Արձագանքել է ավագանու անդամը (վիդեո)
«Ախթալայի նորընտիր ավագանու նիստում անպատրաստ ավագանիները թյուրիմացության մեջ ընկան» նյութի հրապարակումից հետո դեկտեմբերի 19-ին «Հետքը» ստացավ Ախթալայի ավագանի Սասուն Վարդումյանի պատասխանը, որը հրապարակում ենք այսօր: Ուշացման պատճառը տեսանյութի պատրաստումն էր: Ստորեւ ներկայացնում ենք Վարդումյանի պատասխանը եւ նյութի հեղինակ Լարիսա Փարեմուզյանի արձագանքն ու տեսանյութը:
Պատասխան «Ախթալայի նորընտիր ավագանու նիստում անպատրաստ ավագանիները թյուրիմացության մեջ ընկան» հոդվածին
Ծանոթանալով «Հետք» առցանց պարբերականի դեկտեմբերի 18-ին հրապարակված «Ախթալայի նորընտիր ավագանու նիստում անպատրաստ ավագանիները թյուրիմացության մեջ ընկան» հոդվածին՝ մի շարք անճշտությունների ենք հանդիպում:
Նախ՝«Հետքի» այն հարցին, թե ինչո՞ւ է Սասուն Վարդումյանն անհամաձայն գույքագրման արդյունքներին, նա պատասխանել է ոչ թե «Նիստի ավարտից հետո կասեմ, հիմա ես չեմ կարող հիմնավորել» և Սասուն Վարդումյանը չկարողացավ ներկայացնել իր առարկությունները (ինչպես գրում է լրագրողը), այլ «Նիստի ավարտից հետո կպատասխանեմ», որը դեռ չի նշանակում հարցին չկարողանալ պատասխանել:
Այնուհետ «Հետքի» այն տեղեկությունը, թե Սասուն Վարդումյանն ասաց, որ ուզում է իր ձեռքի տակ ունենալ Ախթալա համայնքի 2013-2016թթ. քառամյա ծրագիրը և պարզվեց՝ ծրագրի մեկական օրինակ դրված է եղել ավագանու առաջին նիստի օրակարգային հարցերի ավագանիների թղթապանակների մեջ, սակայն Սասուն Վարդումյանը չէր նկատել, չի համապատասխանում իրողությանը, քանզի ոչ թե չի նկատել, այլ նրան չի հանձնվել՝ քաղաքապետի կողմից պատճառաբանվելով, որ քառամյա ծրագիրը հանձնվում է միայն նրանց, ովքեր կան համապատասխան հանձնաժողովի կազմում:
Թյուրիմացություն է նաև այն հատվածը, երբ «Հետքի» այն հարցին, թե ինչո՞ւ դեմ քվեարկեցին համայնքի կարևորագույն փաստաթղթին՝ երիտասարդ ավագանիներ Սասունը և Գագիկը պատասխանեցին. «Որովհետև չեն համապատասխանում թվերը»: Ոչ թե Սասունը և Գագիկը, այլ միայն Գագիկն է այդ պատասխանը տվել:
Անհասկանալի է նաև այս հատվածը. «Պարզվեց՝ նորընտիր ավագանիներն ավագանու նիստի ներկայանալիս չէին վերցրել 2013թ. բյուջեի նախագիծը, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն էլ ավագանու նիստում աշխատելու համար թյուրիմացաբար նրանց մատուցել էին 2012թ. բյուջեն»: Հետաքրքիր է, եթե ավագանիներին տրվել էին 2012-ի բյուջեն, ապա ինչպե՞ս իրենց հետ վերցնեին 2013թ. բյուջեի նախագիծը:
Ու վերջում ամենամեծ անճշտությունը, որ գրում է «Հետքը», թե իբրև ՀԱԿ-ն է առաջադրել Սասուն Վարդումյանին: Սասուն Վարդումյանը Ախթալա համայնքի ավագանու անդամ դարձել է ինքնաառաջադրմամբ:
Սասուն Վարդումյան
Լարիսա Փարեմուզյանի արձագանքը
Հրապարակման մեջ մեր խնդիրը չի եղել որևէ մեկի, այդ թվում՝ ավագանի Սասուն Վարդումյանի մտավոր կարողությունները կասկածի ենթարկելը, ինչպես ենթադրել է պատասխանի հեղինակը:
«Նիստից հետո կպատասխանեմ»՝ դեռ չի նշանակում չկարողանալ պատասխանել»,- գրում է Սասուն Վարդումյանը: Իհարկե, չի նշանակում: Ավագանիները, այդ թվում նաև Սասուն Վարդումյանը, համայնքի ավագանու նիստերին օրենքով սահմանված կարգով պարտավոր են ներկայացնել Ախթալայի բնակչության կարծիքն ու շահը:
Դեկտեմբերի 18-ին ավագանու նիստի հաստատմանը ներկայացված Ախթալայի Ծովինար Բլուդյանի անվան մանկապարտեզի, մանկական արվեստի դպրոցի և թիվ 1 մանկապարտեզի գույքագրման արդյունքներին Սասուն Վարդումյանը դեմ քվեարկեց, սակայն քվեարկությունից առաջ և հետո չներկայացրեց գույքագրման արդյունքներում տեղ գտած՝ իր քվեարկությանը համարժեք փաստեր:
«Հետքը» փորձեց պարզել, թե որքանով էր Սասուն Վարդումյանի քվեարկությունն արտահայտում Ախթալայի բնակչության կարծիքն ու շահը, և արդյո՞ք նա ուներ դեմ քվեարկելու հիմնավոր փաստեր, որոնք հրապարակվելու դեպքում կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա: Այս պատճառով քվեարկությունից անմիջապես հետո նրանից խնդրեցի իր քվեարկությունը հիմնավորող մեկնաբանություններ, որին էլ նա պատասխանեց. «Նիստի ավարտից հետո կասեմ, հիմա չեմ կարող հիմնավորել»:
Թե որքանով են ավագանիներ Սասուն Վարդումյանը և Գագիկ Կասինյանը տեղյակ բյուջետային գործընթացներից՝ կարելի է տեսնել ներկայացված տեսանյութում: Նրանք չէին տարբերակել ավագանու իրենց թղթապանակում առկա համայնքի 2012 և 2013թթ. բյուջետային փաստաթղթերը, որի պատճառով ավագանու նիստը վերածվեց լեզվակռվի. «Իմ պապկում համ դրանից կա, համ նրանից»,- տեսանյութում ասում է Սասուն Վարդումյանը:
Սասուն Վարդումյանը նաեւ հերքում է, թե ինքը ներկայացնում է ՀԱԿ-ը՝ նշելով, որ ավագանի է ընտրվել ինքնաառաջադրմամբ: Նախ՝ մենք առաջադրմանը չենք անդրադարձել, պարզապես գրել ենք՝ ՀԱԿ-ը ներկայացնող: Անձը կարող է լինել այս կամ այն կուսակցության անդամ կամ համակիր, սակայն ընտրություններում առաջադրվել ոչ թե կուսակցության, այլ իր անունից:
Հոդվածը պատրաստելիս մենք առաջադրման կարգին առանձնակի ուշադրություն չենք դարձրել, քանի որ ՀԱԿ-ի Թումանյանի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Պապոյանը մեզ հայտնել է, որ Սասուն Վարդումյանը ՀԱԿ-ի անդամ է և Ախթալայի ավագանու կազմում ներկայացնում է ՀԱԿ-ը:
Ավելին, հոդվածի հրապարակումից հետո նա մեզ ասաց. «Ես նրան առաջիկայում հրավիրել եմ ինձ մոտ հոդվածում բարձրացված հարցերը քննարկելու համար»: Մնացած հարցերի պատասխանը Ս. Վարդումյանը եւ ընթերցողը կարող են գտնել տեսանյութում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել