HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնոջը սպանել է սիրո պատճառով. «Որ սիրեր, կսպանե՞ր»,- ասում է զոհի աղջիկը

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված արագ արձագանքման խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մի դեպք: Արագ արձագանքման խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:

Մի քանի օրում ցավից ու վշտից հասունացած 17-ամյա Անահիտը փորձում է առանց հուզմունքի, ի մի բերելով  շաղված մտքերը, պատմել, թե ինչպես, ընդամենը երկու շաբաթ առաջ, զրկվեցին մորից,  սակայն սաթի նման սև աչքերը արցունքներից խեղդվում են:  

«Քնած էի, ժամը չորսին արթնացա մամայիս բղավոցներից: Քույրս` Արփինեն, դեռ քնած էր: Արագ վազեցի, տեսնեմ  ճաշասենյակի դուռը կողպված է, ու Վալոդն էլ  մամային էն կողմից  հրում է անընդհատ: Մաման գոռում էր, որ ես բացեմ դուռը: Վազեցի խոհանոց, գդալ բերեցի ու հեշտ դուռը բացեցի: Ներս մտա, տեսա վազը վերցրել է ու խփում է..., - պատմում է Անահիտը,- մամային փորձեցի փախցնել, բայց ետևից հասցրեց էլի խփել: Հետո մամային  քարշ տալով  բերեց խոհանոց, ու սկսեց դանակով հարվածել: Օգնություն էինք կանչում, խնդրում էինք, որ այդ բանը չանի, բայց մեզ չէր լսում, մեր աչքի առաջ սպանում էր մամային»:

Անչափահաս աղջիկների ներկայությամբ խորթ հայրը` 51-ամյա Վալոդյա Մուրադյանը, դեկտեմբերի չորսին սպանում է կնոջը` 35-ամյա Դիաննա Նահապետյանին:   

Քույրերից 14-ամյա Արփինեն ընդհանրապես չի խոսում: Դիաննայի մայրը` 58-ամյա Վալյա Նահապետյանը, ասում է, որ աղջիկները սթրեսի մեջ են, սեփական աչքերով են տեսել այն գազանությունը, որին ենթարկվել է մայրը:

Տեսնելով, որ չեն կարողանում փրկել մորը, քույրերը վազել են դուրս: Չորրորդ հարկից վազելով դեպի ներքև, օգնություն կանչելով հասցնում են ծեծել  հարևանների դռները, սակայն ոչ ոք չի արձագանքում: Ոտաբոբիկ աղջիկները վազում են մինչև ոստիկանության շենք: Մինչև բնակարանից դուրս փախչելը խորթ հայրը հասցնում է դանակի հարվածով վնասել նաև  Անահիտի ոտքի տակը:

«Լավա էս երեխեքը դուրս են փախել, թե չէ հավատացած եմ սրանց էլ կսպաներ, ու ես ինչ պետք է անեի, գոնե երեխեքով եմ մխիթարվում»-ասում է Դիաննայի մայրը:

Մինչ դեպքի վայր է հասնում ոստիկանությունը, մարդասպանը, փակելով դուռը արդեն իսկ մահացած կնոջ վրա, դիմում է փախուստի: Սակայն հաջորդ օրը, ներկայանալով ոստիկանության Շենգավիթի բաժին, խոստովանում է, որ սպանությունը կատարել է ինքը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Արարատի մարզի քննչականի բաժնի Արարատի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ ՀՀ Քր.օր-ի 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Դիաննայի հայրական տունը գտնվում է Արարատի մարզի Արմաշ գյուղում, որտեղ և այժմ տեղափոխվել են ապրելու նրա երկու աղջիկները:

Դիաննայի մայրը` Վալյան, ասում է, որ երեք աղջիկ է ունեցել, որոնցից ամենափոքրը մահացել է 14 տարեկանում` մանկական ինսուլտից:  Քույրերից միջնեկն ամուսնացել ու ապրում է ԱՄՆ-ում: Դիաննան առաջին անգամ ամուսնանում է 17 տարեկանում: Առաջին ամուսինը նույնպես Արմաշից է լինում: Տասը տարվա համատեղ կյանքում ունենում է երկու աղջիկ, որից հետո բաժանվում է ամուսնուց:

Որոշակի ժամանակ անց` 2006 թվականին, Դիաննան հանդիպում է ԱՄՆ-ում ընտանիքը թողած ու  Հայաստան եկած Վալոդյա Մուրադյանին, ով ԱՄն-ում բնակվող քրոջ ամուսնու հեռավոր ազգականն էր: Դիաննայի մայրն ասում է, որ ինքը դեմ էր Վալոդյայի ու Դիաննայի մեկ հարկի տակ ապրելուն, սակայն աղջիկը չի լսել իրեն:

«Շատ եմ պայքարել, որ Դիաննան բաժանվի այդ մարդուց, անգամ նրան ուղարկեցի Սոչի` եղբորս մոտ, բայց այդ Վալոդը գնաց նրան այնտեղ էլ գտավ:  Դրանից առաջ էլ այստեղ` Հրազդանում էին ապրում: Նա անընդհատ ինչ-որ պատմությունների մեջ էր ընկնում: Ինչ-որ մարդկանց   փողեր էր պարտք, ու իրեն տարել էին Վարդենիսում պահել: Դիաննաս պարտքեր արեց, ու գնաց դրան էնտեղից բերեց»,- փորձում է Դիաննայի կյանքից հատվածներ ներկայացնել մայրը:

Ասում է, որ Վալոդյայի հետ կապը ճակատագրական եղավ աղջկա համար, ու նա այդ կապի համար վճարեց  իր երիտասարդ կյանքով:

Վալյա Նահապետյանը՝ Դիաննայի նկարը ձեռքին

Որոշակի ժամանակ Դիաննան ամուսնու, մոր ու աղջիկների հետ ապրում է Աբխազիայում, որտեղ Վալոդյան մեքենաների առք ու վաճառքով է զբաղվում: Վայելում է տեղի հեղինակություններից մեկի հովանավորչությունը: Շուտով սպանվում է այդ հեղինակույթունը, որից հետո անհայտ մարդիկ տանում են Վալոդիայի բոլոր մեքենաները:

«60 հազար դոլար էր մարդկանցից խաբել վերցրել, խոստանալով մեքենաներ բերել: Հազիվ փախան Աբխազիայից Ռուսաստան, թե չէ սպանելու էին իրեն: Դրանից հետո էլ թռավ Մեքսիկա, որպեսզի այնտեղից անցնի ԱՄՆ, սակայն նույն ինքնաթիռով ետ էին ուղարկել Ռուսաստան, մուտքի վիզայի թույլտվություն չունենալու պատճառով,- պատմում է Վալյան:- Միայն որոշակի ժամանակ անց նրա մայրը կարողացավ տղայի գործերը սարքել ու նորից նրան ԱՄՆ տանել»:

Ամուսինները բաժանվում են: Սակայն անգամ այն կիսագնդից  Վալոդյան հանգիստ չի տալիս Դիաննային: Զանգեր, խոստովանություններ, որ սիրում է ու առանց նրա չի պատկերացնում իր կյանքը:

«Զանգում էր, ասում, որ գալու է: Դիաննան էլ ասեց, էդ դեպքում ինձ համար այստեղ տուն առ գոնե, որ գաս տեղ ունենանք ապրելու: Փող ուղարկեց, Դիաննան մի հատ հին տուն առավ Արարատում, դա սուտ ասել չի լինի:  Տանջանքով տունը` տուն սարքեց, վերանորոգեց: Դա էլ եկավ ու սկսեցին միասին ապրել: Մեքնենաներ էր բերել ու դրանց վաճառքով էր զբաղվում» - պատմում է մայրը:

Սակայն ամուսինների միջև անհաշտությունը շարունակվում է, կռիվներ ու վեճեր լինում էին գրեթե ամեն օր:

 «Մամային հանգիստ չէր թողնում, անընդհատ խանդում էր, փողոցով անցնեին մեկը նայեր, սկսվում էր կռիվը, մաման ջահել էր, շատ սիրուն: Հեռախոսը վերցնում էր ստուգում, պահում մոտը, անշնորհք հայհոյանքներ ասում: Դեպքից երկու օր առաջ  մաման իրեն դուրս էր հանել տանից: Բայց մի օր էլի եկավ,- պատմում է Անահիտը,- այդ օրը համ վիճում էին, համ չոքել էր ու մամայից ներողություն էր խնդրում, մամաս էլ խղճով էր...Նկարահանել եմ  այփադովս  ոնց էր մամային հրում, վիրավորում: Միշտ ասում էի մամա զգույշ եղի, քեզ մի բան կանի: Չեմ կարծում, որ սիրում էր, որ սիրեր, կսպանե՞ր»,- ասում է Անահիտը:

Հարևանները Դիաննային նկարագրում են, որպես քիչ շփվող, ու հպարտ մարդու:  Ասում են, որ շատ ժամանակակից էր հագնվում, արտասահմանյան մեքենա վարում:

«Գեղեցիկ դիմագծերով  կին էր, բայց ընդհանարպես նրանք ոչ ոքի հետ կապ չունեին: Նրանց տանը միշտ էլ վեճ ու կռիվ էր»,- ասում են հարևանները առանց ներկայանալու:

Վալյա Նահապետյանը աղջկա մահվան լուրը իմանում է ԱՄՆ-ում: Ասում է, որ դեպքից երկու օր առաջ էր խոսել Դիաննայի հետ:

«Ասում էի  չի լինում ապրել` բաժանվեք, հեռացի իմ աղջկանից, էս 21-րդ դարն է:  Դու գնա քեզ համար ապրի, ես էլ իմ թոռներին  կպահեմ: «Շանթ»-ի եթերից  առանց ամաչելու ասում է, որ սիրել է Դիաննային: Քննիչին ասացի, որ այդքան սիրած կնոջը  կարելի էր բարկացած ժամանակ մի հատ ապտակել, խփել,  բայց նա 25 դանակի հարված է հասցրել աղջկաս, մտածված  կոկորդին էլ է հարվածել , որ  տեղում մեռնի, նա մտածված Դիաննային  տանջամահ է արել: Երեխեքս ոնց որ խանգարված լինեն»-արցունքները կուլ տալով ասում է Վալյան:

Մայրը խեղդվում է ցավից, Դիաննայի տառապալի մահվան վշտից:

Անահիտը ասում է. «Մամայիս մեյք ափ էին արել, բայց էլի սևացած էր, իսկ ինքը այնքան գեղեցիկ էր, ոնց որ 15 տարով ծերացած լիներ»:

Որպես Դիաննա Նահապետյանի իրավահաջորդ հանդես է գալու մայրը` Վալյա Նահապետյանը: Նա պատրաստվում է փաստաբան վարձել, ով կպաշտպանի իրենց շահերը: Արագ արձագանքման խումբն այդ հարցում կաջակցի Վալյային: Ասում է, որ դատի է տալու «Շանթ» հեռուստաընկերությանը «911» հաղորդումով Դիաննայի սպանության պատմությունը նման միակողմանի լուսաբանելու համար:

«Ի՞նչ բարոյական իրավունքով են նման նյութ հեռարձակում:  Լավ, չեն մտածում Դիաննան մահացավ գնաց, ոչինչ չի տեսնում, բա էս երեխե՞քս...մարդասպանին են խոսեցնում, հարևաններին, բա մի հատ եկեք ինձ էլ հարցրեք...»-ասում է Վալյա Նահապետյանը:

Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք արագ արձագանքման խմբին՝ http://rru.swv.am/:

Գայանե Մկրտչյան
ՀԱԲ արագ արձագանքման խումբ

Առաջին նկարում՝ Դիաննայի մայրը՝ Վալյա Նահապետյանը, եւ ավագ դուստրը՝ Անահիտը

Մեկնաբանություններ (2)

veronik
tuq xujan anong xujan bolort el xujan.
MArine
Veronik kaskatsum em vor kkaroghanas kardal gradzs, qani vor hamozvac em vor hay ches. @ntanekan brnutiun@ voch azg, voch tariq voch el ser e chanchum. Da hamashkharhain chariq e. Amen tegh el ka, angam arden zargacac erkrnerum. Parzapes aispisi depqeri lusabanu@ ognum a mardkanc tesnel ev haskanal, te inch karogh e linel ete jamanakin den@ charnes. Mi handurjeq brnutian voch mi tesak: te vizikakan te hogebanakan!!!! Cavum em ais eritasard knoj hamar, naev nra axjikneri. Et hreshin petq e minchev kianqi verj pakel bantum, ev knoj nkar@ kpcenl 4 patin, vor amen or tesneluc xentana.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter