
Ախթալայի նորընտիր ավագանու նիստում անպատրաստ ավագանիները թյուրիմացության մեջ ընկան
Դեկտեմբերի 17-ին Ախթալայի նորակառույց համայնքային կենտրոնում տեղի ունեցավ համայնքի նորընտիր ավագանու երկրորդ նիստը: Նիստի օրակարգային հարցերի բոլոր քվեարկություններին ավագանի, ՀԱԿ անդամ Սասուն Վարդումյանը քվեարկեց «դեմ», իսկ ավագանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գագիկ Կասինյանը՝ հիմնականում «ձեռնպահ»:
Նիստի օրակարգային «Քաղաքապետարանի և վերջինիս ենթակայության հիմնարկների գույքագրման արդյունքները հաստատելու մասին» հարցի քվեարկության ժամանակ Ախթալայի Ծովինար Բլուդյանի անվան մանկապարտեզի, մանկական արվեստի դպրոցի և թիվ 1 մանկապարտեզի գույքագրման արդյունքները հաստատվեցին ավագանու 8 անդամի 6 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» քվեարկությամբ:
«Հետքը» Սասուն Վարդումյանին խնդրեց մեկնաբանել գույքագրման արդյունքներին իր անհամաձայնությունը: «Նիստի ավարտից հետո կասեմ, հիմա ես չեմ կարող հիմնավորել»,- պատասխանեց Սասուն Վարդումյանը: «Հիմա ասա, ինչո՞ւ ես նիստից հետո ասում»,- պահանջեցին ավագանու մնացած անդամները: Սասուն Վարդումյանը չկարողացավ ներկայացնել իր առարկությունները:
Ավագանու երկու անդամները նիստից առաջ չէին ծանոթացել գույքագրման հանձնաժողովի արձանագրություններին և քվեարկում էին իներցիայով: Գագիկ Կասինյանը երբեմն չէր կողմնորոշվում՝ ինչպես քվեարկել: «Կասինյան»,- քվեարկելու մասին նրան հիշեցնում էր քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: «Ե՞ս, ես՝ «դեմ»»,- արձագանքում էր Կասինյանը: «Երկու դեմ»,- քվերակության արդյունքերն ազդարարեց քաղաքապետը:
«Համայնքի 2013թ. բյուջեի հաստատման մասին» օրակարգային հարցի քվեարկությունից առաջ Հայկազ Խաչիկյանն ավագանիներին հիշեցրեց, որ համայնքի 2013թ. բյուջեն ավագանու նիստում քննարկվել է դեկտեմբերի 10-ին կայացած ավագանու նախորդ նիստում:
Այս նիստում պետք է հաստատվեր 2013թ. բյուջեի նախագիծը: «Դուք այս նիստից մեկ օր առաջ համայնքի 2013թ. բյուջեի նախագծի հետ կապված Ձեր առաջարկությունը գրավոր պետք է ներկայացնեիք քաղաքապետին: Ավագանու կողմից ոչ մի գրավոր կամ բանավոր առաջարկ չի եղել»,- տեղեկացրեց քաղաքապետը:
Նա մեկ անգամ ևս ներկայացրեց իր հեղինակած բյուջեի եկամտային մասը: «Դոտացիան կազմում է 31,6 մլն դրամ, մեր սեփական եկամուտները՝ 14 մլն դրամ: Սրան գումարվում է նաև 1,5 մլն դրամ 2013թ. բնապահպանական սուբվենցիան: Բյուջեի ընդհանուր եկամուտները նախատեսված են 50 մլն դրամ»:
Ավագանի Ալբերտ Սոսինյանը քաղաքապետին առաջարկեց ավելացնել բյուջեով նախատեսված բնակչության սոցօգնության գումարները: Առաջարկն ընդունվեց: «Գումարները կավելացնենք հունվարին կամ տարվա ընթացքում պահուստային ֆոնդից»,- պատասխանեց քաղաքապետը:
Սասուն Վարդումյանն ասաց, որ ուզում է իր ձեռքի տակ ունենալ Ախթալա համայնքի 2013-2016թթ. քառամյա ծրագիրը: Պարզվեց՝ ծրագրի մեկական օրինակ դրված է եղել ավագանու առաջին նիստի օրակարգային հարցերի ավագանիների թղթապանակների մեջ, սակայն Սասուն Վարդումյանը չէր նկատել:
Հայկազ Խաչիկյանը համայնքի 2013թ. բյուջեն ներկայացրեց ավագանու քվեարկությանը: Բյուջեն հաստատվեց ավագանիներից 6-ի «կողմ» քվեարկությամբ: Սասուն Վարդումյանը և Գագիկ Կասինյանը «դեմ» քվեարկեցին: «Հետքի» այն հարցին, թե ինչու դեմ քվեարկեցին համայնքի կարևորագույն փաստաթղթին՝ երիտասարդ ավագանիներ Սասունը և Գագիկը պատասխանեցին. «Որովհետև չեն համապատասխանում թվերը»:
Այս անգամ էլ պարզվեց, որ քվեարկության ժամանակ նորընտիր ավագանիների ձեռքի տակ էր համայնքի ոչ թե 2013թ. բյուջեի նախագիծը, այլ համայնքի՝ արդեն ավարտվող 2012թ. բյուջեն:
Սասուն Վարդումյանը պահանջեց հետաձգել 2013թ. բյուջեի նախագծի հաստատումը, որպեսզի ժամանակ ունենան ծանոթանալու դրան: Մյուս ավագանիները չհամաձայնեցին: «Դուք մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ավագանու նիստի 2013թ. բյուջեի քննարկմանը անհամաձայնություն էիք հայտնում բյուջեի առանձին տողերի մասին: Նշանակում է՝ Ձեր ձեռքի տակ եղել է 2013թ. բյուջեի նախագիծը»,- ասաց ավագանի Ալբերտ Սոսինյանը: «Էն մի նիստին համ 2012թ. բյուջեն էիք ուղարկել, համ էլ 2013թ. բյուջեի նախագիծը»,- արձագանքեց Գագիկ Կասինյանը:
Պարզվեց՝ նորընտիր ավագանիներն ավագանու նիստի ներկայանալիս չէին վերցրել 2013թ. բյուջեի նախագիծը, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն էլ ավագանու նիստում աշխատելու համար թյուրիմացաբար նրանց մատուցել էին 2012թ. բյուջեն:
Բյուջեն համայնքի զարգացման կարևորագույն փաստաթուղթն է: ՀԱԿ-ը և «Բարգավաճ Հայաստանը» պարտավոր էին համայնքների զարգացման իրենց ծրագրերը ներկայացնող ավագանիներին գոնե նախապատրաստել Ախթալայի ավագանու նիստում համայնքի զարգացման կարևորագուն փաստաթղթի քննարկմանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել