
Դատապարտյալը խնդրում է հրավիրել հատուկ նիստ
«Հետքի» խմբագրությունը նամակ է ստացել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից: 2007 թ. 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը խմբագրությանը խնդրում է միջնորդել հանրային խորհրդին՝ հրավիրելու հատուկ նիստ եւ քննարկելու իր բարձրացրած հարցը՝ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու խնդրի վերաբերյալ:
«Հետքին» ուղղված իր նախորդ գրությունով Արթուր Այվազյանը, ով անազատության մեջ է հայտնվել սպանության գործով եւ իրեն համարում է քաղբանտարկյալ, տեղեկացրել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման մասին:
Դատարանն արձանագրել էր, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը պետք է քննվի ոչ թե ընդհանուր իրավասության առաջին ատյանի, այլ վարչական դատարանում: Մինչդեռ նույն գործով դատապարտված մեկ այլ անձի նույնաբովանդակ դիմումը վարչական դատարանը մերժել էր քննել՝ պատճառաբանելով, որ այն ընդդատյա է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին:
«Ինձ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ չազատելու վերաբերյալ արդիական խնդիրն ունի ոչ միայն քաղաքական, այլեւ հասարակական կարեւոր նշանակություն»,- գրում է Արթուր Այվազյանը եւ ակնկալում, որ հանրային խորհուրդը կուսումնասիրի խնդիրը եւ կառաջարկի գործնական լուծումներ:
Մեկնաբանել