HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքերը նպաստում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակի գովազդմանը

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

2005 թվականին, Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախաշեմին, նշանավոր թուրք մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը հոդված էր գրել «Hurriyet» թերթում' կոչ անելով թուրք հանրությանը պատրաստ լինել առաջիկա «հայկական ցունամիին»:

Այս ամսվա սկզբին, թուրքական «Gazete Kars» թերթը նման մի խմբագրական հրապարակեց՝ «Հայկական նախապատրաստական աշխատանքները 2015 թվականի համար» խորագրով, նախազգուշացնելով թուրքերին Հայոց ցեղասպանության մոտալուտ հարյուրամյակի մասին, խորհուրդ տալով նրանց ձեռնարկել հակազդեցության արդյունավետ միջոցներ:

Խմբագրականը ցույց է տալիս, թե թուրքերն ինչպիսի ուշադրությամբ են հետևում Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ հայկական նախապատրաստական աշխատանքներին և ինչպիսի տագնապով են կշռադատում հայկական առաջիկա միջոցառումների ազդեցությունը Թուրքիայի վրա:

Ծավալուն սյունակը տեղեկացնում է, որ Հայաստանն ու Սփյուռքը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին ընդլայնում են իրենց համատեղ արշավն ընդդեմ Թուրքիայի: Հոդվածը նախազգուշացնում է, որ «հայերը կարծում են, թե իրենց ստերով ամբողջ աշխարհը ոտքի կհանեն» և առաջարկում է, որ «Թուրքիայի Հանրապետությունն անհապաղ գործի դնի իր բոլոր միջոցները և առաջնահերթ միջոցառումներ ձեռնարկի այդ խաբեությունն ի չիք դարձնելու համար»:

«Gazete Kars» թերթը դժգոհում է, որ հայերը «ստվեր են գցում Թուրքիայի հեղինակության վրա ուժեղ հարձակումներ գործելով քառասուն ճակատներում: Թուրքիան այդ հարձակումներին հակահարված տալու համար պետք է ավելի մեծ պաշտպանողական և հարձակողական միջոցների դիմի: Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել: Աշխարհը կուլ է գնում նրանց ստերին»:

Խմբագրականում ներկայացվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքներում գլխավոր անձնավորությունների և կազմակերպությունների գործունեությունը: Թերթը հատկապես հիշատակում է պրոֆ. Թաներ Աքչամին, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարություններին, Բեռլինի համալսարանը, ինչպես նաև Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին, մեջբերելով նրա ասածը. «Ցեղասպանության ճանաչման համար պայքարը պետք է միավորել փոխհատուցման ըմբռնումով…. Մենք պետք է հետամուտ լինենք օրինական ուղիների՝ այս ոճրագործության պատասխանատվությունը ճշտելու համար»:

«Gazete Kars» թերթը նաև թվարկում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Հայկական ազգային ինստիտուտը, ինչպես նաև Զորյան և Կոմիտաս ինստիտուտները որպես կազմակերպություններ, որոնց հաջողվել է Հայոց ցեղասպանությունը ներկայացնել աշխարհի գիտական շրջանակների և լրատվամիջոցների ուշադրությանը: Նշանավոր թուրք արձակագիրներ Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆակը, ովքեր համարձակորեն դատապարտել էին Թուրքիայի խեղաթյուրումները Հայոց ցեղասպանության հարցում, մեղադրվում են «Սփյուռքի հայկական լոբբիստական կազմակերպությունների» աջակցությունը վայելելու մեջ:

Թուրքական թերթը տեղեկացնում է, որ 2011թ. ապրիլի 23-ին Երևանում, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագիրը նախապատրաստելու համար ձևավորվել է պետական համակարգող հանձնաժողով: Հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ, գումարել է իր անդրանիկ նիստը 2011 թվականի մայիսի 30-ին:

Այնուհետև թուրք խմբագիրը կենտրոնանում է իմ հոդվածի վրա, սխալմամբ ինձ ներկայացնելով որպես «Արա» Սասունյան, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ: Իմ հոդվածից մեջբերում է այն հատվածը, որտեղ նշվում է, որ «Ցեղասպանության ճանաչման պահանջն այլևս օգտավետ չէ հայերի համար: Ընդհակառակը՝ վնասակար է: Թուրքերը շատ ուրախ են, որ մենք բավարարվում ենք միայն այս պահանջով: Այն, ինչ մենք պահանջում ենք՝ արդարությունն է: Երբ նրան հարցրել են, թե արդարություն ասելով ինչ նկատի ունի, նա բացատրել է, որ դա նշանակում է բարոյական, ֆինանսական և տարածքային վերականգնում»:

Այնուհետև թուրք գրողը մանրամասն վերլուծում է իմ տեսակետները, նշելով. «Սասունյանը կարծում է, որ Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները այնքան էլ կատարյալ չեն, և որ անհրաժեշտ է գաղափարական միասնականություն ունենալ, հատկապես Հայ Դատին առնչվող հարցերում: Սասունյանը գտնում է նաև, որ ավելի լուրջ արդյունքների կարելի է հասնել 100 երկրներում ապրող հայերին համախմբելով 350 ներկայացուցիչներից բաղկացած Սփյուռքի խորհրդարանի հովանու ներքո»:

«Gazete Kars» թերթն իր խմբագրականը եզրափակում է ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ նախատեսված մի շարք հայկական միջոցառումներ.

1. Պատրաստել հրապարակություններ յոթ լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն:
2. Նկարահանել գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, կազմակերպել համերգներ և ցուցահանդեսներ, հրատարակել գրքեր և գիտական նյութեր:
3. Եռակի ընդարձակել Հայոց ցեղասպանության թանգարանը Երևանում:
4. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով:
5. Կազմակերպել լրատվամիջոցների համաժողովներ, կապեր հաստատել 89 երկրների լրատվական գործակալությունների հետ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստան հրավիրել Սփյուռքի հեռուստա և ռադիոլրագրողներին:
6. Ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործելով, տարբեր լեզուներով էլեկտրոնային գրքեր թողարկել և կապեր հաստատել ցեղասպանության հետազոտությամբ զբաղվող գիտական և մշակութային գործիչների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:
7. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել հայտնի հնդիկ ռեժիսոր Շեխար Կապուրի և պուերտոռիկացի սցենարիստ Խոսե Ռիվեյրանի մասնակցությամբ:

Քանի որ թուրքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջոցառումների տարափ են ակնկալում, ուստի հայերը հնարավոր ամեն ինչ պետք է անեն նրանց հուսախաբ չանելու համար:

«Gazete Kars» թերթի խմբագիրները չեն գիտակցում, որ հայերն իրականում ողջունում են Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին հակահարված տալու թուրքերի մտադրությունը: Դրանով թուրքական կողմը նպաստում է Հայ Դատի գովազդմանը՝ շատ ավելի, քան այնինչ հայերը կարող են անել ինքնուրույն միջոցներով:

Թարգմանիչ' Ռուզաննա Ավագյան

Մեկնաբանություններ (1)

Rose
Is this a joke?! It will not be a legitimate recognition anyway if it comes from politics so why do have to bear with all these no more than the circus-like campaigns?! This is an incredibly painful process for all Armenians and rapidly becoming like a joke because Jews had their recognition with a court order just after couple months after the holocaust but it has passed 100 years since 1915 and we still have no court order not even a rational attempt to solve the problem through an independent international legal procedure as it was supposed to be!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter