HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու ջանքերը լինելու են շարունակական ու հետևողական»

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում Հանրապետության ղեկավարի անունից այսօր ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Ընդունելությանը նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ:

Սերժ Սարգսյանը խոսել է 2012 թ. արդյունքների, տնտեսության հիմնական ճյուղերում սպասվող աճի մասին, անդրադարձել է պետական բյուջեի կատարողականին՝ ընդգծելով, որ տարին ամփոփվելու է բյուջեի՝ լիովին կատարված ցուցանիշներով, ինչի անհնարինության մասին ողջ տարվա ընթացքում ի լուր աշխարհի հայտարարում էին հոռետեսները:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել գործարարներին ոչ միայն ընթացիկ աշխատանքի, նախաձեռնությունների և դրանց արդյունքների, այլ նաև տարվա ընթացքում համագործակցության, տարբեր իրավիճակներում՝ պետության և մեր ժողովրդի առջև ծառացած նոր մարտահրավերներին հավուր պատշաճի արձագանքելու համար: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այս տարի չափազանց առատ բերք է եղել, և վերամշակող ընկերությունները, ականջալուր լինելով իշխանությունների հորդորներին, արել են ամեն ինչ, որպեսզի գյուղացու աշխատանքը ջուրը չթափվի, մթերել են ռեկորդային քանակությամբ միրգ ու բանջարեղեն` միաժամանակ մեծ ջանքեր գործադրելով իրացման նոր շուկաներ ու նոր պայմանագրեր ձեռք բերելու համար:

«Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու ջանքերը լինելու են շարունակական ու հետևողական: Մեր նպատակն է, որ տեղական և օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը վերաճի գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն և օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի: Արդյունքը պետք է լինի առարկայական, տեսանելի ու շոշափելի` երկիրը գործարար միջավայրի դյուրինությամբ ընդգրկելով աշխարհի առաջատար երկրների շարքում: Հետևողականորեն շարունակելու ենք զարգացնել և արդիականացնել հարկային ու մաքսային համակարգերը, էական է դառնալու արդար դատական համակարգի դերը:

Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր նոր տարին լինի նախորդից ավելի արդյունավետ, լինի առանց սոցիալական ու քաղաքական ցնցումների և ավելացնի բարիքները մեր երկրի ու ժողովրդի համար: Ապագայում ևս շարունակվելու են կառավարություն-բիզնես երկխոսությունն ու համագործակցությունը: Այստեղ մենք արդեն ունենք դրական փորձ և զգալի արդյունքներ: Այդ արդյունքները պետք է ամրապնդվեն, իսկ համագործակցությունը պետք է խորանա և նոր լիցք ստանա:

Հարգելի՛ գործարարներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի առթիվ և մաղթում անձնական հաջողություններ, հաջողություններ՝ ձեր աշխատանքում, քանի որ ձեր աշխատանքից է կախված տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների բարեկեցությունը: Ձեր հաջողություններով է պայմանավորված, անշուշտ, մեր երկրի հետագա զարգացումը:

Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդ»,- գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
՝Ոչ մի ջանք էլ չկա: Եթե ջանք լիներ, գոնե ԱԺ-ն լցված չէր լինի (կասկածելի վարքի տեր) բիզնեսմեններով: Այսօր Հայաստանում դասական օլիգոպոլիա է.այսինքն՝ քաղաքական էլիտան ձուլվել է տնտեսական էլիտայի հետ: Այսպիսի անարդար համակարգում փոքր և միջին բիզնես սկսողները հոշոտվում են,իսկ մեծ բիզնես/ներդրումի համար պիտի քաղաքական էլիտային գնես,որ քեզ չքցեն/չհոշոտեն: Այսինքն՝ ջունգլիների պես մի բան: Մարդիկ միամիտ չեն. ՀՈԳՆԵԼ են արդեն ՄԻԱՅՆ խոսքեր լսելով: Ձեզ (արդար) ներդրում ձեռք չի տալիս. ձեզ ձեռք է տալիս արտագաղթ-տրասֆերտ ուղարկողներ ու քիչ տղամարդ/պոտենցիալ հեղափոխություն անող Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter