Հայաստանի առաջին անգամ կկիրառվեն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգեր
Այսօր տեղի է ունեցել հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգերի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Վիվա Սել» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վարկանիշավորման համակարգերի ներդրումը ԿԳՆ-ի և «ՎիվաՍել»-ի համատեղ ծրագիրն է:
«Համաշխարհային մակարդակով վարկանիշավորման համակարգերը փայլուն են աշխատում և խիստ արժանահավատ են. հաճախ ազգային կառավարությունները հիմք են ընդունում դրանք՝ ֆինանսական աջակցություն և տարկետում տրամադրելու համար: Վարկանիշավորման ազգային համակարգերը լրամշակվել են՝ աշխարհի լավագույն փորձը հաշվի առնելով»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ վարկանիշավորումը նպատակ ունի թափանցիկության և հաշվետվողականության, օբյեկտիվ հիմքերի վրա ցույց տալ կրթական համակարգի իրական պատկերը:
«Մյուս կողմից վարկանիշավորումը հնարավորություն է տալիս ախտորոշել առկա խնդիրները, թույլ կետերը և կարևոր հող ստեղծել պետական քաղաքականության գործիքների՝ առավել թիրախային և նպատակային օգտագործման համար. հիմնականում հանրակրթության ոլորտում հայտնաբերել դպրոցներ, որոնք լրացուցիչ աջակցության կարիք են զգում: Այսինքն, վարկանիշավորումը ոչ միայն դափնիներ շնորհելու, այլև ախտորոշիչ գործընթաց է»,- ասել է Արմեն Աշոտյանը:
«Վարկանիշավորումը Արևմուտքում կարևոր գործընթաց է, որն առաջին անգամ կկիրառվի նաև մեր երկրում: Այն խոշոր ընկերություններին թույլ կտա հասկանալ, թե իրականում ինչ մակարդակ է տիրում կրթության, հատկապես բարձրագույն կրթության ոլորտում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
2013 թ. իրականացվելիք փորձնական վարկանիշավորման պատասխանատու մարմինը կլինի կրթության և գիտության նախարարությունը՝ որպես մեթոդաբանության հեղինակ և քաղաքականության պատասխանատու:
«Տարվա ընթացքում լրամշակելով նախագիծը՝ նախարարության ձեռքը կպահենք գործընթացի զարկերակին: Արդեն 1-2 տարի հետո խնդիրը կարող ենք հանրային քննարկման դնել և թափանցիկ կերպով ընտրել ամենապրոֆեսիոնալ և ամենաարժանավատ այն կազմակերպությանը, որն ամենից շատ կվայելի հասարակության վստահություն»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերին՝ նա հավելել է, որ նախարարությունը փորձել է վարկանիշավորման ելքի վրա մարդկային գործոնի ռիսկը հասցնել նվազագույնի:
Բուհերի պարագայում հատկապես վարկանիշավորումը կխթանի մրցունակության բարձրացմանը:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգը (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, իսկ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգը (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ)՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել