«Հայկական ժամանակ». ևս վեց թեկնածու
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ միայն երեկվա ընթացքում վեց անձ՝ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք է ստացել:
Սույն տեղեկանքը, որ անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, երեկ ստացել են ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը (ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինը), ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատության» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը և Մհեր Հայրապետյանը: Վերջինս, ինչպես «ՀԺ»-ին հայտնի դարձավ, ֆիզիկոս է, և դեռ անորոշ է, թե ինչու է մտադիր նախագահի թեկնածու առաջադրվել:
Անցյալ շաբաթ էլ ՀՀ ոստիկանությունից վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու և ՀՀ քաղաքացի լինելու մասին փաստաթուղթ էին ստացել էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը և բժիշկ Զարուհի Հարությունյանը:
Այսօրվանից սկսվում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը: Առաջադրման վերջնաժամկետը 2013-ի հունվարի 4-ն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել