HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սա արդյունք է ապատեղեկատվության և մշակույթի նախարարի ամբիցիաների»

Բաց նամակ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Ձերդ գերազանցություն պարոն նախագահ
Մենք` Գյումրի քաղաքի հանրության ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ու անհանգստությունն ենք հայտնում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի աշխատանքային պայմանագրի լուծարման առթիվ:

Աշխատանքից ազատվում է մի գործիչ, ում ջանքերով Ազգային գրադարանը ձեռք բերեց նոր նկարագիր, այստեղ հիմնավորվեցին արդի գրադարանավարության առաջավոր մեթոդներ, գրադարանը վերածվեց խոշորագույն մշակութային կենտրոնի, որն իր գործունեության շառավիղները տարածեց նաև մեր մարզերում` մասնավորաբար նպաստելով երկրաշարժից ավերված Գյումրիում գրադարանային գործի վերականգնմանն ու հարստացմանը:

Դավիթ Սարգսյանն անձնական մեծ ներդրում ունի մեր երկրում և մեր քաղաքում գրադարանների դերի ակտիվացման, դրա հանրային նշանակության կարևորման ասպարեզում: Նա հիրավի ականավոր մշակութային գործիչ է, ազնիվ ու շիտակ մարդ, ճշմարիտ ազգային արժեք, որին ոչ թե պետք է հեռացնել Ազգային գրադարանի կառավարումից, այլ նոր հնարավորություններ տալ` բազմաթիվ նախաձեռնություններ ավարտին հասցնելու համար:

Ցանկացած երկրի հարստություն նրա մշակութային արժեքներն են, մինչդեռ, հավանաբար ոչ Ձեր իմացությամբ, վերջին շրջանում արշավանք է կազմակերպվել արժեքների ու դրանց կրողների հանդեպ: Գյումրի քաղաքից Մինաս Ավետիսյանի որմնանկարների դուրսբերումն ու քաղաքն իր մշակութային հարստություններից զրկելը, նշանավոր գործիչներին ասպարեզից հեռացնելը պատիվ չեն բերում մեր երկրին և մեր իշխանություններին:

Գիտենք, որ Դուք շահագրգռված եք հասարակության մեջ բևեռացումների հարթմամբ, մինչդեռ Դավիթ Սարգսյանի հանիրավի պաշտոնանկությունը մեզ կտանի մի նոր բևեռացման, կթուլացնի իշխանությունների հանդեպ մեր վստահությունը:

Անպայմանորեն, սա չի կարող լինել իշխանությունների որոշումը, այլ արդյունք է ապատեղեկատվության և մշակույթի նախարարի ամբիցիաների: Մի նախարարի, ով հայտնի է դառնում նրանով, որ ձգտում է ասպարեզից հեռացնել բոլոր նշանավոր անհատականություններին, մարդկանց, ովքեր անկախության այս տարիների ընթացքում կերտել են մեր մշակութային դաշտը:

Լիահույս ենք, որ թե Դավիթ Սարգսյանի, թե Գյումրիից Մինաս Ավետիսյանի որմնանկարների դուրսբերման հարցում Դուք կարտահայտեք Ձեր սկզբունքային վերաբերմունքը:

Ձերդ գերազանցություն պարոն նախագահ, Դուք Գյումրիի պատվավոր քաղաքացի եք, ուստի վստահ ենք, որ Ձեր համաքաղաքացիների խնդրանքը Ձեզ համար երկրորդական չի լինի:

Խորին հավատով`
Գյումրիի Հովհ.Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյան
և մի խումբ մտավորականներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter