HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի շնորհանդեսը

Այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը:

Գրքում հեղինակը ներկայացնում է Օսմանյան կայսրության պալատական, դիվանագիտական, վարչական, դատական, զինվորական բնագավառներում, բժշկության, քաղաքաշինության, արհեստների, առևտրի, գիտության, մշակույթի տարբեր ոլորներում, ինչպես նաև սպորտի, հասարակական կազմակերպությունների ոլորտում արևմտահայության ունեցած մեծագույն ներդրումը։

Տպագրական, հրատարակչական ասպարեզը, հայատառ թուրքերեն ինքնուրույն և թարգմանական գրականությունը անմիջական ազդեցություն են ունեցել թուրք նոր գրականության ու լուսավորիչների սերնդի ձևավորման, գրական թուրքերենի, թատրոնի, դրամատուրգիայի, լրագրողական ոլորտների ձևավորման ու զարգացման մեջ։

Ուսումնասիրությունն իր ընդգրկման շրջանակով, ծավալով, փաստական, աղբյուրագիտական, լուսանկարչական նյութով բացառիկ հրատարակություն է։ Այն հայերենով երկու հրատարակություն է ունեցել։ Սպասվում է գրքի թուրքերենով հրատարակությունը։

Ուսումնասիրությունը կոչված է լրացնելու հայոց պատմության բազմաթիվ ճերմակ էջերը, վերարժևորելու և թուրքացման, խեղաթյուրման սպառնալիքից փրկելու հայ մշակույթի մի կարևոր մասը։

Պետպատվերով հրատարակված գիրքն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թ. մրցանակին։ Այն նվիրված է Կ.Պոլսի Հայոց պատրիարքության 550-ամյակին:

Հասմիկ Ստեփանյանը շուրջ 40 տարի աշխատում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում։ Նրա աշխատությունները գլխավորապես նվիրված են հայատառ թուրքերեն մշակույթին՝ ձեռագիր և տպագիր գրականությանը, պարբերական մամուլին, նրա երախտավորներին, հայ-թուրք մշակութային հարաբերություններին և երկրի տարբեր ասպարեզներում նրանց համագործակցությանը, վերարժևորմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter