HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսաշրջության վիճակագրական հետազոտության մեկնարկը տրվեց

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացման ծրագիրը այսօր ստորագրեցին հուշագիր` ազդարարելով Հայաստանում զբոսաշրջության վիճակագրական հետազոտության մեկնարկը:

Հետազոտությունն իրականացվելու է 2013թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանի Բագրատաշենի, Մեղրիի, Այրումի և Բավրայի սահմանային անցակետերում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Շիրակ օդանավակայանի անցակետերում:

Հետազոտության նպատակն է իրականացնել հանրապետություն ժամանողների և հանրապետությունից մեկնողների շրջանում զբոսաշրջիկների վերաբերյալ հնարավորինս հավաստի տվյալների հավաքագրում, որոնք կբնորոշեն զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը, ժամանման և մեկնման նպատակը, ճամփորդության կազմակերպման եղանակները, կատարված ծախսերը և զբոսաշրջիկների սեռատարիքային կազմը:

Վերջնական զեկույցը նորացված տվյալներ կներկայացնի շուկայի հիմնական հատվածների վերաբերյալ, կհեշտացնի զբոսաշրջության զարգացման ազգային ռազամավարության վերանայումը և կխթանի զբոսաշրջության նոր փաթեթների մշակումը: Զեկույցը նաև կօգնի որոշել զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ կատարվելիք հետագա քայլերը և զբոսաշրջության ոլորտում վաճառքը, եկամուտները և հասույթը ավելացնելու հնարավորությունները:

Հավաքագրված տվյալները կօգտագործվեն զբոսաշրջությանը վերաբերող տնտեսական ցուցանիշները հաշվելու և Հայաստանում զբոսաշրջային սատելիտային հաշիվ (Tourism Satellite Account) համակարգ ներդրելու համար: Վերջինս գնահատում է ոլորտի ապրանքներն ու ծառայություններն ըստ միջազգային դասակարգումներ՝ հնարավորություն տալով այլ երկրների հետ հավաստի համեմատություններ կատարել:

ԱՄՆ ՄԶԳ-ն իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով այս նախաձեռնության գլխավոր աջակիցն է: «Ի-Դի-Էմ-Սի»-ն 2012թ. ամռանը աջակցել է հետազոտության մեթոդոլոգիայի մշակմանը և ֆինանսավորելու է այս ծրագրի աշխատակազմի համալրման, իրականացման, տվյալների վերլուծության և զեկույցի հրապարակման փուլերը: Հետազոտության արդյունքները շահառուներին հնարավորություն կընձեռեն արձանագրել ոլորտում բարելավումները և որոշել այն բնագավառները, որտեղ Հայաստանի զբոսաշրջությունը հետագա աջակցության կարիք ունի:

Վերջնական զեկույցը կհրապարակվի 2014թ.:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter