Հայաստանի տաղանդաւոր ջութակահար Քարմէն Թոսունեանի յաջողութիւնները
Հոկտեմբերի կէսերին էր, երբ Երևանից մինչև Մոկուա թռիչքին աթոռակից եղայ երիտասարդ, զուարթադէմ ու նրբակազմ մի աղջկայ հետ, ու անմիջապէս ինչ որ աներևոյթային ձգողական մի ոյժ զգացի նրա հետ, որ քիչ վերջը պիտի բացայայտուէր:
Միառժամանակ լուռ մնալուց յետոյ, մի քանի բառ փոխանակեցինք անգլերէնով. մտածեցի երևի ռուս է, քանի որ շատ հմտօրէն էր խօսում ռուս մատուցողների հետ:
- Կ'ներք, ինչպէ՞ս է ձեր անունը.
- Քարմէն: Եղաւ պատասխանը: Չգիտեմ ինչու՞ միտքս թռաւ դէպի օպերա «Թօսկայ», ու դարձեալ այդքանով գոհ չէի զգում: Միտքս աւելի էր ցանկանում իմանալ նրա մասին ու կարծես ի'նչ որ արուեստի շողերի փայլն էի զգում նրա մէջ: Հետաքրքրութեանս աւելին գոհացում տալու համար նորէն հարցրեցի.
- Ինչպէ՞ս է ձեր ազգանունը.
- Թոսունեան. պատասխանեց նա ժպտադէմ: Իմ սիրտն էլ ժպտաց ...
Քարմէն Թոսունեանը արուեստավարժ ջութակահար է. գնում էր Նիւ Եորք ելոյթ ունենալու յայտնի Քարնիգի Համերգասրահում (CARNEGIE HALL) : Սրտիս հրճուանքը անմիջական էր, խոստացայ ներկայ լինել համերգին:
Համերգը նուիրուած էր 20-րդ դարի հռչակաւոր ղեկավար և նուագախմբի հիմնադիր Մաէսթրօ Ջօրջ Շօլթի ծննդեան 100-Ամեակի յիշատակին: Շօլթիի ամենամեծ ուրախութիւնն է եղել աշխատել երիտասարդ երաժիշտների հետ վեր հաստատելով նրանց աստուածատուր արուեստի բնական զօրութիւնը, դրսևորել ու փայլ տալ նրանց տաղանդին: Եւ աւելին նա հաւատացած էր որ նուագի միջոցով կարելի է մօտեցնել ազգերին, միջ-մշակութային հասկացողութիւն ունենալով կարելի է նպաստել աշխարհի խաղաղութեան: Այսօր Շօլթի ընտանիքի կողմից ձեռնարկած հիմնադրամը և ակադեմիան օգնում է նորեկ երիտասարդ երաժիշ շատ ատերին: 1995թ. Միացեալ Ազգերի Կազմակերպութեան (UNITED NATIONS) 50-Ամեակի առթիւ Մաէսթրօ Ջօրջ Շօլթին (Sir. Georg Solti) ՄԱԿ-ի նախագահի կողմից հրաւիրւում է Ժընև համերգի, ուր կեանքի է կոչւում «Համաշխարհային Խաղաղութեան Նուագախուբ»-ը (World Orchestra for Peace): Այդ հսկայական նուագախմբի անդամներն են կազմում 60-ից աւելի աշխարհի երաժշտախմբերի լաւագոյն ու տաղանդաւոր երաժիշտները:
Հոկտեմբեր 19-ին 2012թ. երեկոյեան ժամը 7:30-ին, աշխարհահռչակ և բազում պարգևների տէր Մաէսթրօ Վալրի Գրիգէվի (Valery Gergiev) Ղեկավարութեամբ (Շօլթի մահից յետոյ ժառանգել է նուագախմբի ղեկավարութիւնը) Քարնիկի Դահլիճի (Carnegie Hall) մէջ տեղի ունեցաւ «Համաշխարհային Խաղաղութեան Նուագախումբ»-ի 20-րդ համերգը, որն առաջինն էր Ամերիկայի մէջ: Համերգի հանդիսավարն էր Տիկ. Վալրի Շօլթին (Valerie Solti) : Երաժշտահամերգին անդամակցում էին 35 տարբեր երկրների լաւագոյն երաժիշտները, ներառեալ Հաայստանը, որի փայլուն ներկայացուցիչն էր, մեր շնորհալի ու տաղանդաւոր Քարմէն Թոզունեանը: Նրանք եկել էին տարբեր երկրներից միասնաբար կազմելու այդ մեծածաւալ նուագախումբը: Նաև տեղին վրայ մեզ յայտնաբրուեց որ մեներգների շարքում նաև ելոյթ է ունենալու 24 ամեայ Թերեզա Գէորգեանը (Soprano) Հայաստանից: Նա սովորել է Երևանի Կոմիտասի Անուան Երաժշտանոցում. 2011-ին ընտրուել և սովորել է Ջօրջ Շօլթի Ակադեմիայում՝ Թասքնի, Իտալիա: Ելոյթ է ունեցել Ֆլօրանս, Թասքնի: Շահել է ձայնի մրցանակներ Հայաստանում և արտերկրներում: Մասնակցել է զանազան օպերանների բեմադրութեան:
Քարմէն Թոսունեանը եօթը տարեկանից սկսել է ջութակ նուագել, նա նախ ցանկացել է դաշնամուրը, բայց չի յաջողուել, համաձայնուել ու յարմարուել է ջութակի հետ: Միջնակարգ դպրոցից յետոյ ընդունուել է Ա. Բաբաջանեանի Երաժշտական-Մանկավարժական Ուսումնարանը, որից յետոյ 1991թ. ընդունուել է Երևանի Պետական Երաժշտանոցը ուր ուսանողական տարիներին մասնակցել է բազմաթիւ համերգների: 1987թուին Հանրապետական մրցոյթում ստացել է երկու մրցանակ, նաև պարտադիր ստեղծագործութեան լաւագոյն կատարման մրցանակ: 1988թուին Ռուսաստանի Հանրապետութեան Երիտասարդ Կատարողների մէջ եղել է Դափնեկիր:
1993թուին ընդունուել է Հայաստանի Պետական Երաժշտանոցի (Philharmonic) նուագախմբի մէջ, միաժամանակ աշխատանքի հետ, 1997թ. ընդունուել է նոյն Երաժշտանոցի աշկերտ: Եւ 2006թուին ՀՊՖՆ-ի Նուագահամերգի Վարպետ (Concert Master) տիտղոսի է արժանացել: 2003 թուից յետոյ, հրաուիրուել է անդամակցելու Վալրի Գերգիևի (Maestro Valery Gergiev) «Համաշխարհային Խաղաղութեան Նուագախումբ»-ին, իւրախաղերին և համերգներին: Հրաւիրուել է բազմաթիւ երկրներ ինչպէս՝ Ամերիկա, Քանադա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հոլանդ, Շուէցարիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա, Չինաստան, Ճափոն և այլուր: Այս համերգների ընթացքում ելոյթ են ունեցել նաև համաշխարհային ճամաչում ունեցող արուեստագէտնոր ինչպէս Փլասիդօ Դօմինգօ, (Placido Domingo) Անդրէա Բօչէլլի (Andrea Bochelli) Սէրգէ Խաչատրեան (ջութակ) Ստիվն Իսսէրլիս (Steven Isserlis) (թաւ ջութակ) և այլն....
2010թ. Քարմէնը՝ որպէս նուագախմբի անդամ «Իւնէսկօի Արտիստ» ( UNESCO Artist) կոչումն է ստացել: Իսկ 2012թուին պարգևատրուել է Հ.Հ. Վաստակաւոր Արտիստ պատուաւոր կոչումով:
Արամ Հայկազի դստեր՝ Այրիսի հետ միասին վայելեցինք դասական երաժշտութիւնը և հոգեպէս ուրախացանք Հայաստանով ու Հայաստանի շնորհալի տաղանդնաւորներով: Ազգային բարձր մշակոյթի տէր ժողովրդի հպարտութիւնն էր շոյում մեր սրտերը ...
Այո', երաժշտութիւնը ազնուացնում է մարդուն, բացայատում է մտքեր ու գաղափարներ, ստեղծում է յուզական իրավիճակներ, փոխում, բարելաւում է մարդուս տրամադրութիւնն ու զգացողութիւնը, երաժշտութիւնը համաշխարհային այն լեզուն է որ մարդկութեան է մօտեցմում միմեանց, հաշտութիւն ու խաղաղութիւն հաղորդում բոլորին:
Սիրելի Քարմէն, շնորհաւորում ու մաղթում ենք քեզ առաւել յաջողութիւններ, որ քո տաղանդի միջոցով պանծացմում ու բարձր ես հնչեցնում Հայաստանի անունն աշխարհին:
Արմինէ Մինասեան
Նիւ Եորք 2012
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել