HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. մշակութային տարբերություն եւ թարգմանություն

«Ավերրոեսի որոնումը» վերնագրով պատմվածքում Խորխե Լուիս Բորխեսը (Jorge Luis Borges) նկարագրում է 12-րդ դարի նշանավոր գիտնական Ավերրոեսի կայնքի մեկ օրը: Սա նրա լատինականացված անվանումն է, իսկ արաբական անունն է Իբն Ռուշդ: Նրան անվանել են նաեւ «Մեկնաբան» եւ առաջին հերթին՝ Արիստոտելի ստեղծագործությունների մանրակրկիտ մեկնաբանությունների համար: Աշխատանք, որին նա նվիրել է երեսուն տարի:

Ավերրոեսի աշխատանքների լատիներեն թարգմանությունը մեծապես նպաստեց նրան, որ երկարատեւ մոռացությունից հետո Արեւմուտքը վերագտներ Արիստոտելին: Նա նաեւ ձգտում էր Արիստոտելի աշխատանքները հաշտեցնել իսլամի հետ, փորձում օգտագործել վերլուծական մտածողությունը Ղուրանի մեկնաբանության համար. նման ակնարկներ կան Բորխեսի պատմվածքում: Պատմվածքն այն դժվարության մասին է, որին Իսպանիայում ապրող արաբ գիտնականը բախվում է Արիստոտելի «Պոետիկա»-ի թարգմանության ժամանակ՝ գրքի հենց սկզբնամասում գտնելով երկու անհասկանալի բառեր՝ «տրագեդիա» եւ «կոմեդիա»: Նա չգիտեր բնագրի լեզու եւ աշխատում էր թարգմանության միջոցով՝ մեկնաբանելով եւ վերաշարադրելով այն:

Պատմվածքում, Բորխեսին հատուկ ոճով, զուսպ լեզուն, ճշգրիտ մանրամասները զուգակցվում են տարատեսակ երկիմաստությունների ու շարունակ ավելացող անորոշությունների հետ, որ հետեւողականորեն առկախում է ընթերցողի՝ իմաստի կառուցման աշխատանքը:

Այդ օրվա ընթացքում Ավերրոեսը երկու առիթ է ունենում՝ կռահելու արաբական ավանդության մեջ գոյություն չունեցող մի բանի՝ թատրոնի ինչ լինելը: Նախ, պատուհանից նայելով, նա տեսնում է բակում խաղացող երեխաների «բեմականացումը», իսկ երեկոյան հանդիպման ժամանակ լսում զրուցակիցներից մեկի պատմությունը իր տեսած մի թատերական ներկայացման մասին, բայց այդպես էլ չի կարողանում հասկանալ, որ թատրոնը ոչ թե գրականություն է կամ բանավոր խոսք, այլ խաղի, խաղացող մարդկանց միջոցով ներկայացվող պատմություն:

Պատմվածքի եզրափակիչ մասում Բորխեսը ձեւակերպում է իր նախնական մտադրությունը՝ նկարագրել մի պարտության ընթացքը, թե ինչպես իսլամի շրջանակի մեջ պարփակվածն ի վերջո անկարող եղավ հասկանալ «տրագեդիա» եւ «կոմեդիա» բառերի իմաստը: Բայց գրելու ընթացքում հասկանում է իր վիճակի երկիմաստությունը. «Ես զգացի, որ իմ ստեղծագործությունը ծաղրում է ինձ»: Ավերրոեսը, որը փորձում էր պատկերացնել, թե ինչ է դրաման, գաղափար չունենալով այն մասին, թե ինչ է թատրոնը, ավելի ծիծաղելի չէր, քանի ինքը՝ Բորխեսը, որը ձգտում էր պատկերացնել Ավերրոեսին՝ ձեռքի տակ ունենալով միայն մի քանի եվրոպացի արեւելագետների սակավաթիվ տեքստերը նրա մասին: (Իհարկե, այս շղթան կարելի է շարունակել՝ ավելացնելով Բորխեսի ընթերցողին, որը իր հերթին փորձում է պատկերացնել պատմվածքի հեղինակին...)

Բայց պատմվածքի վերնագիրը՝ «Ավերրոեսի որոնումը», արդեն իսկ առաջադրում է երկդիմիությունը, որտեղ հավասարապես հնարավոր են երկու ընթերցումներ. ա) Ավերրոեսը որոնում է ինչ-որ բան, բ) ինչ-որ մեկը որոնում է Ավերրոեսին: Պատմվածքում երկու որոնումն էլ կատարվում եւ ձախողվում են միաժամանակ:

Առկա են երկու մեծ տարբերություններ կամ հեռավորություններ պատմական ժամանակաշրջանների, կրոնների, լեզուների եւ տեքստերի միջեւ, մի կողմից, Ավերրոեսի եւ Արիստոտելի, մյուս կողմից, Բորխեսի եւ Ավերրոեսի միջեւ: Նրանցից յուրաքանչյուրը ընտրում է մի նպատակ, որը գուցե մատչելի էր մեկ ուրիշին, բայց ոչ նրան. «Հասնելով վերջին էջին՝ ես զգացի, որ իմ պատմվածքը այն մարդու արտացոլումն է, որ էի՛ ես, քանի դեռ գրում էի այն, եւ այդ պատմվածքը ստեղծելու համար ես պետք է լինեի հենց այդ մարդը, իսկ որպեսզի լինեի այդ մարդը՝ պետք է գրեի այդ պատմվածքը, եւ այդպես՝ մինչեւ անվերջություն»: (Այս պատմվածքի հայերեն թարգմանություն Ոստում (Վեբում) գտնել չկարողացա, բայց մատչելի են ռուսերեն թարգմանություններ, օրինակ՝ այստեղ):

Յուրաքանչուր մշակույթի թույլատրած մեկնաբանական հնարավորությունների շրջանակը մատնանշելու հետ միասին, Բորխեսը ցույց է տալիս, թե ինչպես է պատումը հասնում իր սահմաններին ամեն անգամ, երբ փորձ է արվում հաղթահարել տարբերությունը եւ պատկերացնել Ուրիշին (Ուրիշը): Ինչպես ընդգծում են Բորխեսի գրականության հետազոտողները, թարգմանության վերաբերյալ նրա դիրքորոշումը անհամատեղելի է ընդունված մոտեցումների հետ: Նրա համար թարգմանության ճշգրտությունը հիմնական նպատակը չէ (այս առումով՝ հազիվ թե կարելի է Ավերրոեսի երեսնամյա աշխատանքը համարել ձախողում), նա չի ընդունում թարգմանության նկատմամբ բնագրի արտոնյալ վիճակը եւ թարգմանության գլխավոր արժանիքն է համարում հենց «ստեղծագործական անհավատարմությունը» բնագրին:

Մշակութային տարբերության եւ թարգմանության թեման շարունակելու եւ մասամբ այլ տեսանկյունից դրան նայելու հնարավորություն տալիս է իսլամական աշխարհում ստեղծված մաթեմատիկայի պատմությունը: Այդ մաթեմատիկայի զարգացման սկիզբը համընկնում է իսլամի առաջացման հետ 7-րդ դարում, որը սկզբից եւեթ միավորում էր տարատեսակ ոլորտներում (առեւտուր, ճարտարապետություն, աշխարհագրություն, աստղագիտություն եւ այլն) կիրառական խնդիրներ լուծելու անհրաժեշտությունը բարձրակարգ տեսական ուսումնասիրությունների հետ՝ հասնելով մեծ նվաճումների թվաբանության, երկրաչափության եւ հանրահաշվի բնագավառներում:

Առաջին շրջանը հունական եւ արեւելյան ժառանգության յուրացման եւ առաջին խոշոր կենտրոնում՝ Բաղդադում, գրադարանների ու հետազոտական դպրոցների հիմնման շրջանն էր: Թարգմանվում էին Հունաստանում, Հնդկաստանում եւ այլուր ստեղծված նշանավոր աշխատանքները: 9-րդ դարը սեփական մաթեմատիկական մշակույթի ձեւավորման եւ սեփական կարեւոր աշխատանքների ստեղծման շրջանն էր՝ ի դեմս Մուհամեդ ալ-Խորեզմիի: Թվաբանության մասին նրա տրակտատը, որը պահպանվել է միայն 13-րդ դարի լատիներեն թարգմանությամբ (թարգմանություն, որը, ինչպես պնդում են հետազոտողները, «անկասկած, ճշգրիտ թարգմանություն չէ»), մեծ ներդրում էր հանրահաշվի զարգացման գործում: Հիշենք, որ 0 (զրո) նշանի ներմուծումը, «անհայտ մեծության»՝ որպես հանրահաշվի համար սկզբունքային հասկացության հետեւողական օգտագործումը, «ալգեբրա» եւ «ալգորիթմ» տերմիները եւս գալիս են իսլամական ավանդությունից:

Իսլամական մաթեմատիկայի պատմությունը, որի բարձրակետը Սամարղանդի դպրոցն էր, շարունակվեց մինչեւ 15-րդ դարը, որն հետեւց անկումը: Այդ ժամանակ իսլամական մաթեմատիկական ավանդությունը արդեն ոչ միայն Արեւմուտքին վերադարձրել էր հունական դասականներից շատերին, այլեւ տվել սեփական փայլուն նվաճումներից շատերը: Այնուհետեւ մաթեմատիկական հետազոտության կենտրոնն աստիճանաբար տեղափոխվեց Արեւմուտք, եւ դա ոչ քիչ չափով պայմանավորված էր նրանով, ինչ անցած դարերի ընթացքում արեւմտյան մաթեմատիկոսները սովորել էին իրենց իսլամական նախորդներից:

Արժե առանձին խոսել Օմար Խայամի մասին (11-12 դարեր), որը նույնպես երկար տարիներ աշխատել է Սամարղանդում: Նրա ստեղծած փայլուն աշխատանքներում շարունակություն գտան 10-րդ դարի մաթեմատիկայում կատարված զարգացման գլխավոր գծերից շատերը: Բացի այն, որ նա առաջարկեց կամայական բարձր աստիճանի արմատներ հանելու ընդհանուր մեթոդ, նրա «Հանրահաշիվ»-ը պարունակում է երրորդ աստիճանի հավասարումների երկրաչափական  լուծման (կոնական հատույթների օգնությամբ) առաջին ամբողջական շարադրանքը:

Նշանակալից էին նաեւ Էվկլիդեսի «Հիմունքներ»-ի նրա մեկնաբանությունները, որտեղ նրա խորհրդածությունները հարաբերությունների մասին ընդհուպ մոտենում են իռացիոնալ թվի ժամանակակից գաղափարին եւ սահմանմանը, իսկ 5-րդ աքսիոմի (զուգահեռների մասին) ապացուցման նրա փորձերը օգտակար եղան այն ջանքերի համար, որոնք 19-րդ դարում հանգեցրին ոչ էվկլիդյան երկրաչափության ստեղծմանը: Նա հայտնի է եղել նաեւ իր փիլիսոփայական եւ աստղագիտական աշխատանքներով, բայց 19-րդ եւ 20-րդ դարերում համաշխարհային հռչակի հասավ միայն իր բանաստեղծությունների շնորհիվ:

Խայամի անունը մեզ հիշեցնում է Հովհաննես Թումանյանի քառյակներից մեկը. «Խայմն ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին, / Ո՞վ իմանա՝ որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի...» / Հե՜յ, ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՞վ իմանա, թե հիմի / Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի»:

Թումանյանի քառյակները ընդունված է համարել «փիլիսոփայական»: Կարծում եմ, որ նրանց այդ պիտակը կպցնելը առաջին հերթին մեկնաբանական անկարողության նշան է. ի վերջո, մնում է չպարզաբանված, թե ինչ է նշանակում այդ «փիլիսոփայական»-ը: Ինձ համար այս քառայակը ավելի շուտ առեղծվածային է, հանելուկային. ինչ արժեն այդ «Հե՜յ, ջա՜ն»-ը՝ երկու երկարացման նշանով, «ըզգույշ անցնելու» կոչը, որ, կարծում եմ, բնավ հողի վրայով քայլելու մասին չէ, եւ հավաքական «մենք»-ը:

Եթե Խայամի դիտողությունը կարող է մեկնաբանվել որպես հիշեցում կյանքի եւ կանացի գեղեցկության անցողիկության մասին, ապա Թումանյանի կոչը «կրկնություն-փոփոխություն» սխեմայի մեջ հարուցում է այլ զուգորդություններ, ստեղծում բազմիմաստություն: Արդյո՞ք այս քառյակն ինքը թարգմանության՝ որպես ուրիշի կրկնության եւ վերամեկնաբանության մտածողական ժեստի մարմնավորում չէ, եւ մյուս կողմից՝ զգույշ անցնելու եւ բանաստեղծի լեզուն չկոխելու կոչը չի՞ կարող վերաբերել բանաստեղծության ընթերցանությանն ու մեկնաբանությանը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter