
Նախկին դատապարտվածն ընդդեմ «Առավոտ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերի
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռ.Ափինյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ նախկինում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար դատապարտված Ռազմիկ Աբրահամյանի՝ պատվի և արժանապատվության պաշտպանության և վնասի հատուցման պահանջների մասին նախնական դատական նիստն ընդդեմ «Հայկական ժամանակ» և «Առավոտ» օրաթերթերի:
Հայցվորը վիճարկում է «Առավոտ» օրաթերթում 2003թ.-ի սեպտեմբերի 26-ին տպագրված «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» և «Հայկական ժամանակ» օրաթերթի 2003թ.-ի սեպտեմբերի 5-ին տպագրված «Ռազմիկ Աբրահամյան` 62-ամյա պեդերաստը խոստովանել է իր մեղքը» վերտառությամբ հոդվածները:
Հայցվորը գտնում է, որ վերոգրյալ հոդվածները ոտնահարել են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը և դատարանից պահանջում է 4 միլիոն ՀՀ դրամ` յուրաքանչյուր թերթից 2-ական մլն դրամ:
Այսօրվա նիստին ներկա չէին հայցվորը և պատասխանողներից` «Առավոտ» օրաթերթի ներկայացուցիչը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Հովակիմյանը դատարանին ներկայացրեց հայցի դեմ առարկություն՝ դատարանին խնդրելով կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել, քանի որ հոդվածը հրապարակվել է 2003թ.-ին, իսկ հայց է ներկայացվել 9 տարի անց:
Դատարանը, գտնելով, որ գործը պատրաստ է դատաքննության, դատաքննության օր նշանակեց հունվարի 9-ը:
Մեկնաբանել