HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Վճռաբեկ դատարանը վերադարձրեց «Ժողովուրդ» օրաթերթի վճռաբեկ բողոքը

Թերթը պետք է 200 հազար դրամ վճարի նախկին մարզպետին

Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը դիմելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջել էր պարտավորեցնել «Ժողովուրդ» օրաթերթին և Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանին հերքել «Ժողովուրդ» օրաթերթի 07.10.2011 թվականին հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածում զրպարտություն համարվող, իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները: Ինչպես նաեւ՝ ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության փոխհատուցման գումար, ինչպես նաև 500.000 ՀՀ դրամ` որպես դատական ծախս՝ խախտված իրավունքները վերականգնելու համար փաստաբանների վարձատրության համար վճարման ենթակա գումար և վճարված պետական տուրքը:

19.03.2012թ. դատարանը վճռել էր պարտավորեցնել «Ժողովուրդ» օրաթերթին` հերքել 2011թ. հոկտեմբերի 7-ին թերթի թիվ 171 համարում հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածում զրպարտություն համարվող, Նվեր Ղազարի Պողոսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և հերքումը տպագրել «Ժողովուրդ» օրաթերթում հետևյալ բովանդակությամբ. «Ժողովուրդ» թերթի խմբագրությունը հայտնում է, որ օրաթերթի 07 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 171 համարում հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նշված հոդվածը հրապարակելուց առաջ պատշաճ կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ պարզելու նշված տեղեկություններն իրականությանը համապատասխանելու փաստը, ուստի հայցում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներողամտությունը»:

Հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափն ու տեuակը չպետք է զիջեն «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թվականի հոկտեմբերի 07-ին թիվ 171 համարում հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածի տեղեկատվությանը: «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից հօգուտ Նվեր Ղազարի Պողոսյանի բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, որից 100.000 ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 100.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2012թ. որոշմամբ «Ժողովուրդ» օրաթերթի վերաքննիչ բողոքը մերժվել էր՝ օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: 

Վճռաբեկ դատարանն իր 30.11.2012թ. որոշմամբ վերադարձրել է «Ժողովուրդ» օրաթերթի վճռաբեկ բողոքն այն պատճառաբանությամբ, որ սույն գործով «Ժողովուրդ» օրաթերթը դատարանին չի ներկայացրել վերաբերելի, թույլատրելի ու բավարար փաստական տվյալներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ հաստատված համարել, որ «Ժողովուրդ» օրաթերթում զետեղված տվյալներն իրական են:

«Վերոգրյալի լույսի ներքո «Ժողովուրդ» օրաթերթը, նախքան զրպարտություն գնահատված տեղեկությունները հրապարակելը, պարտավոր էր ստուգել դրանց արժանահավատությունը, դրա փաստական հիմքերը, ինչը պատասխանողի կողմից չի կատարվել։ Անհիմն է նաև բողոք բերած անձի այն փաստարկը, որ հայցվորը հերքում չի պահանջել, այլ ցանկացել է տնտեսական ոչ բարվոք պայմաններում գտնվող պատասխանողին գցել ֆինանսական ծանր կացության մեջ:

Մասնավորապես, պատասխանողի` տնտեսական ոչ բարվոք պայմաններում գտնվելու հանգամանքը որևէ ապացույցով չի հիմնավորվում: Բացի այդ, հայցվորի կողմից ներկայացվել է ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային պահանջ` հերքում պահանջելու ձևով` ներկայացնելով նաև հերքման տեքստը: «Ժողովուրդ» օրաթերթը, որպես լրատվական գործունեություն իրականացնող, անձի իրավունքները խախտող փաստացի անճշտություններն իրականությանը համապատասխանելու հանգամանքն ապացուցած չլինելու պարագայում, լրատվության նույն միջոցում հերքումն իրականացնելու պարտականություն է կրում հայցվորի կողմից նման պահանջի ներկայացման պարագայում»,- գրված է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter