HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Հրապարակային ներողություն՝ «ընտանիք քանդող» և «գրանտածիծ» արտահայտությունների համար

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Ս. Հովսեփյանի այս տարվա ապրիլի 27-ին վարույթ էր ընդունել «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի՝ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման մասին հայցն ընդդեմ «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ի:

Հայցվոր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն դատի էր տվել zaruhi.com կայքէջի հրատարակիչ «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ին և Ռուսլան Թաթոյանին 21.03.2012թ. www.zaruhi.com կայքէջի հանրային խորագրում Ռ. Թաթոյանի հեղինակած «Ընտանիք քանդողները» հոդվածի համար, որի վերջին պարբերության մեջ մասնավորապես նշվում է.

«Ի դեպ, օրերս «Վիտամին» ակումբի հյուրերի թվում էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի մի ներկայացուցիչ, ով այդպես էլ չկարողացավ բացատրել իրենց գործունեության ոլորտները: Սակայն հիշեցինք նրանց կազմակերպած մի միջոցառում, որը հաստատ չի տեղավորվում «ավանդական ընտանիք» հասկացողության մեջ. անցյալ տարի այդ կազմակերպությունը անցկացրեց «Հեշտոցի մենախոսությունները» վերնագրով, այսպես կոչված, թատերական միջոցառում: Ահա այսպես: Վերջում ուզում ենք դիմել հետևյալ կոչով` գրանտածիծներ բոլոր տեսակների, միավորվել»:

«Ընտանիք քանդող», «գրանտածիծ» արտահայտությունները համարելով վիրավորանք՝ հայցվորը խնդրել է դատարանին պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային ներողություն խնդրել հայցվորից, դատարանի վճիռը հրապարակել www.zaruhi.cօm կայքում և հայցվորին փոխհատուցել 500.000 ՀՀ դրամի չափով:

Հայցվորը դատարանին հայտնել է, որ երբեք ելույթ չի ունեցել «Վիտամին» ակումբի շրջանակներում, ուստի այդ հանգամանքը իրականությանը չի համապատասխանում, հորինված է հոդվածագրի կողմից, ինչի մասին է վկայում «Վիտամին» ակումբի տնօրենի՝ կից ներկայացված նամակը:

Ըստ հայցվորի՝ «ընտանիք քանդող» արտահայտության համար ստույգ փաստ կարող է հանդիսանալ միայն հայցվորի անմիջական գործունեության հետևանքով քանդված ընտանիքի առկայությունը: Սակայն նման ընտանիք գոյություն չունի, քանզի հայցվորի գործունեությունն ուղղված չէ ընտանիք քանդելուն: Այն ուղղված է կանանց գիտակցության ու դերի բարձրացմանը հասարակության մեջ, որն ավելի ամուր ընտանիքի ստեղծման հիմք կարող է դառնալ:

Բովանդակային առումով «գրանտածիծը», ըստ հայցվոր կողմի, ենթադրում է, որ կազմակերպությունն իրեն տրամադրված դրամաշնորհներն օգտագործում է ոչ այն նպատակներով, որոնց համար դրանք տրամադրված են, այլ խոսքով` յուրացնում է դրանք: Սա արդեն քրեական մեղադրանքին է մոտ, հիմք է հասարակական կազմակերպության լուծարման համար և նման բովանդակությամբ արտահայտությունը հիմնավորող ստույգ փաստ կարող է հանդիսանալ միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը, այդ հիմքով կազմակերպությունը հարկադիր լուծարելու մասին վճիռը կամ քաղաքացիական հայցով անհիմն հարստացումը հաստատող վճիռը: Քանի որ այս հիմքերից որևէ մեկը բացակայում է, ապա «գրանտածիծ» արտահայտությունը հիմնված չէ որևէ ստույգ փաստի վրա:

Պատասխանող «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ն իր պատասխանում նշել է, որ  հայցադիմումն անհիմն է և իրավազուրկ, քանի որ հայցվորը, ներկայացնելով նման պահանջներ, անտեսում է այն կարևոր հանգամանքը, որ վեճի առարկա հանդիսացող նյութի մեջ որևէ վիրավորական բնույթի արտահայտություն կամ օրենքը խախտող այլ գործողություն չի արվել: Պատասխանողը նշել է, որ այն չի խախտում անձի իրավունքները: Այն քննադատություն պարունակող կարծիք է, որը որևէ կերպ չի կարող սահմանափակվել:

Պատասխանող Ռուսլան Թաթոյանն առարկել է հայցապահանջի դեմ և դատարանին հայտնել, որ ինքը երբևէ չի մասնակցել հայցվորի կողմից կազմակերպված միջոցառումներին, սակայն տեղյակ է, որ նրանց կազմակերպած միջոցառումների մասին գիտի հանրությունը: Այդ միջոցառումները նրանց կողմից գովազդվում են: Կոնկրետ «Հեշտոցի մենախոսությունները» ներկայացմանն ինքը ներկա չի գտնվել, ներկա է եղել իրենց լրագրողներից մեկը: Ռ. Թաթոյանը նշել է, որ «հեշտոց» բառի օգտագործումը հայկական մենթալիտետի մեջ չի տեղավորվում: Տեղյակ է նաև, որ բացի նշված միջոցառումից՝ նրանք իրականացրել են «կուսաթաղանթի» և «կուսության» հետ կապված միջոցառումներ, որը նրանց համար սովորական է, իսկ հայերի համար սովորական չէ: Կարծում է, որ նշված բառերի օգտագործումը կարող է ընտանիք քանդել, և դա ընդամենը կարծիք է: Համարում է, որ ինքը որևէ վիրավորական խոսք չի ասել, դա անձնավորված չի եղել: 

Դատարանը որոշել է, որ նշված հրապարակման մեջ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի վերաբերյալ արված արտահայտությունները` «ընտանիք քանդող», «գրանտածիծ», վիրավորանք են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով, պարունակում են ապատեղեկատվություն հայցվորի գործունեության վերաբերյալ և հետապնդում են հայցվորի գործարար համբավն արատավորելու նպատակ:

Ըստ վճռի՝ պատասխանող Ռ. Թաթոյանի ցուցմունքից ակնհայտ է, որ հոդվածի հեղինակը ստույգ փաստերի չի անդրադարձել: Չի նշել և դատարանում էլ չկարողացավ նշել որևէ փաստ, որ հայցվորի անմիջական գործունեության հետևանքով քանդվել է գոնե մեկ ընտանիք: Դատարանը համարել է, որ թեև ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Ս. Երիցյանի գրությամբ հայտնվել է, որ «գրանտածիծ» բառը բացասական իմաստ ունի, բայց ոչ՝ վիրավորական, սակայն եթե նշված արտահայտությունը դիտարկվում է հոդվածի համատեքստում, ապա պարզ է դառնում, որ պատասխանողը հայցվորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու և գործարար համբավն արատավորելու նպատակ է հետապնդել:


Այն, որ պատասխանողն առաջին անգամ չէ գործածել այդ բառը, հիմնավորվում է գործում առկա, 2011թ. օգոստոսի 12-ին www.antares.am կայքէջում հրապարակված «Էլիտար շենքեր, էլիտար շներ» հոդվածով և «Իրավունք» էլեկտրոնային թերթի «Երիտթուրքերը ժպտում էին Գրիգոր Զոհրապին, Ռուբեն Սևակին, մեր մյուս երևելիներին» վերնագրով հրապարակմամբ, որոնցից առաջինում պատասխանողը նշել է. «Հիմա էլ ինչ-որ կազմակերպություն որոշել է մեզ հակաբեղմնավորիչ ներարկել, որպեսզի սերունդ չունենանք: Էդ ձեզ ներարկեք, որ ձեր գրանտածիծ ցեղը չշատանա», իսկ երկրորդում նշել է` «Հայ-թուրքական հարաբերությունների, այսպես ասած, բարելավման, թուրքական մշակույթը տարածելու, գովաբանելու գործին այսօր մեզ մոտ հիմնականում լծվել են գրանտածիծ հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց հարամ կաթն ուտելու համար պատրաստ են ամեն մի քայլի:...
...Դե, իսկ գրանտածիծները կարդան-չկարդան, միևնույն է, չեն հրաժարվի իրենց հարամ կաթից: Եվ նրանցով արդեն վաղուց պետք է զբաղված լինեին համապատասխան կառույցները»: 

Դատարանը եզրակացրել է, որ «գրանտածիծ» բառը պատասխանողի մոտ զուգորդվում է «ազգի դավաճանների», «հարամ կաթ ուտողների» հետ, հետևաբար օգտագործվել է վիրավորելու դիտավորությամբ:

Այսպիսով, դատարանը «ընտանիք քանդող» և «գրանտածիծ» արտահայտությունները` հասցեագրված «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ին, համարել է վիրավորանք, որն արատավորել է վերջինիս գործարար համբավը:

Համաձայն դեկտեմբերի 7-ին կայացված վճռի՝ պատասխանողները պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել հայցվորից` ներողության տեքստը www.zaruhi.com կայքէջում տեղադրելու միջոցով և պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ հայցվորի բռնագանձել 50 հազար ՀՀ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter