HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխհամագործակցության պայմանագիր Թբիլիսիում` պատմական արմատներին մոտեցնելու և հայերեն սովորեցնելու նպատակով

Դեկտեմբերի 20-ին,  Վրաստանի մայրաքաղաքի թիվ 98 դպրոցի տոնականորեն զարդարված դահլիճում  հավաքվել էին աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր: Ռուսական  ուսուցմամբ հազար հարյուր աշակերտ ունեցող այս կրթօջախում, ուսում են  ստանում  շուրջ 800  հայ երեխաներ, իսկ մանկավարժական կոլեկտիվի շուրջ 80 տոկոսը նույնպես հայեր են:

Այս կրթօջախում կենտրոնացած ազգությամբ հայերին իրենց պատմական արմատներին մոտեցնելու և հայերեն սովորեցնելու նպատակին էր  միտված փոխհամագործակցության  մասին պայմանագիրը, որը կնքվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի և Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի միջև: Պայմանագրի նպատակների իրականացման համար կողմերը պայմանավորվեցին համագործակցել կրթական բնագավառում և պլանավորեցին անցկացնել  համատեղ միջոցառումներ:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնը   ստանձնեց դպրոցի սովորողների համար  հայոց լեզվի անվճար  դասաժամեր անցկացնելու պարտավորություն, մայրենիի  տարածման համար մշակել և իրականացնել  ուսումնական և  կրթական նախագծեր, ինչպես նաև այլ միջոցառումներով նպաստել  հայ մշակույթի և ավանդույթների  զարգացմանը և տարածմանը:

Վիրահայոց թեմի «Հայարտուն»  կենտրոնի անունից  պայմանագիրը ստորագրեց   համակարգող Լևոն Չիդիլյանը, իսկ  թիվ 98 հանրային դպրոցի անունից՝ տնօրեն  Գիորգի Մոմցելիձեն: Հանդիսավորապես ստորագրված պայմանագրով չեն սահմանափակվում համագործակցության տեսակները և շրջանակները և պայմանագիրը ստորագրված է  անսահմանափակ ժամկետով:

Համագործակցության նոր  որակի կապակցությամբ  օրհնության խոսք ասաց հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:  Շնորհավորանքի  խոսքով ելույթ ունեցան ստորագրող  առաջին դեմքերը:

Այնուհետև կայացավ համերգ, որին  մասնակցեցին «Անի» պարային համույթը (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) և  մեներգիչ  Հենրիխ Պետրոսյանը: Ավելացնենք, որ համագործակցությունն արդեն սկսվել է, քանզի  համերգի  տեխնիկական   հագեցվածությունն ապահովել էր  «Հայարտուն» կենտրոնը՝  տեխնիկական բաժնի պատասխանատու  Վալերի Բադալյանի  գլխավորությամբ:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter