HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ նախագահը ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Ստորև ներկայացվում է Սերժ Սարգսյանի ելույթը:

«Հարգելի լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

անցնող տարում մենք ձեզ հետ միասին շարունակեցինք մեր ջանքերը երկրում խոսքի ազատության ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ողջ տարվա ընթացքում և հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր որակյալ աշխատանքի համար: Ես չեմ հիշում անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ ընտրություն, երբ մասնակիցների համար լրատվության այդչափ հասանելիություն եղած լիներ, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Մի բան էլ եմ արձանագրել. մեր լրագրողներից շատերն արդեն լրջորեն տիրապետում են քաղաքական գործընթացները լուսաբանելիս սեփական դիրքորոշումները մի կողմ դնելու կարողություններին: Սա արդեն պրոֆեսիոնալիզմն է, ինչն իրոք նկատելի է: Այն, ինչին մենք միասին հասել ենք, և ինչն այդպես տեսանելիորեն դրսևորվեց նախորդ ընտրությունների ժամանակ, իրոք, լուրջ ձեռբերում է, որից հետընթաց մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու: Ճիշտ հակառակը՝ պիտի շարունակենք առաջ գնալ:

Անշուշտ, ոմանց համար եղածը դեռ տեսանելի չէ, իսկ ոմանք էլ պարզապես չեն ցանկանում տեսնել: Բայց սա գործընթաց է, որը մենք ձեզ հետ միասին անշեղորեն շարունակելու ենք: Գնում ենք և գնալու ենք Հայաստանի համար միակ ընդունելի ճանապարհով:

Իհարկե խնդիրներ դեռ շատ կան, բայց կան մեր նպատակներին հասնելու երկու ամենակարևոր գործոնները՝ հասարակական պահանջը՝ մի կողմից և իշխանությունների քաղաքական կամքը՝ մյուս կողմից: Այսպիսով, մենք դաշնակիցներ ենք և միասին իրականացնում ենք առաքելություն, որի արդյունքներով պայմանավորված է ոչ միայն մեր երկրի ներկան, այլև տեսանելի ապագան:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արագորեն զարգանում են տեղեկատվության նոր միջոցները, սոցիալական ցանցերը, որոնք սկսում են մրցել ավանդական մամուլի և հեռուստատեսության հետ: Միաժամանակ բոլորը գործում են կողք կողքի: Ավել կամ նվազ չափով՝ բոլորն էլ անելիք և ասելիք ունեն: Մեր պարտքն է աջակցել բոլորին:

Պետական կառույցների հասարակական հսկողությունը, նրանց գործունեության թափանցիկության ապահովումը կախված է նաև լրատվամիջոցների արդյունավետության աստիճանից: Այդ աստիճանի բարձրացումը միայն մեր կամքով կամ միայն ձեր լավ աշխատանքով չի լինելու: Լինելու է մեր և ձեր ջանքերի համադրմամբ:

Նոր՝ 2013 թվականը շատ հարցերում վճռորոշ է լինելու մեր հասարակության համար: Այն, ինչ լուսաբանելու տեսանկյունից ձեռք ենք բերել նախորդ ընտրություններում, փետրվարյան ընտրությունների համար պետք է համարել սոսկ նվազագույն շեմ: Ավելին պետք է անենք:

Ու խոսքը միայն ընտրություններին չի վերաբերում: Միասին մենք ժամանակակից պետություն ու ժամանակակից հասարակություն կառուցելու ճանապարհով ենք գնում: Եվ այստեղ մեծ է լրագրողների դերը: Ավելին, մեծ է պատասխանատվությունը բոլոր նրանց, ովքեր գրեթե ամեն օր շփվում են մարդկանց հետ, ովքեր գրեթե ամեն օր խոսք են ասում մարդկանց:

Իմ կոչը և հորդորն է՝ չէժանացնել այդ խոսքը, չմոռանալ, որ մենք լուրջ նպատակներ և հավակնություններ ունենք, և նպատակների ու հավակնությունների արտահայտիչներ եք նաև դուք, սիրելի՛ լրագրողներ»:

Մեկնաբանություններ (1)

david
Բանասերներին բանասերի ասած բան բառ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter