HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հավաքականը չպետք է իջնի 2011-ի նշաձողից ցածր

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տարին եզրափակել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 75-րդ տեղում: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ սա, իհարկե, բացասական արդյունք է. 2011-ի դեկտեմբերին մեր թիմը 46-րդն էր, իսկ այս տարվա փետրվարին բարձրացավ մինչեւ 41-րդ տեղ, որից հետո սկսվեց աստիճանական անկումը: Ֆուտբոլասերը կասի, որ խաղի առումով էլ անկում կա. անցնող տարում ընտրանին չցուցադրեց այն վառ խաղը, ինչին սովորեցրել էր մարզասերին Անդորրայի, Սլովակիայի, Մակեդոնիայի, Իռլանդիայի հետ գեղեցիկ հանդիպումներից հետո:

Իբրեւ հիմնական պատճառ նշվում է այն, որ մեր թիմին այլեւս չեն նայում այնպես, ինչպես նախկինում, ասենք, նույն 2011-ին: Հիմա Հայաստանի ընտրանուն ոչ միայն չեն թերագնահատում, այլեւ դիտարկում են իբրեւ լուրջ մրցակցի: Եվ ինչպես ասում են, թիմը խաղում է այնքան, որքան թույլ է տալիս մրցակիցը: Այս առումով կարելի է հիշել բուլղարացիների հետ խաղը, երբ մրցակիցը անընդհատ սադրանքների էր դիմում, ինչն ի վերջո բերեց նրան, որ դաշտից հեռացվեցին Մարկոսն ու Ղազարյանը: Հիմա Վարդան Մինասյանն ու մյուսները պիտի միշտ պատրաստ լինեն նման բաների, քանի որ միջին եւ միջինից ցածր մակարդակ ունեցող թիմերին որպես կանոն բնորոշ է նման վարքագիծը՝ գցել ավելի արագ, հավաք ու գրագետ խաղացող մրցակցի տեմպը, դրդել խախտումների, ենթարկել հոգեբանական ճնշման:

Բայց կան նաեւ անհաջողության այլ պատճառներ: Օրինակ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթայի հետ առաջին հանդիպումից հետո տղաները բողոքում էին խոնավ եղանակից ու խոտածածկի որակից, բայց միեւնույն ժամանակ տպավորությունն այնպիսին էր, որ ֆուտբոլիստները շատ հեռու էին իրենց լավագույն որակներից. չկար արագություն, համակցվածություն, երբեմն զգացվում էր մեկնարկային հուզմունքը, ինչը միայն բացասական էր անդրադառնում հատկապես պաշտպանության գործողությունների վրա: Նույն պաշտպանական խնդիրների պատճառով իտալացիների հետ խաղում երկու գոլ բաց թողեցինք օդային պայքարում պարտվելուց հետո: Եվ լիտվացիների հետ խաղում Մինասյանը երիտասարդ կադրերի միջոցով փորձում էր լավագույն տարբերակ գտնել պաշտպանական օղակում: Մինչեւ մայիս թիմին չի կարողանա օգնել ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը, աջ պաշտպան Սարգիս Հովսեփյանը հեռացավ գործնական ֆուտբոլից: Մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա խաղին դեղին քարտերի պատճառով չեն մասնակցի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, հենակետային կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանն ու Արթուր Եդիգարյանը: Մի խոսքով՝ Մինասյանը տակտիկայի եւ դրանից կախված՝ կազմի որոշման հարցում մտորելու տեղ եւ ժամանակ ունի:

Սակայն նշենք, որ Լիտվայի հետ նոյեմբերյան խաղը մեծապես օգտակար էր կողմնորոշվելու հարցում, քանի որ երիտասարդները եւ հատկապես Կամո Հովհաննիսյանն իրենց վատ չդրսեւորեցին: Ընդհանրապես, ընկերական խաղերը չանտեսելը, ինչի հակառակը սովորաբար լինում էր նախկինում, հավաքականի առաջընթացի նախապայմաններից է. սա լավ գիտակցում են նաեւ մարզչական շտաբում:

2012 թ.-ին Հայաստանի հավաքականն անցկացրել է 9 հանդիպում, որից 6-ը՝ ընկերական: Պաշտոնական հանդիպումներում թիմը տարել է 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղացել, 1 պարտություն կրել: Ընկերական խաղերում էլ 3-ական հաղթանակ ու պարտություն է գրանցել: Տարվա ընթացքում խփել է 13, բաց թողել 12 գոլ: 2011-ին հավաքականը 8 խաղ էր անցկացրել՝ 6 պաշտոնական, 2 ընկերական: Դրանցում 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն էր գրանցել, գնդակների հարաբերակցությունը՝ 14-11:     

2013-ն էլ Հայաստանի ընտրանին սկսելու է ընկերական խաղով: Ըստ ՖԻՖԱ-ի կայքի՝ փետրվարի 5-ին մեր տղաները առաջին անգամ հանդիպելու են Լյուքսեմբուրգի հավաքականին, մարտի 22-ին Երեւանում կհանդիպեն Թուրքմենստանի հետ, որին 2004-ի ապրիլի 28-ին կրկին երեւանյան ընկերական խաղում հաղթել էին նվազագույն հաշվով. աչքի էր ընկել Արա Հակոբյանը:    

Իր կազմում ունենալով լավ կատարողներ՝ մեր հավաքականը ձգտելու է աշխարհի առաջնության ընտրական փուլում ներդնել իր առավելագույն կարողությունները եւ փորձել ձեռք բերել «մունդիալ-2014»-ի ուղեգիր, ինչը բոլորովին էլ հեշտ չի լինելու: Սակայն երկրպագուները կընկալեն նաեւ այն, եթե թիմը գեղեցիկ ու որակյալ խաղ ցուցադրի, սակայն, այնուամենայնիվ, չլինի երկրորդը (առաջին տեղի մասին խոսելը երեւի ավելորդ է, քանի որ ոչ-ոք չի կասկածում իտալացիների հաջողությանը): Փոխարենը հավաքականը նվազագույնը չպիտի հանդես գա այն նշաձողից ցածր, որը գրանցել է 2011-ին՝ 17 միավոր եւ 3-րդ տեղ 6 թիմերի պայքարում:

Հաշվի առնելով, որ «Եվրո-2016»-ում 16-ի փոխարեն խաղարկվելու է 24 ուղեգիր՝ հասկանալի է, որ մեր ներկայիս թիմի գերնպատակը այսօրվանից արդեն այդ մրցաշարում հայտնվելն է, ինչի համար հարկավոր է հեռանկարային ու կայուն թիմ պատրաստել՝ բոլոր պահանջներին բավարարող: Մենք առայժմ այդ ճանապարհին ենք:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter