
Անտոնինա Մահարի. «Եթե ես ինքս արժանի չեմ հարգանքի, մի հարգեք, երես թեքեք ինձանից»
«Որքան շատ էր կյանքը խեղում նրան, այնքան ավելի թանկ էր նա դառնում ինձ: Քանզի ես միշտ պարտվածների հետ եմ, և ոչ թե հաղթածների. հաղթածներն առանց ինձ էլ յոլա կգնան»: Անտոնինա Մահարի, «Իմ ոդիսականը»
Գուրգեն Մահարու կինը ծայրահեղ աղքատ է
Տիկին Անտոնինան՝ Գուրգեն Մահարու կինը, տանը շրջում է՝ հնարավորինս շատ հագուստ հագած, ձեռնոց ու գլխարկ դրած: Տանը զրոյական ջերմաստիճան է, որը երբեմն բարձրանում է մի քանի աստիճան, երբեմն իջնում զրոյից ցածր: Փայտե սեղանը, որին Անտոնինա Մահարին դրել է ձեռքերը, նույնպես շատ սառն է:
«Երբ ցուրտ լինի, երեկոներին ննջասենյակում տաքացուցիչ կմիացնեմ: Երևի՝ Նոր տարուց հետո կամ Նոր տարուն: Այս սեզոնին դեռ չեմ միացրել, քանի որ դեռ ցուրտ չի եղել»,- ասում է Անտոնինա Մահարին: Նա երբեմն հարևանի տուն է գնում՝ տաքանալու:
Տան ամբողջ կահույքը մնացել է նույնը, ինչ Մահարու օրոք էր: Տասնամյակների ընթացքում չփոխված վարագույրը մաշվածությունից պատռվել է: Առաստաղին խոր ու լայն ճաքեր կան: Մանրահատակը պոկվել ու քայլելիս տեղից դուրս է գալիս:
«Տեսնո՞ւմ ես՝ ինչ վատ դռներ են: Սրանք ինձ համար սուրբ, լեգենդար դռներ են: Այս դռները թակել են ձեր դասականները, որոնք այցելում էին Գուրգեն Մահարուն: Այդ դռները թակել է Գուրգեն Մահարին: Ես միշտ սպասում էի նրան: Ես ոսկուց դռներ չեմ ուզում»,- ասում է տիկին Անտոնինան:
Գուրգեն Մահարու տուն-թանգարանը |
Ազգությամբ լիտվուհի Անտոնինա Մահարին այսօր համարվում է ծայրահեղ աղքատ: Նա ստանում է 15 հազար դրամ թոշակ, նույնքան էլ աղքատության նպաստ: Հիմա, քանի դեռ տունը չի տաքացնում, էլ.էներգիայի ու հեռախոսի համար վճարում է մոտ 3000 դրամ, բայց երբ երեկոները մի սենյակը ջեռուցի, արդեն ստիպված կլինի 8 հազար դրամ վճարել: Նա Նոր տարվա համար ոչինչ չի գնելու, և 2013 թվականը դիմավորելու է տանը մենակ:
«Մարդիկ աշխատում են և նույնքան են վարձատրվում: Այնպես որ ես նստում եմ ու լռում եմ: Իմ շուրջը բոլորն այնքան աղքատ են, որ ամոթ կլիներ, եթե ես ինչ-որ տեղ դիմեի: Երբեմն նրանց նույնիսկ հազար դրամ կարող եմ տալ: Այնքան շատ դժբախտ մարդիկ կան, որոնք ավելի վատ վիճակում են: Պետք է խիղճ ունենալ»,- ասում է Անտոնինա Մահարին:
Նրան չի այցելել որևէ պաշտոնյա Հայաստանում Լիտվայի դեսպանատնից, Հայաստանի մշակույթի նախարարությունից: Անտոնինան կարծում է, որ պաշտոնյաները տներ չեն գնում նույնիսկ քաղաքավարական այցով, բայց շնորհակալ է, որ մշակույթի նախարարությունը պետպատվերով տպագրել է իր գրքերից մեկը և «դեռ փող էլ է տվել»:
Գուրգեն Մահարու տուն-թանգարանը |
Գրողի մահից հետո Անտոնինան ուզում էր, որ Մահարին կենդանի լինի տանը, և հյուրասենյակը դարձրել է թանգարան, որտեղ ներկայացված են Մահարու ու նրա հարազատների բազմաթիվ լուսանկարներ, գրողի մասին հոդվածներ, գրքեր:
Գուրգեն Մահարին մահացել է 43 տարի առաջ: Անտոնիան մինչև հիմա էլ կարոտում է Լիտվան, բայց ամուսնու մահից հետո մնաց Հայաստանում: Անտոնինայի խոսքով՝ մահանալիս գրողն իրեն ասել է. «Անտոնինա, խնդրանք ունեմ. մի լքիր Հայաստանը, որպեսզի ոմանք չխեղաթյուրեն պատմությունը: Դու միակ մարդն ես, ով իմ մասին ճշմարտությունը գիտեի, ու դու պետք է գրես»: Կինը կատարում է խնդրանքը: Տիկին Անտոնինան, ով Հայաստանի գրողների միության անդամ է, Գուրգեն Մահարու մասին «Իմ ոդիսականը», «Հուշեր», «Հուշեր և պատմվածքներ», «Հին ամրոցի գաղտնիքը» գրքերի հեղինակն է:
Անտոնինա Պովիլայտիտեն քաղբանտարկյալ է դարձել 22 տարեկանում
1944թ. գերմանացիներից հետո Լիտվան գրավեցին ռուսները: Սկսվեցին լիտվացիների զանգվածային ձերբակալությունները, աքսորներն ու մահապատիժները: Վիլնյուսի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողուհի Անտոնինա Պովիլայտիտեն, ինչպես և շատ ուրիշ երիտասարդներ, անդամակցում էր «Անկախ Լիտվայի համար» ընդհատակյա կազմակերպությանը: «Խորհրդային Միությունը շատ ահաբեկում էր ամբողջ Մերձբալթիկան, իսկ ռուսները ի՞նչ էին անում. օյ, օյ, օյ: Իսկ մենք դեմ էինք այդ ահաբեկչությունը: Մերձբալթիկան ոչնչացնում էին, շատ քիչ բան մնաց»,- ասում է տիկին Անտոնինան:
22 տարեկանում Անտոնինան ձերբակալվել է, մեղադրվել «հակախորհրդային քարոզչության», «նացիոնալիզմի», «շովինիզմի» մեջ: Վիլնյուսի բանտում (ГПУ-ի նկուղում) պահվում էին շատ այլ լիտվացիներ, լեհեր: Անտոնինայի խցին հարևան խցերում պահվում էին տղամարդիկ, ովքեր «հակախորհրդային գործունեության» համար մահվան էին դատապարտվել, քանի որ նախընտրել էին խոստովանել իրենց «մեղքը», քան պահվել նման պայմաններում: Քննիչներն ու բանտապահները, որոնք հիմնականում ռուսներ էին, քաղբանտարկյալների հետ վարվում էին այնպես, որ նրանցից շատերը ինքնասպան էին լինում, խելագարվում կամ մահանում:
Անտոնինա Մահարի |
«Երջանիկ է նա, ով չի ծնվել»,- ասում էին քաղբանտարկյալները: Բայց տիկին Անտոնինան վստահեցնում է, որ ոչ բանտում, ոչ ճամբարում, ոչ էլ աքսորում երբեք չի ցանկացել հեռանալ կյանքից: «Ես ուզում էի ապրել, վերադառնալ Լիտվա ու նայել, թե հետո ինչ է լինելու: Եվ հիմա ես ուզում եմ նայել, թե ինչ է լինելու հետո: Մենք իդեալիստներ էինք, մենք սավառնում էինք երկնքում, իսկ դուք շատ երկրային եք: Այնքա՜ն շատ մարդկանց էին նստեցնում, որ երբ ինձ դեռ չէին նստեցրել, նույնիսկ ես զարմանում էի՝ ուրեմն ոչ մի բան չարժե՞մ»,- ասում է Գուրգեն Մահարու կինը:
Ավելի քան 1 տարի բանտում պահվելուց հետո Անտոնինայի դեմ հեռակա դատ է եղել, որն իրեն դատապարտել է 4 տարվա ազատազրկման ճամբարում: Անտոնինային, ուրիշ բանտարկյալների հետ նստեցրել են ապրանք տեղափոխելու համար նախատեսված վագոններ և Վիլնյուսից 35 օր շարունակ փակ վագոնով տեղափոխել Ռուսաստանի Կոմիի Ինքնավար Մարզի ճամբար:
«Երբ մեզ վագոնով տանում էին Լիտվայից, մտածում էի՝ գուցե վերջին անգամ եմ տեսնում Լիտվան: Շատերի դեպքում վերջին անգամն էր: Այդ ժամանակ լաց չէի լինում, քանի որ սիրտս քարացել էր: Ծանր պահերին մարդիկ չեն կարող լաց լինել: Ես լացկան չեմ: Բանտում եթե լաց լինեի, օգուտ կտա՞ր: Ես չէի ուզում ցույց տալ, թե թույլ եմ»,- ասում է Անտոնինան:
Կոմիի անտառում մայիսին էլ ծնկների բարձրության ձյուն կար: Անտոնինան այլ կանանց հետ բահով մաքրում էր ծառերի բները ծածկած ձյունը, իսկ տղամարդիկ սղոցում էին: Հետո ոտքով ուժասպառ վերադառնում էին ճամբար, որտեղ իրենց ստացած ընթրիքն այնքան քիչ էր, որ սոված էին մնում: Կոմիում Անտոնինան նաև աղյուսներ էր բարձում վագոնները:
Մեկ տարվա ընթացքում Անտոնինան այնպես էր թուլացել ու հյուծվել, որ նրան ծեր, հաշմանդամություն ունեցող բանտարկյալների հետո նորից նստեցրին ապրանքների համար նախատեսված վագոն ու Կոմիից տարան Սիբիր՝ ասելով, թե Սիբիրում պայմաններն ավելի լավ են: Սիբիրում հաճախ, երբ տաժանակիր աշխատանք կատարող, ուժասպառ ու սոված բանտարկյալներից որևէ մեկն այլևս ի վիճակի չէր լինում ոտքի վրա մնալ, ուղեկցող պահակախումբը տեղում սպանում էր նրան, իսկ մյուս բանտարկյալներին հրամայում թաղել:
Գուրգեն Մահարին (ձախից) և Աշոտ Սանամյանը |
«Գուրգենի ընկերը՝ մեր Աշոտ Սանամյանը, շատ ամուր տղամարդ էր: Հենց տեսնում էր, որ որևէ մեկը ընկնելու է, շալակում էր ու տանում, որպեսզի չգնդակահարեին»,- պատմում է տիկին Անտոնինան: «Իմ ոդիսականը» գրքում նա գրել է, որ ազատազրկման դատապարտված երիտասարդ նկարիչ Աշոտ Սանամյանը, ով ընկերական կապեր ուներ ճամբարի՝ նույնպես քաղբանտարկյալ ռուս բժշկի հետ, ամեն ինչ անում էր, որ արդեն ուժասպառ ու հիվանդ հայերն ազատվեին տաժանակիր աշխատանքից ու հիվանդանոց տեղափոխվեին:
Երբ Անտոնինայի՝ ճամբարում ազատազրկման ժամկետը լրացել է, իրեն հայտնել են, որ իր դեմ դարձյալ հեռակա դատ է եղել, և այս անգամ արդեն դատապարտել են ցմահ աքսորի: Նա ուրիշ բանտարկյալների հետո ոտքով հարյուրավոր կմ-եր քայլել է դեպի Ձերժինսկի շրջան, որտեղ բանտի պետը ողջունել է հետևյալ բառերով. «Այստեղ եկել եք՝ ընդմիշտ մնալու: Այստեղ են ձեր կյանքը և գերեզմանը: Միայն թե չմտածեք փախչել. միևնույն է՝ անիմաստ է: Ամեն տեղ ձեզ կգտնենք, նույնիսկ գետնի տակ»:
Քչերն են վերադարձել անազատությունից: «Ի՞նչը ձեզ ուժ տվեց վերադառնալ»,- հարցին Անտոնինա Մահարին պատասխանում է. «Իմ մանկությունը: Մեր կյանքի հիմքը մանկությունն է: Ես հրաշալի մանկություն եմ ունեցել, սնուցում, ամեն ինչ, լավ մթնոլորտ: Մանկությունը ամրացրել էր իմ օրգանիզմը, ու ես դիմացա այդ ամենին: Իսկ Գուրգենը մանկություն չէր ունեցել, նա այնքան հիվանդություններ էր տարել, նա երկար չդիմացավ: Խեղճը մանկատանն էր եղել: Դա դաժան ճակատագրի երեխա էր»:
Անտոնինա Մահարին ասում է՝ հպարտ է, որ եղել է հենց հալածվողների և ոչ թե նրանց մեջ, ովքեր կազմակերպեցին այդ դժոխքը, ոչ թե հարմարվածների մեջ, ովքեր մարդկանց մատնելու դիմաց փող էին ստանում ու հրաշալի ապրում, երբ մյուսները զոհվում էին, հիվանդ ու սոված էին:
«Ես դեռ առողջ եմ, իսկ ռազմաճակատի ընկերս պառկած է՝ արդեն վիրավորված»
Անտոնինան՝ Ռութա-Նազիկի հետ |
Հենց Սիբիրում էլ Անտոնինա Պովիլայտիտեն հանդիպել է Գուրգեն Աճեմյանին: Անտոնինան անազատության մեջ էր արդեն 10 տարի, իսկ Գուրգենը՝ 17: Գրողը մեղադրվում էր «ահաբեկչության» ու «Բերիային սպանելու մտադրության» մեջ և ճամբարում ազատազրկման ժամկետը սպառելուց հետո ևս դատապարտվել էր ցմահ աքսորի:
Մահարին արդեն հույսը կորցրել էր, որ տուն կվերադառնա: Նա պառկած էր մահացող հիվանդների հիվանդասենյակում: Բժիշկներն Անտոնինային ասում էին, որ «Աճեմյանի վիճակը շատ վատ է, դու սուրբ ես, որ գնում ես այդ հիվանդասենյակ»: Անտոնիան երջանիկ տեսք էր ընդունում, մտնում հիվանդասենյակ և ասում. «Գուրգեն, ես քեզ լավ լուր եմ բերել: Բժիշկներն ասացին, որ քո վիճակը շատ լավ է, քեզ շուտով դուրս կգրեն: Դու կվերադառնաս, քո գրքերը կտպագրեն»:
«Դա մաքուր սուտ էր: Այդ ձևով ես ոտքի կանգնեցրի նրան: Նա ասում էր. «Եթե դու ինձ հետ չգաս, ես մենակ չեմ գնա»: Ես ասում էի. «Եթե դու ուզում ես, ես կգամ»: Ես երբեք չէի մտածում, որ կգնամ, որ հարկ կլինի գնալ, որ մեզ բաց կթողնեն, որ նա կենդանի կմնա: Մտածում էի՝ արդեն առավոտյան մարդուն չեմ գտնի: Այդ սերը ավելի բարձր էր, քան սերը. օգնել, դուրս հանել մարդուն, ինչ-որ բան անել, որ ինքն իմանար, որ ինչ-որ մեկը սիրում է իրեն, ինքն ինչ-որ մեկին պետք է: Դա իմ ռազմաճակատի ընկերն էր: Ես դեռ առողջ եմ, իսկ ռազմաճակատի ընկերս պառկած է՝ արդեն վիրավորված, ու ես պետք է ինչ-որ բան անեի նրա համար»,- պատմում է տիկին Անտոնինան:
Մահարին դուրս է եկել հիվանդանոցից, ու նրանք ամուսնացել են: 1953թ.՝ Ստալինի վախճանից հետո, քաղբանտարկյալների մեջ փրկվելու հույս առաջացավ: Անտոնինան երազում էր Լիտվա վերադառնալ, բայց Մահարու հետ 1954թ. Հայաստան եկավ: Հայաստանում կես տարեկանում մահացավ նրանց աղջիկը՝ Ռութա-Նազիկը, ով ծնվել էր Սիբիրում: Հաջորդ տարի ծնվեց նրանց տղան, ում անունը նույնպես Գուրգեն էր:
![]() |
Գուրգեն Մահարի |
Ընտանիքն ամառներն անցկացնում էր Լիտվայում: Ձերբակալվելուց 13 տարի անց Անտոնինան առաջին անգամ վերադարձավ Լիտվա: Այստեղ նա չգտավ ոչ ծնողներին, ոչ միակ եղբորը՝ Ալեքսիսին, որոնց դեմքերը դեռ հիշում է: Տիկին Անտոնինայի խոսքով՝ ծնողները երիտասարդ ինտիլիգենտներ էին, ապրում էին բարեկեցիկ կյանքով և գուրգուրում էին իրեն: Հայտնի չէ՝ ծնողներն ու եղբայրը ո՞ղջ են մնացել, թե՞ զոհվել են ստալինյան տեռորի ժամանակ, գուցե արտասահմա՞ն են փախել, գուցե նրանց է՞լ են Սիբիր աքսորել: Դեռ Վիլնյուսում ձերբակալության պահին Անտոնինան և Կաունասում ապրող իր հարազատները լուր չունեին միմյանցից:
Անտոնինան և Մահարին միասին ապրել են 16 տարի, թեև կինը կարծում է, որ Մահարին ավելի երկար կապրեր, էլի չլիներ «Այրվող այգեստաններ» վեպը: Վեպը խիստ քննադատվեց: Գիրքը վառում էին Մահարու լուսամուտի տակ, տան դռան վրա ամրացված «Գուրգեն Մահարի» ցուցանակի վրա թքել են, փողոցում Անտոնինային «ամեն տեսակ զզվելի բաներ էին ասում Գուրգենի մասին»: Մահարին ասել է, որ իրեն բոլորը լքել են, և միայն Անտոնինան է, որ այդ քննադատության ժամանակ մնացել է իր կողքին: Երեք տարի անց գրողը մահացավ:
Դա առաջին մահն էր որդու՝ 14-ամյա Գուրգենի համար: Երբ Գուրգենը հորը տեսավ մահացած, հոգեկան հիվանդություն ստացավ: Վեց տարի առաջ մահացել է նաև Անտոնինայի և Մահարու որդին: «Գուրգենիկից հետո ավելի դատարկ է»,- ասում է տիկին Անտոնինան:
Լիտվուհին՝ հայերի մասին. «Դուք ռուսների կրունկի տակ եք»
Գուրգեն և Անտոնինա Մահարիները որդու՝ Գուրգենի հետ |
Հայաստանի անկախացումից հետո Անտոնինա Մահարին այլևս չի գնացել Լիտվա: Տոմսը շատ թանկացավ: Բացի դրանից՝ արդեն «հատուկ փաստաթղթեր, հրավերներ են պետք»:
«Ես սիրում եմ Հայաստանը ու չեմ ուզում, որ ինչ-որ վատ բան տեղի ունենա»,- ասում է Անտոնինա Մահարին: Նրա խոսքով՝ Հայաստանում մարդկանց մեջ բարություն ու անկեղծություն կան, ինչպես իր հարևանների մեջ: Բայց միաժամանակ նա չի սիրում հայաստանցիների նախանձն ու ատելությունը ամեն ինչի նկատմամբ:
Նա եկել է Հայաստան՝ որպես Հայաստան, բայց չի զգում Հայաստանը: «Ինձ դուր չի գալիս, որ դուք չունեք ձերը»,- ասում է Անտոնինա Մահարին: Լիտվայում, ինչպես և աշխարհի բոլոր երկրներում մարդկանց դիմում եմ «տիկին» կամ «պարոն» բառով, իսկ Հայաստանում տիկին Անտոնինային որոշ հայեր դիմում են անուն-հայրանունով՝ «Անտոնինա Միխայլովնա»: Լիտվուհին զարմանում է. «Ձեր ինչի՞ն է դա պետք. դուք հայ եք: Դա ռուսական ձև է, միայն Ռուսաստանում է: Ես ուզում եմ գտնել հայկական «ես»-ը»:
Անտոնինան նաև զարմանում էր, երբ իրենց տուն այցելող որոշ հայեր խնդրում էին ռուսերեն գրքեր տալ, քանի որ «հայերեն դժվարությամբ են կարդում»: Նրա խոսքով՝ ինքն ու ամուսինը դեմ էին, երբ հայերն իրենց երեխաներին ուղարկում էին ոչ թե հայկական, այլ ռուսական դպրոցներ: Խորհրդային իշխանության ժամանակ լիտվացի նույնիսկ կուսակցականներն էին դրա վրա զարմանում: Թեև ԽՍՀՄ փլուզումից հետո էլ որոշ հայեր նախընտրում են ռուսական դպրոցները:
«Դա ինձ դուր չի գալիս: Դուք ռուսների կրունկի տակ եք: Դե, եղեք: Եվ ինչո՞վ են ձեզ օգնել ռուսները, երբ ձեզ սպանում էին Բաքվում: Դուք ընկերներ չունեք: Պինդ մնացեք: Ես ուզում եմ, որ ձեր հայկական ոգին լինի»,- ասում է Անտոնինա Մահարին:
Իսկ իր ոգին ճակատագրի հարվածներից ու դժվարություններից ավելի ամուր է դարձել: Անտոնինային շատ վիրավորում է, երբ իրեն հարգում են միայն նրա համար, որ Մահարու կինն է: «Իմ հոր թևի տակ ևս չեմ ուզում լինել: Ինձ պետք չէ, որ ինչ-որ մեկի թևի տակ ինձ հարգեն: Եթե ես ինքս արժանի չեմ հարգանքի, մի հարգեք, երես թեքեք ինձանից: Դա էլ անում եք, իմիջիայլոց: Հիմա, երբ ես անցել եմ այդպիսի կյանք և Գուրգեն Մահարուն, ինչպես երեխայի, դուրս եմ բերել գերեզմանից, կարող եմ հպարտանալ: Իսկ առաջ ես ոչ ոք էի»,- ասում է նա:
Չնայած տարածված տեսակետին, որ մեծ մարդկանց, հատկապես արվեստագետների կանայք մնում են ամուսինների ստվերում, Անտոնինան պնդում է, որ երբեք չի եղել Գուրգեն Մահարու ստվերում:
«Ես ամենաբարձր հասարակության տիկին էի: Գուրգենը գրողների համագումարի պատվիրակ է եղել 4 անգամ: Ես եղել եմ Կրեմլում, Մոսկվայի ամենալավ հյուրանոցներում: Ես գնում էի, քանի որ պետք է խնամեի նրան, ես դայակ էի: Ես նրան չէի հարցնում. ինչ ուզում, դա էլ անում էի: Բայց ես անում էի հօգուտ նրա, և ես ամեն ինչ ճիշտ էի անում: Գուրգենը պարտված ու դժբախտ էր, ու ես ուրախ եմ, որ եղել եմ նրա կողքին: Ես չէի կարող թողնել: Ես էլ էի այդպիսին: Մենք այդպես կապվեցինք: Նա ինձ պետք էր ինչպես օդ, ես էլ նրան՝ ինչպես օդ: Սարսափելի սիրում էր, ես՝ նույնպես»,- ասում է տիկին Անտոնինան:
Մեր զրույցի վերջում նա հավելեց. «Մենք նոր տարին տոնում ենք, քանի որ ապրել ենք այս տարին և ողջ մնացել մինչև հաջորդ տարին: Շատերը չկարողացան սպասել, և շատերը երիտասարդ հեռացան: Այնպես որ, շնորհակալություն Աստծուն, և թող օրհնի հաջորդ տարին»:
Մեկնաբանություններ (20)
Մեկնաբանել