HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հայաստանում «մեքենա ես գնում, թե MBA սովորում` նույն բանն է»

Արտասահմանյան բուհի կրթաթոշակը հայ ուսանողի համար ոչ միայն Հայաստանից մեկնելու, այլև չվերադառնալու գումարն է: Դա է ցույց տալիս նրանցից շատերի հետագիծը` երազելի Scholarship-ը ստանալուց հետո: Հայ ուսանողներին Հայաստանում պահելու, բայց նրանց համար եվրոպական կրթություն ապահովելու տարբերակներից մեկը ոչ թե նրանց արտասահմանյան բուհեր ուղարկելն է, այլ դրանց մասնաճյուղերի գործունեությունը մեզ մոտ հնարավոր դարձնելը: Շվեյցարիայի SBS (Swiss Business School) բիզնես ուսուցման դպրոցը Հայաստանում մասնաճյուղ ունի, որը չորսամյա գործունեության ընթացքում մոտ 40 ուսանող է ունեցել: Այն գործում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի կազմում: Դպրոցի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը` Արթուր Յավրույանը, ընդունում է, որ մագիստրոսական (բիզնես կառավարման մագիստրոս` MBA) ծրագիրն ունի ոչ մատչելի գին` մոտ 7000 եվրո: Բայց որ իրենց MBA ծրագրի մակարդակը չի զիջում շվեյցարականին` համոզված է: «Եթե ուսանողը այստեղ է սովորում, նրան ավելի հեշտ է այստեղ պահել: Ամենակարևոր խնդիրն այն է, որ Հայաստանում որևէ կազմակերպություն բիզնես ուսուցման ծրագրերի կրթաթոշակ չի տրամադրում: Դուք կարող եք այստեղից ընդունվել  Հարվարդի համալսարան, անվճար սովորել` ստանալով կրթաթոշակներ, նույնիսկ ճանապարհորդության գումարները փակել, բայց այստեղ արտասահմանյան բուհի մասնաճյուղում սովորելու համար որևէ մեկը գրանտ չի տալիս»:

Շվեյցարական կողմը ինչպե՞ս են ստուգում, թե դուք դասախոսական կազմում ինչ կադրեր եք ընտրել:

Շվեյցարական կողմը ստանում է բոլոր փաստաթղթերը դասախոսների մասին: Ինքնակենսագրական և այլ փաստաթղթերը նայելուց հետո անցկացնում են հարցազրույց skype-ի միջոցով: Եղել է դեպք, որ իսկապես լավ մասնագետը, որ գիտությունների թեկնածուի գիտակա աստիճան ուներ, երիտասարդ լինելու պատճառով ոչ այնքան հեշտությամբ անցավ: Որովհետև  շվեյցարական կողմի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է 26-28 տարեկան մեկը լինել գիտությունների թեկնածու` հաշվի առնելով, որ հետխորհրդային երկրներում հնարավորություն եղել է այդ կոչումները ստանալ ոչ այնքան գիտելիքի շնորհիվ:

Թանկ կրթություն է: Դիմողներ ունե՞ք:

Հետաքրքրվողները շատ են, դիմողները` ոչ այդքան: Եվ դա մեզ չի վախեցնում: Մենք ձգտում ենք ամեն տարվա խմբում ունենալ 15-16 հոգուց ոչ ավել: Ուսուցումը տևում է 1,5 տարի: Առաջին խումբը մեզ մոտ ստացվեց մի քիչ մեծ` մոտ 24 հոգի, որից 20 հոգին ավարտեցին, ստացան դիպլոմներ: Երկրորդ խմբում 13 հոգի էին: Այս տարվա խմբում երևի կլինի 14-15  հոգի:

 Ի՞նչ քննություններ են հանձնում ընդունվելիս:

Չկա քննություն: Մենք կարողացել ենք ուսուցումը կազմակերպել այնպես, որ կարիք չլինի հանձնել, օրինակ, TOEFL և GMAT քննություններ: Դասերի ժամանակ ապահովում ենք սինխրոն թարգմանություն` անգլերենից ռուսերեն: Այսինքն` ուսանողը դասախոսին հասկանալու խնդիր չունի. դասախոսությունը լսում է իրեն հասկանալի լեզվով: Դասախոսն էլ նույն վայրկյանին լսում է ուսանողի խոսքը` թարգմանված անգլերեն:

Ընդունելիս վերցնում ենք հարցազրույց: Դրա ընթացքում մենք փորձում ենք ստուգել մաթեմատիկայի գիտելիքները: Որովհետև բազային գիտելիքներ` գոնե 10-րդ դասարանի մակարդակով, պարտադիր է, որ ուսանողը ունենա: Եթե տարրական գիտելիքները կան, ապա ծրագիրը այնպես է մշակվել, որ երկու տարում մնացածը հնարավոր է հասցնել:

Ստացվում է, որ շատ հեշտ է ընդունվելը, եթե փող ունես:

Ոչ, այդպես չէ, ուսանողը պարտադիր պետք է ունենա փորձ, գիտելիքներ: Դա մի քիչ ոչ ճիշտ մոտեցում է: Կարելի է հեշտ ընդունվել, բայց դժվար սովորել և դժվար ավարտել: Հայաստանի բուհերում, ցավոք սրտի, հակառակն է , դժվար ընդունվում են, շատ հեշտ ավարտում: Մեզ մոտ ընդունվելը համեմատաբար հեշտ է, բայց սովորելն ու ավարտելը` այնքան էլ չէ:

Չավարտածներ կա՞ն:

Այո, ամեն մի խմբում եղել են ուսանողներ, ովքեր դուրս են մնացել տարբեր պատճառներով` մոտ 5-6 հոգի:

Ավարտական քննության ժամանակ շվեյցարական կողմից ներկայացուցիչ ունենո՞ւմ եք:

Այո,  գալիս է նաև այն մասնագետը, որը մագիստրոսական թեզի պաշտպանության ղեկավարն է : Չորս-հինգ հոգի են որոշում կայացնողները, հիմնական որոշում կայացնողը Շվեյցարիան է:

Ուսանողները սովորելու ընթացքում հասցնո՞ւմ են նաև աշխատել: Հնարավո՞ր է համատեղել:

Գրեթե բոլորը: Հայաստանում 7000 եվրո ունենալ առանց աշխատելու, դժվար է: Դրա համար անպայման աշխատում են:

Իսկ գուցե ձեզ մոտ ընդունվողները հենց 7000 եվրո ունեցողնե՞րն են: 

Ոչ բոլորը: Կան մարդիկ, ովքեր բանկից վարկ են վերցնում` խայտառակ տոկոսներով: Մեզ մոտ չկան բիզնես ուսուցման վարկեր: Կան ուսանողական վարկեր, բայց ոչ բիզնես ուսուցման: Ստացվում է` մեզ մոտ մեքենա ես գնում, թե MBA սովորում` նույն բանն է: Հայաստանում 7000 եվրո վճարող ընտանիքներն այդքան էլ շատ չեն, բայց տաղանդավոր երեխաները շատ են: Մենք պետպատվեր կրթություն չենք տրամադրում և դրա հույսն էլ չունենք մոտակա ժամանակներում: Այդ պատճառով դրսի կազմակերպությունների կողմից կրթաթոշակի անհրաժեշտությունը, գոնե մասնակի ֆինանսական աջակցության կարիքը կա:

 Հ.Գ. SBS-ը չունի մասնաճյուղ Ադրբեջանում և Վրաստանում: Մագիստրոսական նույն ծրագիրը Ռուսաստանի մասնաճյուղում արժի 20 հազար եվրո,  Շվեյցարիայի SBS դպրոցում` մոտ 30 հազար եվրո: Հայաստանյան մասնաճյուղի տված դիպլոմը, տնօրենի խոսքով, Եվրոպայում և ԱՄՆ-ում ունի նույն ուժը, ինչ Շվեյցարիայի մայր դպրոցինը:


Առաջին լուսանկարը`  Արթուր Յավրույանի ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter