HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերին Գետաշենը «խոպանչին» է պահում

«Ղուրբան լինենք Մեդվեդեւին ու Պուտինին»

«Գրի կարտոլի մասին, որ մշակում ենք, բայց չի սպառվում: Գրի, որ չենք կարում ապրենք, այ էդ գրի: Մենք կարտոշկով ու անասունով ենք ապրում: Էսօր միսն էլ արգելեցին, կարտոշկեն էլ…»,- ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի գյուղապետարանում հավաքվածներից մեկը, երբ իմացան, որ լրագրող եմ:

Գյուղում հիմնականում կարտոֆիլի արտադրությամբ ու հողագործությամբ են ապրում, սակայն վերջին տարիներին, գետաշենցիների խոսքերով, չեն կարողանում կարտոֆիլ արտադրել, իսկ ամեն տարի հայտնաբերվող որեւէ հիվանդության պատճառով վախենում են նաեւ անասուն պահել:

Պատճառը, որ հիմա չեն կարողանում հողագործությամբ զբաղվել, նրանց խոսքերով, բիզնեսն է: «Տարիներ առաջ բիզնես չկար, պատգամավոր չկար, որոնք հազարավոր հեկտարներով կարտոշկա են ցանում, էլ մեզնից չեն առնում, իրանք ցանում, իրանք իրար ծախում, իրանք էլ ապրում են…»,-ասում են նրանք՝ վախենալով նշել պատգամավորի անունը: 

Գյուղապետարանի ֆինանսիստ Մուրադ Մուրադյանի խոսքերով էլ` կարտոֆիլը չի սպառվում, քանի որ պլանավորում չկա, ով ինչ ուզում, անում է.  գյուղացին մշակում է կարտոֆիլը, հետո 50-60 դրամով վաճառում վերավաճառող կազմակերպություններին, վերջիններս սպառողին նույն կարտոֆիլը վաճառում են 150 դրամով:

«Իմ մատղաշ հարսը հղի վիճակով կարտոլ ա մշակել, որ փող ստանանք, էսօր չիրացվի, մեղք ա էս ժողովուրդը: Սով ա, սով, ամեն տեղ ժողովուրդը սոված ա…»,-ասում է Մուրադը:

Վերին գետաշենցիները վրդովված են. գյուղատնտեսության նախարարությունն ինչ-որ ծրագրեր իրականացնում է, որ բերքը լավ լինի, շատ լինի, սակայն սպառման հարցով ոչ մեկը չի մտահոգվում:

-Վարչապետն ասում է՝ սկսել ենք լավ ապրել,-ասում եմ:

-Ինքը կարող ա՝ լավ ա ապրում…,-ասում են (ծիծաղում են):

-Բայց տեսնում եմ, որ լավ տներ ունեք, որ տուն մտա, լավ վերանորոգած էր, ամեն ինչ` տեղը տեղին…

-Ղուրբան լինենք Մեդեւեդեւին ու Պուտինին:  Մեր էրեխեք գնում են խոպան, ընդեղ էդ փողն աշխատում, գալիս, սարքում են իրանց տներ: Դրա համար էլ լավ տներ տեսար,-ասում է  Մուրադը:

Նրա որդիները եւս ամեն տարի մեկնում են արտագնա աշխատանքների:

Վերին գետաշենցիներն արտագնա աշխատանքի են մեկնում հիմնականում Ռուսաստան՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու:

«Մեր նախագահի արտաքին քաղաքականությունը շատ լավն ա. որ ռուսի հետ լավ չլինենք, սովամահ կլինենք: Նախագահի վարած ներքին քաղաքականությունն իսպառ բացակայում ա, դրա համար էլ մենք Պուտինին ու Մեդվեդեւին ենք «պրիզնատ գալիս»: Ով մեզ պահում ա, էն էլ մեր նախագահն  ա»,-ասում է մեկ այլ գյուղացի` չցանկանալով, որ նշվի իր անունը:

Գնացողների թիվն ավելանում է

Վերին Գետաշենում գրանցված է 5026 բնակիչ, սակայն գյուղում, ըստ գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Մարտին Մխիթարյանի, փաստացի բնակվում է մոտ 4.000 մարդ: Գյուղացիների խոսքերով, սակայն, իրենց գյուղում բնակիչների թիվը մոտ 3000 ու մի քանի հարյուր է:

Վերին Գետաշենում կա  803 ընտանիք, որից, ըստ Մ. Մուրադյանի,  118 –ում մարդ չի ապրում, 108 ընտանիք անասուն չունի:

2011 թվականին արտագնա աշխատանքների է մեկնել մոտ 1400 մարդ, 2012-ին` մոտ 1800:  Նրանցից ոմանք գնում, աշխատանք են գտնում, հետ գալիս ու տանում իրենց ընտանիքներին:

Մ. Մուրադյանի խոսքերով` միայն քսան օրվա ընթացքում երեք ընտանիք հեռացել է գյուղից:

Երկու տարվա ընթացքում գյուղից հեռացել ու չի վերադարձել մոտ ութ ընտանիք:

«Մեր գյուղը շատ ավանդապաշտ ա, իրա արմատներին կպած, բայց եթե ստեղ են դատարկվում, ուրեմն ամեն տեղ էլ էդ ա: Ուղղակի մեր գյուղում շատերը դեռ գնում աշխատում, հետ են գալիս իրանց տուն»,-ասում է գյուղապետարանում հավաքվածներից մեկը:  

Վերին Գետաշենում ամռանը հիմնականում մնում են կանայք, երեխաներն ու ծերերը:

Տղամարդիկ բացակայում են տնից ինը ամիս: Հետ են գալիս ձմռանը՝ Ամանորն ընտանիքի հետ նշելու, իսկ գարնան գալուն պես կրկին մեկնում են արտագնա աշխատանքների:

«Ջահել տղերքն ամուսնանում են, հարս բերում, որ ծնողներին պահեն,  20-30 օրից իրանք էլ թողնում, գնում են… Տարին մի անգամ գալիս, տնեցիքին տենում, էլի գնում…Տենց էնքան ընտանիքներ կան՝ քայքայվում  են»,-ասում են գետաշենցիները:

Պատմում են, որ իրենց համագյուղացիներից մեկն արդեն քսան տարի է` ամուսնացած է, բայց եթե կնոջ հետ անցկացրած օրերն իրար գումարես, հազիվ 750 օր կլինի:

Նման ընտանիքներ գյուղում շատ կան:

«Բակունցի վախտերից մի բան փոխվել ա»

«Գյուղում որ ամառը մարդ ա մահանում, կնանիք են թաղում անում: Հեչ մարդ չի լինում, որ թեկուզ էդ դագաղը տանի, սաղ մենք ենք անում»,-պատմում են վերին գետաշենցի կանայք:

Սկզբում փակ են, չեն խոսում, կասկածում են, սակայն աստիճանաբար սկսում են պատմել իրենց առօրյայից, կանչում են միմյանց, որ  սուրճ խմեն ու զրուցեն դեսից-դենից (լուսանկարվել այդպես էլ չցանկացան):

Ալետան ասում է, որ ամուսնության հենց առաջին տարվանից ամուսինը մեկնել է խոպան: Այդպես` արդեն երկար տարիներ:  Ինքը չի կարող ամուսնու մոտ գնալ, քանի որ պետք է ամուսնու ծնողներին հոգ տանի, տանը հետեւի:

Իր կյանքից դժգոհ չէ. ամուսինն իրեն հարգում է, հաշվի է առնում կարծիքը, կարող է տնից դուրս գալ ու նաեւ գնել իր ուզած զգեստը: Գյուղի կանանց համար դա էլ մեծ առավելություն է, բացի դա` նաեւ տղա երեխա է ունեցել:

«Բա ո~նց, տղա էրեխեն ա հարսի ոտն ամրացնում…»,-ասում են գետաշենցի կանայք:

Սեդայի դուստրը՝ Աստղիկը, 19 տարեկան է: Ինչպես գյուղի երիտասարդ աղջիկների մեծ մասը, ինքն էլ չի աշխատում, դպրոցն ավարտելուց հետո ուսումը չի շարունակել:

Ազատ ժամանակ սերիալներ է դիտում (մշակույթի տուն էլ ունեն, բայց, օրինակ, այդ օրը, երբ Վերին Գետաշենում էի, այնտեղ հարսանիք էր), տնից դուրս է գալիս միայն հոր թույլտվությամբ: 

Աղջիկների նկատմամբ  խիստ են, տղաներն ավելի ազատ են դաստիարակվում, սակայն նրանք էլ ունեն ծնողներին պահելու պարտավորություն:

Այդ պատճառով էլ Վերին գետաշենցիները գերադասում են տղա երեխա ունենալ. աղջիկն ուրիշի ծնողներին խնամելու համար է:

Սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումներ հաճախ են անում, դրանցից շատերը՝ տնային պայմաններում:

«Ես վեց անգամ աբորտ եմ արել… Մի անգամ էլ դեղ եմ խմել, աբորտ արել, հետո բարդացումներ ա տվել, գլխիս մեծ փորձանք դառավ, հազիվ փրկեցին… Բա ինչ անեի, տունը կռիվ էր ընկել, թե տղա չես ունենում…»,-պատմում է Անգինը:

Հետո կարծես արդարանում են. «Մեր գյուղում մարդ կա, իրա կնգանից բաժանվեց տղա չունենալու համար: Բա ինչ, տղեն ծուխը շարունակողն ա…»:

Բժշկի, այն էլ գինեկոլոգի,  ծայրահեղ դեպքերում են այցելում, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում. «Փող չի լինում, ժամանակ, հետո էլ… Ամոթ ա մի տեսակ»:

Սեդան էլ պատմում է, որ ինն ամիս առանց ամուսինների են մնում, տղամարդու պես, նրանից շատ աշխատում, սակայն դրվածքն այնպիսին է, որ հարգանքը, պատիվն ու ակնածանքը դարձյալ տղամարդունն է. «Արդար չի, գիտե՞ս, մենք էլ իրանց հավասար աշխատում ենք, բայց երբ գալիս են,  էլի մենք են մեղավոր լինում, եթե տանն ինչ-որ բան այն չէ… Ոչ մեկ չի ասում` ապրես, դու էլ ստեղ ես տուն պահել…»:

Այսքանով հանդերձ  ասում են, որ նախկինում նույնիսկ այսպես չէին կարող անգամ մտածել, այժմ մի բան կոտրվել է, ու կանայք իրենք նման հարցեր  են տալիս, թեկուզ մտքում. «Բակունցի նկարագրած կնգա վախտերից մի բան փոխվել ա. հիմա հարցեր ենք տալիս»,-ասում է նրանցից մեկը:

Մի դրվագ Վերին Գետաշենի ընտանիքներից  մեկի  կյանքից

«Էսօր առավոտ ես ու մարդս մտանք գոմ, անասունին նայեցինք: Երկուսով տուն մտանք, ասաց՝ ճաշ տուր: Մինչեւ փոխվեցի, որ տամ ճաշը, տասը րոպե անցավ, դրա համար նեղացավ, կռվեց, հաց չկերավ… Բայց խի՞, երկուսով ենք, չէ, աշխատել, թող ինքն էլ հաց դներ, ինքն էլ ձեռ ու ոտ ունի...»,-պատմում է Ասյան: Մինչ զրուցում ենք, ներս է մտնում Ասյայի ամուսինը: Ժամանակից շուտ ծերացած,  նուրբ մաշկով, կենսուրախ ու բաց գույնի աչքերով Ասյայի համարձակությունը հօդս է ցնդում:

Թեման դառնում է եղանակը (վախենում են ասել, որ լրագրող եմ. էսինչ մարդու բարեկամն եմ):

Վիգենը նստում է վառարանի մոտ ու մեկեն հիշում, որ առավոտյան կինը տասը րոպե ուշացրել է նախաճաշը: Հանկարծ վերցրեց վառարանի մոտ դրված ըստ երեւույթին ծանր խարտոցն ու նետեց կնոջ դեմքին: Խարտոցը կպավ կնոջ աչքին:

Հ. Գ. Վերջին տեսարանից հետո երկար ժամանակ չէի կարողանում  ոչինչ գրել, բայց Ասյան ճանապարհելիս  ասաց. «Գրի, թող իմանան, որ մի օր կանայք էլ չեն դիմանալու, թեկուզ որ չտեսնեմ ես, բայց կգա էդ օրը»:

Նյութում գրված բոլոր կանանց անունները փոխված են

Մեկնաբանություններ (5)

hasmik
էդ մենակ Վերին Գետաշենն է ապրում խոպանչիների հաշվին, ՀՀ ընտանիքների մեծ մասն ապրում է դրսից եկած փողերով, ահա քեզ ապահով պետություն
ani
ahavor a vichaky... Ban chi pokhvum tariner sharubnak, senc vonc klini>>???
Աննա
բավականին հետաքրքիր նյութ է, ինձ դուր եկավ. ինչ վերաբերվում է կանանց, լավ է, որ «Բակունցի վախտերից մի բան փոխվել ա» ...բայց դա դեռ շատ քիչ է.
Sasun
Հուսով եմ, որ այս նյութը ինչ որ կերպ օգտակար կլինի Վերն Գետաշենցիներն, և նմանատիպ խնդիրներ ունեցող հանրապետության մնացացծ համայնքներին (իսկ նման համայնքները իմ կարծիքով քիչ չեն): ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒԹԻ ՀԱՄԱՐ ՄԱՌԻԱՄ ՋԱՆ
areg
es kiank chi vor menqenq aprum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter