HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռաֆայել Պապայանի հիշատակին

Ռազմիկ Մարկոսյան

Անցյալ դարի 60-ականներին, երբ Խորհրդային Միության գաղափարախոսական   սառույցը շաժվեց, երկրի մի շարք հանրապետություններում, ինչպես նաև սոցճամբարում, սկսեցին տեղական` ոչ միութենական խնդիրներ վեր հանող շարժումներ ծավալվել: Դրանց պահանջները նույնքան տարբեր էին, որքան խորհրդային մանգաղով համահավասարեցված ազգություններն` իրենց իրական պատմությամբ ու խնդիրներով: Լեզվական, սոցիալական, էկոլոգիական այդ խնդիրների կողքին Հայաստանն առաջ քաշեց 1915-ի ցեղասպանության, իր պատմական հայրենիքի կորուսյալ հատվածի խնդիրը:

Մեր շարժման այդ կարևոր, բայց հուզական փուլն արագ ավարտվեց: Դրան հաջորդեց քաղաքականապես  առավել հասուն ու կազմակերպված շրջանը, որ նշանավորվեց Ազգային Միացյալ Կուսակցության ստեղծմամբ: ԱՄԿ-ն խորհրդային ձնհալի թույլատրելի սահմանն անցավ` մեր ազգային պահանջատիրությունը տեղափոխելով քաղաքական անկախության համատեքստ: Դրան, բնականաբար,  հաջորդեցին բազմաթիվ դատավարություններ, կալանք ու աքսոր:

Մարդու իրավունքների հելսինկյան համաձայնագիրը դարձավ մեր պայքարի գաղափարական հենասյուներից մեկը, ինչպես նաև այդ պայքարին միջազգային հնչեղություն տալու կռվանը: Համաձայնագրի պահանջները Հայաստանի քաղաքական-սահմանադրական պայքարի զարգացմանը զուգընթաց օրեցօր խախտվում էին առավել կոպտորեն:

1975-ին ԱՄԿ-ի օրինական, բայց խստիվ հետապնդվող պայքարին սատարող խումբ նախաձեռնելու հրատապ խնդիրն իրենց վրա վերցրին այն ժամանակ Երևանի պետական համալսարանի դասախոսներ Ռաֆայել Պապայանը, Էդմոն Ավետյանը և հնեաբան-պատմաբան Գեորգի Խոմիզուրին (ծածկանունը`Էռնեստ Կարաև): Հայկական հելսինկյան խումբը զբաղվում էր Խորհրդային Հայաստանում մարդու իրավունքների խախտումների բացահայտմամբ ու հրապարակմամբ: Նմանատիպ խմբեր ձևավորվեցին միության մյուս հանրապետություններում:

Այսպիսով ԽՍՀՄ-ում ստեղծվեց մարդու իրավունքները սատարող քաղաքական-տեղեկատվական մի սարդոստայն, որի հայկական` առավել խոցելի և ուշագրավ հատվածի գործունեությանն իր կարևոր ներդրումն ուներ երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանը: Նա ընթացք էր տալիս ու միջազգային հնչեղություն հաղորդում հայ քաղբանտարկյալների դիմումներին, հնարավորինս սատարում նրանց: Պապայանի այդ օրինական ու մարդասիրական գործունեությունը ԽՍՀՄ պետանվտանգության համակարգի աչքից չէր կարող վրիպել և չէր կարող չորակվել որպես «հակասովետական ագիտացիա և պրոպագանդա»: Իսկ ԽՍՀՄ-ում դրան անհապաղ հետևում էին կալանքն ու աքսորը, ինչով էլ մեծապես կասեցվեց հելսինկյան խմբին սատարելու նրա գործունեությունը:

ԽՍՀՄ-ում մարդու իրավունքի վերին սահմանը այդ իրավունքի ոտնահարումն էր, ազգային ինքնորոշման վերին սահմանը` բռնատիրությունը: Եվ հանցագործ էր նա, ով դեմ էր այդպիսի իրավունքին ու ինքնորոշմանը. հանցագործ կամ հոգեկան հիվանդ: Պատժիչ հոգեբուժության ժամանակաշրջանի զոհը դարձավ Ռաֆայել Պապայանի զինակից, մտավորական Էդմոն Ավետյանը, որն իր` խորհրդային ձևաչափի մեջ չտեղավորվող գիտական-մանկավարժական գործունեությունը ստիպված եղավ ընդհատել` բռնի կերպով տեղափոխվելով հոգեբուժական հաստատություն:

Մինչդեռ այդ տարիները խորհրդային պատմության մեջ որակվում են որպես ձնհալի ժամանակաշրջան: 

Ազգային ազատագրության պայքարին նվիրաբերված ցանկացած գործունեություն մեծ ներդրում է քաղաքական, պատմական մշակույթի շտեմարանում: Բայց որքան մեծ պիտի լիներ այդ ներդրումը, եթե այն խորհրդային բռնապետության շղթաներն ավերելու փոխարեն ուղղված լիներ գիտական մտքի զարգացմանը, եթե նրանք, ովքեր Սևակի խոսքով ասած` «ստեղծում էին ու բանաստեղծում», իրենց ներդրումն ունենային ոչ թե ազգի ազատ ապրելու իրավունքը ստեղծելու, այլ այն օրավուր հաստատելու ու պահպանելու գործին միայն:

Ճակատագրի բարեհաճությամբ՝ Ռաֆայել Պապայանն իր մտավոր ներուժով կարողացավ նպաստել նաև Հայաստանի անկախության գործընթացին` մասնակցելով անկախ Հայաստանի պետականության հիմնադրմանն ու կառուցմանը: Ես, որպես զինակից, երջանիկ եմ, որ Պապայանին տեսա մեր երկրի կայացման կենսականորեն կարևոր օղակներում, բայց որպես Պապայանի ընկեր, կուզեի նրան այսօր տեսնել մեր կողքին:

Լուսանկարում' աջից' Ռաֆայել Պապայանը եւ Ռազմիկ Մարկոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter