
Քաղաքական գործչի կողմից գաղտնալսումը հանցագործություն չէ. փաստաբան
ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման առթիվ քրգործ հարուցելու վերաբերյալ դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը նշել էր, որ առանց ֆիզիկական անձի դիմումի գործը չի կարող ընթացք չի ստանալ:
Որոշ փաստաբաններ կարծիք են արտահայտում, որ տվյալ դեպքում պարտադիր չէ դիմումի առկայությունը. անձնական կյանքի այնպիսի միջամտություն է տեղի ունեցել, որ պետք է հանրային մեղադրանքի հիմքով քննվի` առանց Օսկանյանի և Զուրաբյանի դիմումի` լրատվամիջոցների տեղեկության հիման վրա:
Փաստաբան Կարեն Թումանյանը, դեմ չլինելով քրգործի հարուցմանը, անձնական կյանքի անձեռնմխելիության վերաբերյալ, սակայն, այլ կարծիք է հայտնում: Ըստ նրա` խնդրին պետք է անդրադառնալ 3 տեսանկյունից. արդյոք գաղտնալսումը կատարվել է պետական մարմնի միջամտությամբ: Սահմանադրությունը որևէ պետական կամ տեղական մարմնի նման լիազորություն չի տվել, և եթե պաշտոնատար անձն իր դիրքն օգտագործել է այլ նպատակով, նշանակում է չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: «Սա հանցագործության որոշակի տարրեր կարող է պարունակել, եթե գնահատականի արժանացնեն և պարզեն, որ օրենսգրքով նախատեսված հետևանքներ կարող էր լինել կամ եղել են»,- նշում է փաստաբանը:
Երկրորդ` արդյոք գաղտնալսումը կատարվել է լրագրողական մեթոդի կամ տեխնիկայի օգտագործմամբ: Եթե լրագրողական «աշխատանքի» արդյունք է, ապա խախտվել է լրագրողական էթիկան:
Երրորդ` եթե ընդամենը անձնական նախաձեռնություն է, որևէ քաղաքական գործիչ հակառակորդ քաղաքական գործչի նկատմամբ ձայնագրման մեխանիզմ է օգտագործել, ապա փաստաբանի կարծիքով, դա հանցագործություն չէ:
Անձնական կյանքի միջամտություն կարող է դիտարկվել անձնական տեղեկությունների հավաքման և տարածման և նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիության խախտման դեպքերում: Փաստաբանի խոսքով` ձայնագրությունը լսելով` ինքն անձնական տեղեկությունների չի հանդիպել: Ինչ վերաբերում է խոսակցության գաղտնիության խախտմանը, ապա օրենքն այս դեպքում սահմանում է կոնկրետ միջոցներով խոսակցությունների տարածում: Տվյալ դեպքում էլ որևէ միջոց չի օգտագործվել. նամակագրություն, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով խոսակցություն չի բացահայտվել:
«Ընդամենը մարդիկ նստել խոսել են: Որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ գաղտնի հանդիպում կամ խոսակացություն է, որովհետև սրճարանում է հանդիպումը եղել` հրապարակայի վայրում: Եթե իրենք իրենց թույլ են տալիս նման հանդիպումներ ու նման քննարկումներ, ապա պետք է նաև կանխատեսին, որ այդ խոսակցությունը հնարավոր երրորդ անձանց սեփականությունը դառնար: Հետևապես ես կարծում եմ, որ հանցագործություն չէ նաև մասնավոր անձի կողմից նման գործողություններ կատարելը»,- ասում է Կարեն Թումանյանը:
Լուսանկարը՝ Կարեն Թումանյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել