HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթներ է հարուցել «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» խանութների հանդեպ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հարուցվել են վարչական վարույթներ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» խանութների հանդեպ:

«Արայ» և «Տեխնոլայֆ» ընկերությունները մեղադրվում են հնարավոր անբարեխիղճ վարքագծի համար

Նշված ընկերությունները հարյուրավոր մարդկանց ուղարկել են sms հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ: 010222513»:

Նույնաբովանդակ հաղորդագրություն ուղարկել է նաև «Տեխնոլայֆ» խանութը: Ակցիայի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար հնարավոր չի եղել միանալ նշված հեռախոսահամարին:

Հաղորդագրություն ստացած շատ քաղաքացիներ, գայթակղվելով առաջին հայացքից բավականին շահավետ առաջարկից, այցելել են վերոնշյալ խանութների վաճառասրահներ, որտեղ պարզվել է, որ ակցիան տարածվում է հատուկենտ, առավելապես բավականին բարձր գնային շեմ ունեցող ապրանքների վրա, որոշ ապրանքների վրա գործում է 5-20 տոկոսի չափով զեղչ` վիճակախաղի սկզբունքով, իսկ շատ այլ ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն եղել: Ընդ որում, նույն պայմաններն ու գնային առաջարկները գործել են նաև այն հաճախորդների համար, ովքեր sms հաղորդագրություններ չեն ստացել:

Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք է բերել որոշ ապրանքներ, որոնց վրա որևէ զեղչ չի գործել: Համաձայն օրենքի՝ ապրանքի գովազդման կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկությունների նշումը կամ այնպիսի տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս կազմելու ամբողջական պատկերացում, համարվում է հասարակության մոլորեցում:

Հանձնաժողովի դիտարկմամբ՝ «Արայ» և «Տեխնոլայֆ» ընկերությունների կազմակերպած իբր թե եզակի ակցիայի մասնակից ընտրված լինելու մասին սպառողներին հաղորդագրություններ ուղարկելը և մինչև 100 հազար դրամ զեղչ ստանալու հնարավորություն առաջարկելը կարող են ապակողմնորոշել և մոլորեցնել սպառողներին:

Վարույթի ընթացքում կուսումնասիրվի ընկերությունների վարքագիծը, որից հետո Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը:

«Վեգա» խանութի հայտարարած 110 տոկոս զեղչը ևս հայտնվել է ՏՄՊՊՀ-ի դիտակետում

Ամանորին ընդառաջ խանութների զեղչային քաղաքականությունն ուսումնասիրելիս ՏՄՊՊՀ-ի դիտակետում է հայտնվել նաև կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեգա» խանութը, որը գնումներ կատարելիս սպառողներին խոստանում է մինչև 110 տոկոս զեղչ: Հարուցված վարույթի շրջանակում ՏՄՊՊՀ-ի մասնագետները կկատարեն ուսումնասիրություններ, ինչպես նաև արդեն իսկ «Վեգա» խանութից պահանջվել է ներկայացնել պարզաբանումներ՝ հայտարարված անհավանական զեղչի վերաբերյալ:

ՏՄՊՊՀ-ն կվերահսկի խանութների զեղչային քաղաքականությունը

Քանի որ Ամանորից առաջ հաճախ են գնորդներին տարբեր կերպ (sms հաղորդագրություններ, գովազդներ և այլն) իրազեկում զեղչերի մասին, ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ խանութների զեղչային քաղաքականությունը վերահսկվելու է անգամ նախատոնական և հետտոնական ոչ աշխատանքային օրերին: ՏՄՊՊՀ-ն  դիմում է նաև սպառողներին, որպեսզի այն դեպքերում, երբ հայտարարված զեղչը չի համապատասխանում իրականությանը, կամ ակնհայտորեն մոլորեցնում է սպառողին, դիմեն ՏՄՊՊՀ-ին գրավոր կամ 010 54-40-04 թեժ գծի միջոցով:

Միաժամանակ Հանձնաժողովը տնտեսվարողներին զգուշացնում է զերծ մնալ սպառողներին մոլորեցնելու և մրցակցային օրենսդրության խախտման ճանապարհով գործելուց և տեղեկացնում է, որ անբարեխիղճ վարքագծի համար օրենքով նախատեսված պատժաչափը կազմում է օրինախախտ ընկերության տարեկան հասույթի մինչև մեկ տոկոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter