HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվեց գյուղատնտեսական մթերքի երրորդ տոնավաճառը

Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ «Մալիբու» սրճարանի տարածքում, գյուղատնտեսության նախարարությունը՝ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ, բացեց գյուղատնտեսական մթերքի նոր՝ թվով երրորդ տոնավաճառը: Բացմանը ներկա էին նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի բնակիչները նախատոնական օրերին գյուղատնտեսական մթերք կարող են գնել հատուկ այդ նպատակով բացված տոնավաճառից: Գյուղատնտեսական տոնավաճառների հիմնական նպատակը գյուղացու եկամտի աճին նպաստելն է, ինչպես նաև՝ առեւտրի ոլորտում գյուղացի-քաղաքացի շփումը վերականգնելը:

Տոնավաճառի ընթացքում իրենց արտադրանքը կներկայացնեն  150-ից ավելի գյուղացիներ՝ գրեթե բոլոր մարզերից: Նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները՝ առևտուրը բարձր մակարդակով իրականացնելու համար: Նրանց տրամադրվելու են անվճար տաղավարներ, կշեռքներ եւ սայլակներ ու անհրաժեշտ այլ պարագաներ: Գյուղատնտեսական երրորդ տոնավաճառը բազմամարդ էր, վաճառքի գները՝ խելամիտ:

Սերգո Կարապետյանն երրորդ գյուղատնտեսական տոնավաճառի տաղավարներում շրջելուց հետո մասնավորապես նշեց. «Ինչպես խոստացել էինք, այս տարի բացեցինք երրորդ գյուղատնտեսական տոնավաճառը, որը հնարավորություն է տալիս մայրաքաղաքի բնակիչներին առանց միջնորդի՝ անմիջապես գյուղացուց գնել թարմ մթերք, իսկ գյուղացին էլ՝ սեփական արտադրանքն իրացնելու լավ հնարավորություն է ստանում»:

Տոնավաճառների արդյունավետության մասին խոսելով՝ նախարարը նշեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 49 տոնավաճառ, որին մասնակցել են շուրջ 876 գյուղացիական տնտեսություններ՝ 182 գյուղական համայնքներից: Մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 30-40 տոննա գյուղմթերք:

Նույն ժամանակահատվածում «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ կազմակերպվել է 33 տոնավաճառ, որին մասնակցել են շուրջ 484 գյուղացիական տնտեսություններ՝ 140 գյուղական համայնքներից: Տոնավաճառի ընթացքում իրացվել է 10-15 տոննա գյուղմթերք:

«Մալիբու» սրճարանի տարածքում բացված երրորդ գյուղատնտեսական տոնավաճառը կգործի ամեն օր մինչեւ դեկտեմբերի 30-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter