HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպան-ակտիվիստները կրկին կոչ են անում պատասխանատվության կանչել բնապահպանության նախարարին

Դեռևս ս.թ. հոկտեմբերի 25-ին մեր նախաձեռնությունները մամուլին ներկայացրել էին Հայաստանի Հանրապետությունում բնության ահագնացող չափերի ավերման, բնական ռեսուրսների անխնա շահագործման եւ տնտեսության ոչ ռացիոնալ զարգացման վերաբերյալ հայտարարություն և կից ներկայացրել հիմնախնդիրները հիմնավորող տեղեկանք:

Նշյալ բողոքը և պահանջները նոյեմբերի 5-ին պաշտոնական նամակի տեսքով ներկայացվել են նաև ՀՀ վարչապետին և գլխավոր դատախազին:

Ավաղ, լրանում է արդեն երկրորդ ամիսը, մեր նախաձեռնությունները տեղեկացված չեն մեր բողոքի ոչ քննարկման ընթացքի, ոչ էլ արդյունքների մասին: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ կառավարությանն ու Ձեր աշխատակազմին, ինչպես նաև դատախազությանը բացարձակապես չեն հետաքրքրում մեր կողմից բարձրացված հույժ կարևոր և առանցքային հարցերը, որոնք պետական մոտեցում և լուծում են պահանջում, այլ ոչ թե անտարբերություն:

Եվս մեկ անգամ նշում ենք, որ մենք ունենք բավարար ներուժ, որ թույլ չտանք, որ մեր բնության հաշվին տնտեսական գործունեություն ծավալվի, պետության բնական հարստությունն անխնա ու անհավասար բախշմամբ շահագործվի, և Հայաստանը վերածվի հանքահումքային կցորդի:

Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է ունենալ մշտակայուն տնտեսական զարգացում՝ ռեսուրսների ողջամիտ ու խնայող օգտագործմամբ ու այլընտրանքային ոլորտների խթանմամբ: Ակնկալում ենք գործուն և կտրուկ քայլեր, այլ ոչ թե իմիտացիոն բնույթի միջոցառումներ և զգացմունքային ու հրապարակային երկարաշունչ ելույթներ:

Այսպիսով, կրկին դիմում ենք ՀՀ վարչապետին և դատախազությանը՝ առաջարկելով արձագանքել մեր նախաձեռնությունների կողմից 05.11.2012թ. իրենց ուղղված մեր բողոքին և դրան կից ներկայացված տեղեկանք-հիմնավորմանը և առաջնահերթ լուծել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին պատասխանատվության կանչելու և նրա՝ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցերը:

Համարում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության համար պետք է գերակա լինեն պետական հարստության ողջամիտ և բանական օգտագործումը, շրջակա միջավայրի շարունակական բարելավումը ներկա և ապագա սերունդների համար, այլ ոչ թե բիզնես միջավայրի բարելավումը՝ ի հաշիվ բնության:

Այսպիսով, ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ պաշտոնական գրավոր արձագանք, ինչպես նաև գործողությունների հստակ և տեսանելի արդյունքներ:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
«Խոսրովի արգելոց» քաղացիական նախաձեռնություն
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղացիական նախաձեռնություն
«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն
18.12.2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter