HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում սոցիալապես անապահով 20 ընտանիք բնակարանամուտ է տոնել սոցիալական տանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Գորիսում ներկա եղավ «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրի շրջանակում կառուցված սոցիալական տան շահագործման արարողությանը և շահառու ընտանիքներին հանձնեց բնակարանների բանալիները:

«Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագիրն իրականացնում է Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Այսօր շահագործված եռահարկ շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2011թ. գարնանը: Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունն այդ նպատակով հատկացրել է 195 մլն դրամ, իսկ կառավարության համաֆինանսավորումը կազմել է 65 մլն դրամ:

Շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքներ է իրականացրել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը 15 մլն դրամի չափով: Շենքն առաջին հարկում ունի ժամանցի ընդհանուր սենյակ, տարածքը բարեկարգված է և կանաչապատված:

Սոցիալական տան շահառու 20 ընտանիքին ընտրել է հատուկ հանձնաժողովը, որում ընդգրկված են եղել Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության, համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Հանձնաժողովն ընտրել է ամենակարիքավոր և ամենախոցելի, սոցիալապես անապահով, վագոն տնակներում բնակվող, այդ թվում նաև փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին:

Փոխվարչապետը, շնորհավորելով շահառու ընտանիքներին բնակարանամուտի կապակցությամբ, ասաց, որ ծրագիրը թույլ է տալիս համատեղ ուժերով ինչ-որ մասով լուծել սոցիալապես անապահով և փախստական ընտանիքների բնակարանային խնդիրը:

Արմեն Գևորգյանը նաև ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերով Գորիս քաղաքում փողոցների բարեկարգման և նորոգման աշխատանքներին: Մասնավորապես, Ա. Սաթյան փողոցի վերանորոգման համար երրորդ և չորրորդ ծրագրերով հատկացվել է ընդհանուր առմամբ 140 մլն դրամ:

Երրորդ ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, չորրորդ ծրագրով աշխատանքները մեկնարկել են և կշարունակվեն նաև գարնանը: Իսկ քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի բարեկարգումը, որի համար երրորդ ծրագրով հատկացվել էր 13 մլն դրամ, արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter