
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հանքարդյունաբերության մասին. «Մեր հայրենիքը թունավորվում է»
Արդեն առավել քան հստակ է, որ հանքարդյունաբերության աճը Հայաստանում համահունչ չի եղել պետական շահին և առավելապես ներկայացրել է արտոնյալների շահերը, որոնք հասցրել են կուտակել հսկայական ծավալների հասնող հարստություն այն ժամանակ, երբ մեր երկիրը գլխիվայր սլանում է դեպի աղքատություն և հուսալքում:
Վերջին ժամանակահատվածում մենք ականատեսն ենք պետական շահի պատրվակով սոսկալի խախտումների, պատմական հուշարձանների ավերածությունների, ընդարձակ և զարգացող էկոհամակարգերի ոչնչացման: Հայաստանում լճերը, փարթամ անտառների փոխարեն, շրջապատված են վտանգավոր արտանետումներով: Մեր հայրենիքը թունավորվում է:
Ժամանակն է շտկելու այս ամենը: Այսօր մենք միասնաբար պահանջում ենք.
1. Հանքարդյունաբերության շահագործման լիցենզիաների վերանայում` ներառյալ Թեղուտի շահագործվող հանքավայրը, որը գտնվում է Լոռու մարզի հիասքանչ անտառով պատված գոտում.
2. Օրակարգում գտնվող և հաստատման սպասող բոլոր լիցենզիաների առկախում մինչև շահագործման արտոնությունների տրամադրման գործընթացի իրավական ու թափանցիկության հարցերին առնչվող համապարփակ, բազմակողմանի խորհրդարանական հետաքննության իրականացում.
3. Բնապահպանական օրենսգրքի ու հարկման մեխանիզմների վերաձևակերպում` ապահովելով, որ ազգային հարստություններն այսուհետ շահագործվեն միմիայն հաշվի առնելով շրջակա միջավայրի և Հայաստանի քաղաքացու շահերը:
Մենք ամբողջապես աջակցում ենք Հայաստանի տնտեսական զարգացմանը, բայց այն իրապես տեղի կունենա սոսկ իրավունքի գերիշխանության, շրջակա միջավայրի հանդեպ խորը պատասխանատվության և հասարակ քաղաքացու` իր հայրենիքին տեր կանգնելու պարագայում:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Քաղաքացի, Հայաստանի Հանրապետություն
25 դեկտեմբերի, 2012
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել