HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բենիամինի գյուղապետն իր նախորդին մեղադրում է յուրացման մեջ

Հունիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանցագործության մասին հաղորդում էր ուղղարկել Գյումրիի ժուռնալիստներրի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հաղորդման մեջ մանրամասն ներկայացված էր Լ. Բարսեղյանի կողմից Բենիամին համայնքում համայնքային սեփականության յուրացման վերաբերյալ փաստերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը: Լ. Բարսեղյանը գլխավոր դատախազին խնդրում էր հանձնարարել քրեական գործ հարուցել` հաղորդման մեջ բերված փաստերի և հանգամանքների հիման վրա:

Նույն օրը «Ասպարեզ» ակումբում նույն խնդրի վերաբերյալ ասուլիս էր հրավիրել Բենիամինի համայնքապետ Սամվել Մկրտչյանը: Վերջինս նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանին և նրա տեղակալ Մամիկոն Ղազարյանին մեղադրում էր համայնքային սեփականություն հանդիսացող մեքենատրակտորային պարկի, հին մանկապարտեզի շենքի, մոտ 40 միավոր գյուղտեխնիկայի, հողատարածքի և արհեստանոցի ապօրինի օտարման մեջ:

2009թ. համայնքի նոր ղեկավարությունը համայնքի գույքի վերահաշվարկի ստուգումների ժամանակ պարզել էր, որ նախկին ղեկավարությունը չարաշահումներ է արել: Սամվել Մկրտչյանի հավաստիացմամբ` գյուղապետարանի և արխիվի փաստաթղթային հիմքերում կան բավարար ապացույցներ, որոնք հիմնավորում են վիճելի գույքի` համայնքին պատկանած լինելու և ապօրինաբար օտարվելու հանգամանքները:

Վերոհիշյալ գույքը օտարվել է «Նարեկ» գյուղացիական կոլեկտիվ տնտեսությանը, որի նախագահը ստեղծման պահից եղել է նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը: Գործող համայնքապետը Կադստրի Ախուրյանի ստորաբաժանմանը մեղադրում է համայնքային գույքի նկատմամբ ետին ամսաթվով սեփականության իրավունք գրանցելու մեջ:

Սամվել Մկրտչյանը պնդում է, որ մինչև 2009թ. կազմակերպությունը չի ունեցել սեփականության վկայական, և միայն իրենց բողոքներից հետո հավաքել են տարբեր ամսաթվերով փաստաթղթեր և սեփականության իրավունք գրանցել ետին ամսաթվով:

Բենիամինի համայնքապետը հանցագործության վերաբերյալ 2009թ. հաղորդում է տվել Շիրակի մարզի դատախազություն, սակայն գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: 2011թ. Բենիամինի գյուղապետարանը հայց է ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ կադաստրի Ախուրյանի տարածքային ստորաբաժանման «Օրենքին հակասող պետական գրանցումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին»: Որպես երրորդ անձ` ներգրավվել են «Նարեկ» գյուղացիական կոլեկտիվ տնտեսության ներկայացուցիչները:

2011 թ. մայիսի 10-ի դատական նիստում վարչական դատարանը մերժել է հայցը` համարելով, որ հայցվորը իրավական և փաստական հիմք հանդիսացող ապացույցներ չի ներկայացրել` հայցապահանջը բավարարելու համար: Այնինչ Սամվել Մկրտչյանը պնդում է, որ իրենց ներկայացրած ապացույցները պատշաճ ուշադրության և ուսումնասիրության չեն արժանացել:

Բենիամինի գյուղապետարանը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու է Շիրակի մարզի վարչական դատարանի վճիռը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter