HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշոցքի թիվ մեկ խնդիրը անօթեւան բնակիչներն են

Շիրակի մարզի հյուսիսային դարպասները համարվող Աշոցք գյուղում կյանքը մեռյալ կետից շարժելու համար ներդրումների ու ծրագրերի իրականացման կարիք կա: Բնակավայրի աշխարհագրական դիրքը բավական շահեկան է՝ ի հակադրություն գրեթե նույնատիպ բնակլիմայական պայմաններ եւ սոցիալական կարգավիճակ ունեցող Ամասիայի, բայց արի ու տես, որ երկու բնակավայրերի միջեւ՝ զարգացման տեսանկյունից, տարիների ընթացքում արձանագրված փոփոխություններն այնքան էլ մեծ չեն:

Երեւան-Գյումրի-Վրաստան սահմանի միջպետական նշանակության ճանապարհն անցնում է Աշոցքով: Տրանսպորտային շարժը բավական ակտիվ է այս հատվածում, սակայն Վրաստան եւ Թուրքիա մեկնող ուղեւորներն իրենց կես ժամանոց կանգառները սովորաբար կազմակերպում են Թորոս գյուղի մոտակայքում: Աշոցքում չկան ոչ արագ սպասարկման սննդի կետեր, ոչ գիշերելու համար նախատեսված հյուրանոցներ կամ հյուրատներ: Հիմնականում անասնապահությամբ զբաղվող աշոցքցիներն սպասարկման ոլորտը զարգացնելու ուղղությամբ որեւէ քայլ չեն ցանկանում անել: «Աղքատ շրջան է, բավարար աշխատատեղեր չկան, ներդրումներ անողներն էլ այնքան երկար են մտածում՝ անե՞ն, թե՝ չանեն, որ ավելի հաճախ այդ մասին լուրերը շրջանառվում, բայց կյանքի չեն կոչվում: Հետո տեղացիներն այդքան գումար չունեն, դրսից ներդրումներ անողներ էլ չկան», -ասում է Աշոցք համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ապրեյանը:

Սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում հայտարարել էր, թե Աշոցքում ցանկանում է ձմեռային մարզաձեւերի դպրոց հիմնել: «Մենք այդ մասին լսել ենք, ցանկալի կլինի, որ իրականություն դառնա, դա մեծ ներդրում կլինի Աշոցքի համար: Ոչ միայն մարզական կենտրոն կլինի երեխաների ու երիտասարդության համար, այլեւ աշխատատեղերի խնդիր կլուծի»,- նկատում է Կարեն Ապրեյանը:

Համայնքի ղեկավար Արթուր Ալոյանի համոզմամբ՝ Աշոցքի թիվ մեկ խնդիրը անօթեւաններն են: Աշոցքում բնակվող 2987 բնակչից մոտ 800-ը բնակարանի կարիքավորներ են: Նրանց հիմնական մասն ապրում է փայտաշեն երկհարկանի բազմաբնակարան կառույցներում եւ տնակներում: Աշոցքում 174 բնակարանի կառուցման անհրաժեշտություն է առաջացել, որն անցած 20 տարիների ընթացքում անգամ մասնակիորեն լուծում չի ստացել: Համայնքում բավարար բնակֆոնդ չկա, որի հաշվին հնարավոր լիներ անօթեւանների խնդիրը լուծել: Կիսաքանդ շենքերն էլ տարիների ընթացքում այնքան են քայքայվել, որ ենթակա չեն այլեւս ամրացման ու հետագա շահագործման:

«Երկրաշարժից հետո վթարային դարձած շենքերի մի մասը ժամանակին հիմնովին քանդեցին, մեկ-երկուսը դեռ կանգուն են, սակայն բնակության համար պիտանի չեն, եւս մեկ վթարային շենք կա, որտեղ մարդիկ են ապրում: Մեր 4 անձից բաղկացած ընտանիքին 24 տարի առաջ էս փայտաշեն կառույցում բնակարան հատկացրին՝ ասելով, թե 20 տարվա ընթացքում բոլոր ընտանիքներին կապահովեն բնակարանով,- պատմում է Գոհար Խաչատրյանը,- բայց մինչ օրս էստեղ ենք, հույս էլ չունենք, թե դուրս կգանք էս փտած շինությունից: Աշխատանք էլ չկա նորմալ, որ ասենք մեր ուժերով կարողանանք մի բան գնել կամ սարքել»:

Աշոցք համայնքի ղեկավարն ասում է, թե տարիներ առաջ փայտաշեն շենքերի բնակիչներն անգիտությամբ թղթեր են ստորագրել, որով ժամանակավոր կացարանները հիմնական շինության կարգավիճակ են ստացել: Այդպես ժամանակին իշխանությունները փորձել են այս տարածաշրջանում արհեստականորեն լուծել անօթեւանության խնդիրը: Համայնքի զարգացման ռազմավարական ծրագրերում խնդիրը չեն ներառում, բայց մշտապես բարձրաձայնում են: «Քանի որ դա համայնքի ուժերից վեր հարց է լուծման տեսանկյունից, մեծ գումարներ ու ռեսուրսներ է պահանջում, դրա համար էլ զարգացման ծրագրերում չենք ներառում, բայց մշտապես խոսվում է այդ մասին, մշտապես բարձրաձայնվում է»,- ասում է Արթուր Ալոյանը:

Աշոցք համայնքի սեփական եկամուտները կազմում են 12,5 մլն դրամ, պետության հատկացրած դոտացիան 27 մլն դրամ է, սրան գումարվում են նաեւ ֆոնդային գումարները, որոնք գոյանում են համայնքային սեփականություն հանդիսացող սեփականության օտարումից: 41 մլն 700 հազար դրամ կազմող բյուջեի մոտավորապես 50%-ը հատկացվում է մշակույթի տան, արվեստի դպրոցի, մանկապարտեզի, գրադարանի, համայնքապետարանի պահպանության եւ աշխատակիցների աշխատավարձերին:

«Մնացած գումարով աշխատում ենք համայնքի համար որեւէ ծրագիր իրականացնել, անցած քառամյա ռազմավարական ծրագրում օրինակ նախատեսել էինք հին եւ նոր գերեզմանատների պարիսպների նորոգում, որը կատարել ենք 12 մլն դրամի շրջանակներում: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD)  ծրագրով գազիֆիկացման 145 մլն դրամի աշխատանքներ ենք իրականացրել, որտեղ համայնքի մասնաբաժինը կազմել է մոտ 20 մլն դրամ: 4,5 մլն դրամը կանխիկ գումարով էր, իսկ 15 մլն դրամի ներդրումը՝ խողովակների տեսքով»,- ասում է Արթուր Ալոյանը:

Աշոցքի ստորգետնյա գազատար ցանցը, որն անցկացվել է խորհրդային տարիներին, «Հայռուսգազարդը» հրաժարվել է շահագործել՝ պատճառաբանելով, թե շարքից դուրս է եկել: Կառուցվել էր նորը՝ վերգետնյա եղանակով: 2009թ.-ին իրականացված համայնքի գազիֆիկացումն աշոցքցիների կյանքում շատ քիչ բան է փոխել: Ավարտված չեն ներտնային միացումները: Շատերն այս ձմեռ եւս բնակարանները տաքացնելու են աթարով կամ էլեկտրական ջեռուցիչներով: Բնակավայրը ծովի մակերեւույթից բարձր է 2006-2039 մետր: Համայնքի վարչական տարածքի ամենացածր կետը 1969 մետր է, առավելագույնը՝ 2750 մետր: Բնակավայրը գտնվում է 8-10 բալանոց սեյսմիկ գոտում: Այստեղ ձմռանը ջերմաստիճանը հասնում է մինչե -36 աստիճանի, սառնամանիքների տեւողությունը 167 օր է, ձյան ծածկույթը պահպանվում է մինչեւ 154 օր:

Աշոցք այցելության օրը բուք էր, դրսում հատուկենտ մարդկանց կարելի էր հանդիպել: Այստեղ եւս, ինչպես մի շարք համայնքներում բացակայում են կանգառները, որտեղ մարդիկ տրանսպորտին սպասելիս կարող են պատսպարվել քամուց, արեւից եւ անձրեւից: Աշոցք-Գյումրի եւ հակառակ ուղղությամբ տաքսիներով, ինչպես նաեւ ուղեւորատար գազելներով երթեւեկող ուղեւորներից երկուսը, որ քամուց պատսպարվել էին տաքսի մեքենայում, խնդրեցին իրենց դժգոհությունը փոխանցել համայնքի ղեկավարին: Արթուր Ալոյանը խոստովանեց, որ կանգառներ ունենալու մասին չեն մտածել, սակայն խնդիրը կա եւ 2013-2016 թթ.- համայնքի զարգացման քառամյա ծրագրում անպայման կընդգրկեն: «Կաշխատենք գոնե 2 կանգառ ապահովել»,- խոստացավ համայնքապետը:

2009 թ.-ից Աշոցքում չի գործում համայնքային մանկապարտեզը: 29-ամյա Արմինե Մխիթարյանն իր երկու զավակներից 4-ամյա տղային անպայման կցանկանար մանկապարտեզ ուղարկել: «Երեխան աշխույժ է, շփման կարիք ունի, ընկերների հետ խաղալու ցանկություն ունի, տանը մենակ ձանձրանում է ու հավանաբար էդ մենակությունից էլ սկսում է չարություն անել, էս ցրտին անընդհատ ձգտում է դուրս վազել,- դժգոհում է երիտասարդ մայրը,- գյուղում հարմար զբոսանքի տեղ էլ չկա, որ ամռանը երեխեքին տանենք, զբաղվեն: Կուզենայինք մի նորմալ մանկական խաղահրապարակ լիներ, միայն երեխաների համար հատկացված տարածք: Աշոցքում մի փոքր զբոսայգի սարքել են, մի հատ կարուսել կա, բայց դե էն չի, էլի»:

Խորհրդային տարիներին կառուցված մանկապարտեզը նախատեսված 320 երեխայի համար պահպանման եւ շահագործման տեսանկյունից կարելի է ասել գլխացավանք էր դարձել: Երեք տարի առաջ, մինչեւ մանկապարտեզի փակվելը, 45 երեխա էր հաճախում: «Անցյալ տարի Սոցներդրումների հիմնադրամով գլխավոր մասնաշենքի վերանորոգման աշխատանքներն են սկսվել 80 մլն դրամի սահմաններում: 2013 թ.-ի ամռանն արդեն կունենաք նոր մանկապարտեզ, որտեղ կարող է մինչեւ 100 երեխա  հաճախել»,- ասում է համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ապրեյանը:

Աշոցքում Հայաստան համահայկական հիմնադրամի տրամադրած մոտ 400 մլն դրամի սահմաններում նոր դպրոց է կառուցվում 360 աշակերտի համար: Ներկայումս Աշոցքի միջնակարգ դպրոց է հաճախում 260 երեխա: Հին դպրոցի երկհարկանի շենքը շահագործման է հանձնվել 1981թ.-ին եւ նախատեսված է եղել 700-800 աշակերտի համար: Շենքի ճակատային հատվածում ամբողջական մի պատ բաղկացած է պատուհաններից, որը ձմռան ամիսներին խնդիրներ է ստեղծում: «Աշոցքի պայմաններում դա անթույլատրելի բան էր: Խիստ ձմեռներ են լինում այստեղ, որքան էլ տաքացնում են, մեկ է, դասասենյակներում ջերմաստիճանը -10-ից չի իջնում»,- ասում է Կարեն Ապրեյանը:

2013 թ.-ին դպրոցի նոր շենքը կհանձնվի շահագործման: Հին շենքում կտեղավորվի Աշոցքի զինկոմիսարիատը: Մի հատվածում WKS ARMENIA-ն հավանաբար կարի արտադրամաս կբացի: Համայնքապետի փոխանցմամբ, եթե «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն, իրոք, որոշի մարզադպրոց բացել, ապա մի մասնաշենքն ու մարզադահլիճն էլ կհատկացնեն հիմնադրամին: «Դե մենք էլ ցանկություն ունենք մեր միջոցներով դրսում մարզահրապարակ կառուցել՝ մինի ֆուտբոլի դաշտ, վոլեյբոլի դաշտ, թեթեւ ատլետիկայի համար նախատեսված պարզագույն սարքավորումներ տեղադրել, որ Աշոցքի երիտասարդությունը մարզվելու տեղ ունենա»,- տեղեկացնում է Արթուր Ալոյանը: Նրա ասելով անցած քառամյա ծրագրում խնդիրն ընդգրկել էին, սակայն չենք հասցրել իրականացնել, հաջորդին նպատակ ունեն իրագործելու, միայն թե արդեն գումարը կրկնակի կաճի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter