
ԱԺ կենցաղային կարիքները. 2080 հատ ձեռքի օճառ, 280 հատ սեղանի անձեռոցիկ, 40 դույլ
2012թ. ՀՀ պետական բյուջեից «Ազգային ժողովի և պատգամավորների պահպանման համար» հատկացվել է 2.739.493.5 հազար դրամ, «կենցաղային և հանրային սննդի նյութերի համար»՝ 9.344.6 հազար, «սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստների համար»՝ 23.580.0 հազար:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանից գրավոր հարցմամբ փորձեցինք ճշտել, թե ինչի՞ վրա են ծախսվել պետբյուջեից հատկացված գումարները: Նշենք, որ հարցման պատասխանը այնքան էլ դյուրին չստացանք: Մի քանի թերի ու կցկտուր պատասխանից ու մեր դժգոհությունից հետո ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը վերջապես ուղարկել է համեմատաբար ամբողջական պատասխան:
Ըստ ստացված պատասխանի՝ «Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանումը» ծրագիր է, որը ներառում է ԱԺ աշխատակազմի և պատգամավորների ամբողջ տարվա ծախսերը՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա և այլն:
2012-ին էլեկտրաէներգիայի, գազի ծախսը կազմել է 70918.3 հազ. դրամ, ջրի ծախսը՝ 15665.8 հազ. դրամ:
«Կենցաղային և հանրային սննդի նյութեր» տողով ձեռք են բերվել Ազգային ժողովի տնտեսական կարիքների համար անհրաժեշտ նյութեր և պարագաներ տարբեր մատակարար կազմակերպություններից:
Օրինակ՝ 1300-ական դրամով ձեռք է բերվել 280 հատ սեղանի անձեռոցիկ, 1100-ական դրամով՝ 40 հատ պլաստմասե դույլ, 550-ական դրամով՝ 30 հատ «սավոկ», 240-ական դրամով՝ 2080 հատ ձեռքի օճառ, 100-ական դրամով 1400 հատ 60 վատանոց լամպ և այլն: Այլ ապրանքների անունները և ձեռք բերելու գները ԱԺ-ն սրբորեն թաքցրել է և չի տրամադրել:
Ինչ վերաբերում է «սոցիալական օգնությանը», ապա դա օրենքով նախատեսված, 131 պատգամավորին հատկացվող 15.000-ական դրամն է, որը պատգամավորական գործունեության համար է:
Նշենք, որ 2010-ին ԱԺ-ն ավելի շատ օճառ է օգտագործել, քան այս տարի: 2010 թ. Ազգային ժողովը ձեռք էր բերել 2400 հատ ձեռքի օճառ, 280 լիտր հեղուկ օճառ, 240 կգ լվացող միջոց (ռախշա), 350 հատ հոտազերծիչ, 230 կգ մաստիկա և այլն: Քիչ չեն եղել նաև օգտագործած ավելները: Սենյակների համար գնվել էր 300 հատ ավել, իսկ բակի համար՝ 400:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել