսկ ահա այս հարցը չի կարգավորված սույն օրենքով, որից ելնելով` տեսանելի ապագայում հայկական եկեղեցիների վերադարձի հարցը չի լուծվելու: Մշուշոտ է նաև ՀԱԵ-ի` հատկապես ո՞ր իրավական դաշտում գործելու հանգամանքը (օրենքի մանրամասն քննությանը մենք ժամանակին անդրադարձել ենք):

Վերն առաջ քաշված խնդիրների շրջանակներում կուզենայինք քննել մի շարք հարցեր, որոնք խորը մտորելու տեղիք են տալիս: Նախ` ինչու՞ ձախողվեցին Գարեգին Բ-ի այցի` եկեղեցիների հետ վերադարձի մասով բանակցությունները: ՀԱԵ ներկայացուցիչները կամ այլ շրջանակների կողմից բերված պատճառաբանությունները, այն է` վրաց կաթողիկոս Իլյա II-ն անզիջող էր, վերադարձի դիմաց ներկայացնում էր ՀՀ տարածքում մի շարք եկեղեցիների համար անհարկի պահանջներ և այլն, արդարացման էժանագին միջոցներ են: Խնդիրն ավելի խորքային է: Իրականում վրաց կաթողիկոս-պատրիարքի պահանջներն այնքան էլ անհիմն չեն, եթե խորանում ենք հարցի էության և Էջմիածնի գործունեության կամ, ավելի ճիշտ կլինի ասել, անգործության մեջ:

Հայտնի է, որ, սկսած 7-րդ դարի առաջին քառորդից, մինչ 8-րդ դարի սկզբները (մինչ Հ. Օձնեցի կաթողիկոս), ունեցել ենք քաղկեդոնադավան եկեղեցի: Իսկ, սկսած 10-րդ դարից, մինչ 14-15-րդ դարերը, այսինքն` մինչ Բյուզանդիայի վերացումն ու հյուսիսային վրաց-քաղկեդոնական ազդեցության թուլացումը, բյուզանդական և վերելք ապրող վրացական ազդեցության պայմաններում Հայաստանում առկա էին երկաբնակ դավանանքի մի շարք գավառներ: Ահա այս երկու շրջանների պատմաճարտարապետական կոթողները, բնականաբար, կրելու էին այս դավանանքին բնորոշ ձև և բովանդակություն: Եթե առաջին ժամանակափուլի` 7-րդ դարի կոթողները (Զվարթնոց, Արուճի Ս. Գրիգոր և այլն) հասկանալի պատճառներով չեն կրել պաշտոնական եկեղեցու հալածանքները, ապա երկրորդի` 10-13-րդ դարերի հուշարձանների կառուցման հեղինակ քաղկեդոնիկ հայերը, ՀԱԵ հալածանքների պատճառով օտարվելով իրենց ազգությունից (հարկ է այդ առթիվ վկայակոչել Պետրոս Գետադարձ կաթողիկոսի 1021 թ. կազմակերպված Վասպուրականի հայության տեղափոխումը Սեբաստիա), կրել են հարևան քաղկեդոնիկ պետությունների և մշակութային, և լեզվական ազդեցությունները: Տայքի (Բանակ (7-րդ դար), Իշխան (7-րդ դար), Օշկ վանք (10-րդ դար) և այլն (Տ. Մարության, Խորագույն Հայք, Ե., 1978)), Ջավախքի (Աբուլ, Ազավրեթ, Ալաստան, Բավրա, Բեժանո, Բուռնաշեթ, Գանձա, Թմկաբերդ, Մեծ Խորենիա, Ծունդա (Նաքալաքև), Կոկիա, Գումբուրդո, Ղաուրմա, Մեծ Սամսար, Սաղամո, Տամալա, Փոկա, Քարցեբ բնակավայրերում և վերջիններիս հարակից վայրերում առկա մի շարք եկեղեցիներ, գերեզմանոցներ և քաղկեդոնիկ մշակույթի այլ նմուշներ) և Լոռի-Տավուշի (Պղնձահանք (Ախթալա), Խուճապավանք, Քոբայրավանք, Կիրանց և այլն) մի շարք հուշարձաններ նշյալ իրողությունների բերումով ստեղծված քաղկեդոնիկ մշակույթի իսկական գանձեր են: Վերջիններիս վրա արագորեն հայտնվում էին հին վրացերեն արձանագրություններ, պատճառը, ինչպես նշեցինք, և՛ ՀԱԵ-ի մերժողական, հալածական կեցվածքն էր, և՛ վրաց աշխարհիկ և հոգևոր վերնախավի խոշորացող ազդեցությունը, քանի որ 10-13-րդ դարերի քաղկեդոնիկ հուշարձանների կառուցողներն օտարված էին հայ ազգից, իսկ վերջիններիս ստեղծած գոհարները չէին համարվում հայ մշակույթի մաս:

Ահա  այս վրացատառ արձանագրություններով պատված հայ-քաղկեդոնիկ մշակույթի նմուշ-հուշարձանաբույլի հանդեպ է, որ վրացական կողմն ունի «պահանջատիրոջ» կեցվածք: Սակայն կրկին այս ամենը չէր բուն պատճառը, որ վրացական կողմն անզիջող գտնվեց, և մենք 2011 թ. ամռան բանակցություններում պարտվեցինք: Նախախորհրդային և խորհրդային տարիներին գիտական մակարդակով, իսկ հետխորհրդային տարիներին` արդեն գործնականապես,  վրացական կողմը սկսեց մի կատաղի և լայնամասշտաբ պայքար, որով մեկը մյուսի հետևից նվաճվում, վերանորոգվում և օծվում էին Ջավախքի վերոնշյալ հայ քաղկեդոնիկ եկեղեցիներն ու հուշարձանները: Որոշներն արդեն գործում են որպես վրացական կրոնատեղիներ, որոշներն ընթացքի մեջ են, իսկ որոշները դեռևս զավթման սաղմնավորման` որպես վրացական հուշարձան ներկայացվելու փուլում են: Բավական է մտնել Ջավախքի շրջանների պաշտոնական կայքէջեր, որպիսի ականատեսը լինենք պետական մակարդակով զավթման պաշտոնականացմանը:

Ջավախքի ժողովուրդը իր ուժերի ներածին չափով պայքարեց վրացական այս նկրտումների դեմ, սակայն հզոր հոգևոր, պետական և վարչական օղակների բռնաճնշումներն ու հակազդեցությունն անմիջապես երևան եկան. զավթման գործընթացը թեև դանդաղեց, բայց կանգ չառավ: Ջավախքի բռնազավթված քաղկեդոնիկ հուշարձանները չպահանջելու, այդպիսով` իրեն այդ հուշարձանների տեր չհամարելու ՀԱԵ այս դատապարտելի վարքագիծն ահա փայլուն օգտագործվեց Իլյա II-ի կողմից: Անգամ կաթողիկոս Գարեգին Բ-ի այցի երթուղին, որը մշակվել էր ոչ պատահականորեն, հաստատեց ևս մեկ անգամ, որ ՀԱԵ-ն ոչ մի խնդիր չի տեսնում ՎՈւԵ-ի կողմից Ջավախքի հայ քաղկեդոնիկ հուշարձանների յուրացման հետ կապված. Գարեգին Բ-ն այցելեց Ախալքալաքի նախկին մսուր-մանկապարտեզի վրա կառուցված վրացական եկեղեցի, որը սակայն սոսկ հյուրընկալ կողմի սովորական եկեղեցի չէր. վերջինս նստավայրն է ՎՈւԵ Ջավախքի թեմի, իսկ թեմը կոչվում է Ախալքալաքի և Գումբուրդոյի միտրոպոլիտություն:

Բոլորին է հայտնի, որ Գումբուրդոյի 974 թ. հայ քաղկեդոնիկ հրաշակերտ եկեղեցին արդեն քանի տարի է, ինչ փորձում են զավթել ՎՈւԵ ներկայացուցիչները, որին դեմ է հանդես գալիս տեղի գյուղացիությունը: Խիստ զգայուն այս հարցի առթիվ իր ժամանակին գյուղ է այցելել անգամ հանգուցյալ վարչապետ Զ. Ժվանիան: Հազիվ թե այս ամենի մասին տեղյակ չլինեին մեր պատվիրակության անդամները. անգամ լուրերից կարելի էր լսել դրանք: Խնդիրն այստեղ ՀԱԵ-ի պատմական սխալի, այն է` միջնադարյան հայ քաղկեդոնիկ հուշարձաններններն իրենից և ազգից օտարելու մեջ է: Իրավամբ` եթե մինչ օրս հաշտվողական, լուռ համաձայնողական կեցվածք ենք դրսևորել Ջավախքի հայ քաղկեդոնիկ հուշարձանների անխնա յուրացման և վրացացման հանդեպ, ի՞նչ պատմական կամ բարոյական իրավունք ունեինք նույն դարաշրջանի և նույն դավանանքի մարդկանց ձեռքով կառուցված Լոռի-Տավուշի մի շարք եկեղեցիներ սեփականելու կամ ներկայացվող վրացական պահանջները անհարկի կամ անհիմն համարելու: Ինչ է` մի դեպքում դրանք «հիմնավոր» են (վկա` ՀԱԵ պասիվությունը), մեկ այլ դեպքում` «անհի՞մն»: Այդպիսի բան չի կարող լինել կյանքում: Նեղլիկ, հատվածական-կրոնական շահերով առաջնորդում, որը միջնադարում բերեց հարյուր հազարավոր հայության օտարում ինչպես մայր ազգությունից, նույնպես և Մայր Հայրենիքից, իսկ այսօր նույն դրսևորումներով հանդես է գալիս հուշարձանների օտարման տեսքով:

Ահա թե որն է մեր 2011 թ. «ամառային» բանակցություններում պարտության իրական պատճառը:

Երբ 2011 թ. կաթողիկոս Գարեգին Բ-ի` Ջավախք այցից օրեր անց հեռուստատեսությամբ քննարկում և ամփոփում էինք այցի արդյունքները, ես մտահոգություն հայտնեցի` իմ վերոշարադրյալ միտքը մի քանի նախադասությամբ մեջբերելով: Ի արձագանք իմ մտահոգության` քննարկմանը ներկա ՀԱԵ հոգևորական-ներկայացուցիչը պատասխանեց հետևյալը, որ «ՀԱԵ-ն չի կարող ինչպես Ջավախքի, այնպես էլ ընդհանրապես հայ քաղկեդոնիկ հուշարձաններին տեր կանգնել, քանի որ դրանք մերը (տվյալ պարագայում՝ ՀԱԵ-ինը-Վ.Ս.) չեն»: Այդ առթիվ վերջինս բերեց օրինակ. «Եթե մի օր հայ կաթոլիկները վերանան (ինչպես վերացել են հայ քաղկեդոնիկները- Վ.Ս.), ապա վերջինիս կալվածքներն ամբողջովին կհանձնվեն Հռոմին»:

Եթե անգամ կրոնական տեսանկյունից հնարավոր է ինչ-որ կերպ հիմնավորել այս փաստարկը, սակայն հավաքական ազգային շահերից ելնելով սա կործանարար իրողություն է հայ ազգի համար: Եթե այդպես վարվենք, ապա ինչու՞ չենք հանձնել «իսկական տիրոջը»` Բյուզանդիային, Զվարթնոցի տաճարը, Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին, Բանակի տաճարը, Իշխանը, Օշկ վանքը և այլ կոթողային աշխատանքներ, որոնք, ինչպես տրամաբանում են ՀԱԵ ներկայացուցիչները, «մերը չեն» և «մի օր պետք է հանձնվեն»: Չկա՞ Բյուզանդիան, վերջինիս տեղում կա Թուրքիան, հանձնենք նրան, աճուրդի հանենք, կարծում ենք` տերեր կգտնվեն: Ահա թե ինչպիսի զավեշտի կարող է հասնել ամեն ինչ, եթե առաջնորդվում ենք ՀԱԵ հատվածապաշտ տրամաբանությամբ: Եթե այսօր չկա հայ քաղկեդոնադավան համայնք, որը պետք է տեր կանգներ իր ստեղծած 7-րդ և 10-13-րդ դարերի արժեքներին, ապա միթե՞ դրանք անտեր են կամ պատկանում են քաղկեդոնադավան Բյուզանդիային կամ Վրաստանին: Միաժամանակ, ելնելով կրոնական հիմքերից կամ համոզմունքներից, հայոց համահայկական-համազգային արժեքները սրան-նրան հանձնելու Էջմիածնի իրավունքը խիստ քննելի իրողություն է: Ի վերջո` միթե՞ քաղկեդոնիկ հայի ստեղծած արժեքը հայկական չէ, ի վերջո` ինչու՞ է մեր կաթողիկոսը կոչվում Ամենայն Հայոց: Ես բոլոր հիմքերն ունեմ հայտարարելու, որ պետք է և ժամանակն է, որ մեր կաթողիկոսի կոչումը խմբագրվի` վերանվանվելով Կաթողիկոս Ամենայն Առաքելադավան Հայոց:

Իմիջայլոց, նույն պատճառահետևանքային կապը գործեց նաև Ջավախքի արևմտյան հատվածի` 18-րդ դարի երկրորդ կեսերին կաթոլիկացած, հետևաբար` հայկական միջավայրից արագորեն հալածված և նույնքան արագորեն վրացացած հայ-կաթոլիկների և վերջիններիս մի ժամանակ պատկանած Ախալցխայի Երևման Սբ. Խաչ եկեղեցու ուղղակի հանձնման պարագայում: Վերջին շրջանում Երևման Ս. Խաչի հանդիսավոր բացումը որպես վրացական «Սբ. Ռոզեյրի»-ի եկեղեցի` հայ ազգի հերթական մշակութային կորուստն էր: «Հռոմապատկան» եկեղեցին ի պահ հանձնվեց կրկին Հռոմին, սակայն «հռոմեական ճանապարհի» վրա էլ այն խլվեց վրացիների կողմից: Ախալցխայի վրացացած հայ-կաթոլիկների ծավալուն խնդրի մասին կխոսենք մեկ այլ անգամ:

Կաթողիկոս Գարեգին Բ-ի` հատկապես Ջավախք այցի հաջորդ սպասելիքը և տրված խոստումը Ջավախքում ՀԱԵ թեմի բացման և, դրանով իսկ, Ջավախքի Ընդ. Առաջնորդական փոխանորդությունը ընդհանուր Վիրահայոց թեմից տարանջատելու մասին հավաստիացումն էր: Խոսվեց անգամ ժամկետների մասին` մեկ տարի: Անցել է ավելի քան մեկուկես տարի, սակայն ոչ մի քայլ այդ ուղղությամբ: Ավելին` հարցի ձգձգման ուղղությամբ ողջամիտ բացատրությունների բացակայությունն արդեն կես տարի է, ինչ ջավախահայության մոտ տեղի է տալիս այն ոգևորության նվազումի, որը կար Գարեգին Բ-ի այցի օրերին: Վերջին շրջանում բավականին ակտիվություն է նկատվում Վիրահայոց թեմում, իրականացվում են մշակութային ծրագրեր, թեմի առաջնորդը հանդես է գալիս որոշակի պահանջներ պարունակող հայտարարություններով և այլն, սակայն այս ակտիվությունը, ցավոք, մեծամասամբ տեղափոխվել է Թիֆլիս: Այնինչ՝ Ջավախքի տարածաշրջանը պահանջում է առանձնահատուկ մոտեցումներ, Ջավախքի տարաբնույթ հիմնահարցերի մեծամասնությունը բոլորովին նման չեն Թիֆլիսում առկա խնդիրներին, բացի ֆիզիկաշխարհագրական դժվարություններից, կապի, տրանսպորտային միջոցների խնդիր և այլն (Թիֆլիսից դեպի Ջավախք Վիրահայոց թեմի առաջնորդի այցի սակավության մասին դեռ անցյալ դարասկզբին գրում էր «Մշակի» նամակակիրը. «… Ի դէպ, մեր գաւառի (Ախալքալաքի գավառ-Վ.Ս.) շատ բազմամարդ և առաջնակարգ հայ լուսաւորչական գիւղերը այստեղ գաղթելուց յետոյ, հաւանականօրեն դեռ արժանացած չեն հայ եպիսկոպոսի այցելութեան: Արիտակէս եպիսկոպոս Սեդրակեան Թիֆլիսի իր թեմակալութեան ժամանակ մի քանի անգամ այցելել է այս գաւառը, բայց չեմ կարծում, թէ բոլոր գիւղերը այցելած լինի, իսկ հետևեալ թեմակալները երբէք չեն այցելել հայաշատութեամբ կարևոր այս գաւառը: Ժողովուրդը երկար տարիներ սպասում է ներկայ առաջնորդ Սուրէնեանի շնորհաբեր գալստեանը, յուսալով, որ իրանց առաջնորդը` տեղն ու տեղը անմիջապէս ծանօթանալով իր իրաւասութեանը վերաբերվող տեղական կենսական խնդիրների և կարիքների հետ` կարգադրութիւններ կանէ կամ վճիռներ կկայացնէ ո'չ թէ ընդհանուր կշռադատութիւննրով կամ նոյն իսկ առանց դրանց, ինչպէս օրինակ, եկեղեցական գումարների հարցում, այլ իրողութեան և իրական փաստերի ու երեւոյթների անողոք լօգիկայի հիման վրա: Փառք Աստծու, Թիֆլիսը աւելի մոտ է մեզանից, քան Սարատօվը (նամակագիրը նկատի ունի Ջավախքի հայ-կաթոլիկներին (հայախոս և վրացախոս) և վերջիններիս եպիսկոպոսանիստ կենտրոն Սարատով քաղաքը, որտեղից ևս, շուրջ 73 տարի ոչ մի առաջնորդ չէր այցելել Ախալցխայի և Ախալքալաքի գավառներ – Վ.Ս.), և հազարաոր վերստեր կտրելու կարիք չը կայ» («Մշակ», Թիֆլիս, 1903, թիվ 142)), Ջավախքի և թիֆլիսի հայության միջև առկա են խորը պատմական, հոգեբանական, լեզվամշակութային և այլ կարգի տարբերություններ, որոնք չի կարող ընկալվել և կանոնակարգվել մեկ թեմի կողմից: Ավելին՝ Ջավախքի հիմնահարցը երբեք չի կարող նույնացվել Վրաստանի այլ շրջանների խնդիրների հետ, դա վրաց իշխանության ներկայացուցիչների ցինիկ հայտարարություններին է հարիր: Ուստի՝ Ջավախքը թեմի իմաստով նույնացնել համայն Վրաստանի թեմի հետ, նշանակում է տուրք տալ նշյալ հայտարարություններին: Միաժամանակ՝ բազմիցս ենք նշել, որ թեմի ստեղծումով անհամեմատ կավելանան մշակութային ծրագրերը, հոգևորականների թիվը, որոնք ներկայումս, վրացական հոգևորականների աճող բանակի դիմաց, դեռևս մի քանիսն են: Կարևոր է ավելացնել նաև, որ Ջավախքի ընդ. առաջնորդական փոխանորդության հոգևորականները, չնայած քանակի նվազ լինելուն, աշխատում են բավականին արդյունավետ, կարճ ժամանակում սիրվում ջավախահայության կողմից:

պ.գ.թ. Վահե Սարգսյան

«ՄԻՏՔ» վերլուծական կենտրոն

17.12.12 թ.

Մեկնաբանություններ (4)

Հայր Եղիշե
Եթե Վահեն կարծում է, որ այս հոդվածը գրելով ինքը Ջավախքի կամ այնտեղ գնտնվող Եկեղեցիների մասին ավելի շատ է մտածում, չարաչար սխալվում է: Ինձ թվում է, որ նա ինքնահաստատման ոչ ճիշտ եղանակ է ընտրել: Այս հոդվածքը գրելով նա ավելի մեծ վնաս է տալիս, քան վրացիները, որ չեն վերադարձնում Հայկական Եկեղեցիները: Հետաքրքրական է, ինչ է ուզում հեղնակը:
Հայ
Պատմության անգիտությամբ գրված եւ Հայ եկեղեցուն անհիմն մեղադրող անիմաստ նյութ է։ Իսկ ''բոցը'' Սենեքերիմ Արծրունու մեղքը նույնպես Գետադարձի վրա բարդելն էր։ Իսկ ստորագրողը պ.գ.թ. է։ Վայ մեզ...
Vahe
Knerek, vor angliatar em grum, tserkis tak eghats hamakargchis mej chka hayeren tar. 1. Kapvats Hayr Eghishei meknabanutyan het. Hayr Eghishe, es chei el kaskatsum,vor hogevorakanneri koghmic klinen srtamormok barbajankner. Sirelis,es inknahastatman karik chunem, es angam jamanak chunem nman nyuter grelu, parzapes anhnar e achk pakel ayn ameni araj,inch katarvum e ays volortum. Es chgitem, te inchumn e im vnasy, bayc vor du kardalov nyut@, noric harcnum es, te inch em uzum, apa vijakd voghormeli e. Isk iren HAY anvanogh erkrord antsnavorutyan meknabanutyan kapakcutyamb nshem, vor,aveli lav kliner dadarer HAE pastabanutyamb zbaghveluc, xor@ mtatser ev Getadartsi het kapvats dasagrkayin ir giteliknerov iren vay chtar - viravorelov urishnerin. Hodvatsagrin kareli e chhamatsaynvel - berelov hakarak paster,isk urish kerp motecum@ es hamarumem mardu anzorutyun@ hastatogh ev dranic bxogh prpurayin drsevorum....
Ռուբեն
Հայր Եղիշե, Ձեր գնահատականը շատ կտրուկ է թվում: Ի՞նչն ի նկատի ունեք: )))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter